ՏԱՔ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Գիշերվա կեսին շենքը նորից արթնացավ

շների անտանելի վայնասունից.

անթաքույց տրվել էին սիրո վայելքին,

բնության հարազատ ու բոլորովին տկլոր զավակները,

մոռացած, որ ապրում են քաղաքակիրթ մարդկանց

շրջապատում, որոնք տասնամյակներ առաջ,

երբ գազը դեռևս էժան էր և էլ. էներգիան էր դեռևս էժան,

եռացրած ջուր էին շփում վերևից անխնա

սիրատենչ շներին քշելու համար, իսկ հետո,

երբ այդ ամենը կտրուկ թանկացավ,

սկսեցին պարզապես սառը ջուր լցնել, իսկ հիմա,

երբ ջուրն էլ է շեշտակի թանկացել –

հայհոյանքների տարափ են տեղում վերևից,

առատորեն օգտվելով մեր բառ ու բանից մայրենի –

միակը, որ գնալով էժանանում է

                        այս համատարած թանկության մեջ,

և շուտով գուցեև դառնա բոլորովին ձրի,

անտանելի վայնասունի պես անտեր շների: