ՕՐԱԳԻՐ

Պոեզիա > ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ

1. Հուսահատվելիս պարտադիր չէ ատամները սեղմելը

առավոտ – նշանակում է երազների կործանում,

երբ կախում ես ոտքերդ մահճակալից,

երբ շնչում ես ծանր ու անընդհատ,

և արևի ճառագայթը կանացի մերկ ոտքի նման

մտնում է լուսամուտից ներս,

և դու կարողանում ես տեսնել

սեղանիդ ցաքուցրիվ գրքերը՝

նշանակում է դու դեռ ապրում ես,

և քո դիմաց մի ամբողջ օր կա:

 

2. Եղեք չափազանց զգույշ և ուրախ լուր ստանալիս:

Ամուր սեղմում եմ ձեռքդ,- ինչ տաք է օրը,

շենքերը ստիպում են, որ ճիշտ մտածեմ,

և եթե հիշում ես ծննդյանդ թիվը՝

դա այն ժամանակ էր, երբ վերջացավ պատերազմը,

և եթե դու երբեք մարդ չես սպանել,

ապա իզուր են դեմքիդ դաժան գույները:

 

3. Եվ օրը այսպես գնում է առաջ:

Քեզ համար ո՞րն է կարևոր, ասա:

Կփակեմ աչքերս, ու դու չես լինի,

ես միշտ այդպես եմ վրեժս լուծում,

և կարծում եք, թե այն եմ, ինչ կա՞մ,-

ձեզ միշտ խաբել է օրվա կեզծ ռիթմը…

… Հրաժեշտ տվեք բոլոր կրքերին…

 

4. Սա իմ սեղանն է,

սրանք պատեր են,

լույսը կվառեմ, և դուք կտեսնեք

անկյունում դրված իմ մահճակալը:

Ես նստում եմ աթոռին

և առաստաղին եմ նայում երկար:

Իհարկե օրը այստեղ դեռ չի վերջացել,

և ես վերցնում եմ մաքուր թուղթը

և պատրաստվում եմ նամակ գրելու:

Ես գիտեմ ամեն ինչ,

բոլոր տողերը անգիր գիտեմ,

ինձ մնում է միայն թանաք ճարել,

և ես նման կլինեմ բոլոր նրանց,

ովքեր ոտքերի մատների վրա

գիշերային խավար փողոցներում

ուրիշների կորցրած երջանկությունն են որոնում…