ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ՀԻՄԱ ԴՈՒ ՉԿԱՍ…

Պոեզիա > ԵՐԳԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ

Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս` գարուն է

և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով,

քաղաքում, որտեղ դու չկաս,

չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,

և խմբերով աղջիկներ են անցնում

գույնզգույն շորեր հագած`

ոչ մի փոփոխություն

չնկատելով…

Իսկ նվագախումբը դուրս է ցայտում

ամենաանսպասելի անկյուններից

իր ետևից տանելով

ցնծությունից խելակորույս երեխաների

հրոսակախումբը`

 ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:

Ի՜նչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռու է,

և ինչ բավականություն` պատկերացնել այն,

ինչը չես տեսնում…

Բայց ամենահեշտը քեզ  մոտ տխրությունն է ստացվում,

Օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:

Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն

և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,

և հայացքդ թափառեց փողոցներով,

մարդկանց մեջ,

սրճարաններում,

և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`

ոչ մի փոփոխություն չնկատելով:

Իսկ  նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,

իր հետևից տանելով

ցնծությունից ոչինչ չնկատող երեխաների

հրոսակախումբը.

Ի՜նչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,

և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,

երբ ինքդ ես հեռվում: