ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՏ…

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Տարիների հետ բառերի մեծ մասը

սկսում է դառնալ ավելորդ:

Դա տխուր բան է, ինչպես, ասենք, մազերի ճերմակելը,

կամ հետզհետե ծանրացող ցավը՝ ողնաշարի երկայնքով:

Տարիների հետ անձրևը դադարում է

նոր միտք հուշել քեզ,

և այն, ինչ առաջ երաժշտություն էր –

վերածվում է հնչյունների միապաղաղ վերարտադրության:

Եվ ձմեռը, որի հետ հանդիպումը

ոչ մի ուրախություն չէր առաջացնում քո մեջ նախկինում,

հիմա թշնամի է ատելի,

որին տեսնելիս կուզենայիր փոխել ճանապարհդ,

բայց գիտես, և ինչ օգուտ այդ իմանալուց,

որ բոլոր ճանապարհների վերջում

առատ ձյուն է գալիս

անտանելի խոշոր փաթիլներով:

Սակայն ես գիտեմ, որ բառերն ինչ-որ տեղ կանգ են առնում

և հետո դանդաղ վերադառնում են ետ՝

ծնվելու` նոր ծնվողի հետ միասին:

Իսկ քեզ հետ,

հետզհետե ուժգնացող ձյան տակ,

կշարունակեն քայլել ընդամենը մի քանի բառ,

ընդամենը

մի քանի ու գլխահակ բառ,

որ պետք կգան վերջում,

երբ ժամանակը կգա կանգ առնելու

և հրաժեշտ տալու համար…