ՏԽՐՈՒԹՅԱՄԲ Է ԱՎԱՐՏՎՈՒՄ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Տխրությամբ է ավարտվում ամեն մի տխրություն,

և եթե ծնվել ես փողոցում –

հենց այնտեղ էլ կլինի վերջաբանը կյանքիդ:

Հիմա հնարավոր է ամեն ինչ, նույնիսկ

օրացույցն են փոխում

և փետրվարը կարող է 35 օր ունենալ

և մարդիկ կարող են դառնալ եռոտանի,

որ հեշտությամբ քայլեն սառցակալած մայթերին,

և, ի՞նչ իմանաս, ինձ էլ գուցե թե երկու սիրտ տրվի,

մեկը սովորական, գորշ օրերի համար,

մյուսն էլ, որ պայթի հրճվանք-հուզմունքից,

երբ տարիներ անց

հանկարծ քեզ տեսնեմ փողոցն անցնելիս,

քաղաքում, որտեղ

տխրությամբ է ավարտվում ամեն մի տխրություն

և կորցրածդ երբեք չես գտնում

ոչ մի փողոցում…