ԳՈՎՔ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Այն, որ խորհրդային տարիներին գրականության և արվեստի, ինչու չէ, նաև գիտության բնագավառներում իշխող գույնը գորշն էր, իշխող խավը` գորշությունը, և լայնորեն դռները բացված էին միջակության առաջ, շատ է գրվել, խոսվել, նշվել են պատճառները: Եվ փաստը, որ երբեմն-երբեմն մինասներ ու սևակներ են փայլատակել, պիտի դասել բացառությունների շարքը, օրինաչափությունը ողբերգական ավարտն էր… Չուզենալով շատ խորանալ այս կնճռոտ խնդրի մեջ` ասեմ միայն, որ վերը նշածս ոչ այնքան պատվաբեր երևույթի պատճառները հիմնականում կապում էին (ինչ մեղքս թաքցնեմ, ինքս էլ եմ կապել) միակուսակցական, բռնապետական հասարակարգի հետ. հարազատ կուսակցությունը բոլոր ասպարեզների համար վաղուց ի վեր նշել էր «առաջընթացի ուղին», և մեզ մնում էր կենսախինդ երգը շուրթերիս, կուռ ու խանդավառ շարքերով ընթանալ այդ ուղիով:

   Կասկածները, որ այս ամենն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, իմ մեջ կային դեռ վաղուց, սակայն վերջին տարիներին դարձան առավել հիմնավոր: Ինչ խոսք, հասարակական կացութաձևն այս հարցում կարևոր դեր է խաղում, բայց պակաս վճռորոշ չեն այն արմատները, որոնք դարերի խորքն են գնում: Եվ ես, որ միշտ համոզված եմ եղել, որ գորշության, միջակության նկատմամբ համազգային գորովանքն ու սերը և նույնչափ, թերևս մի քիչ ավելի, ատելությունն ու անհանդուրժողականությունը նոր երևույթների, վառ գույների ու դրանց ջատագով տաղանդավոր մարդկանց նկատմամբ մեր գրեթե հազարամյա անտերության, անպետականության հետևանք են, հիմա արդեն նույնքան համոզված եմ, որ մեր ազգային նկարագրին բնորոշ այդ գծերն են եղել հիմնական պատճառը, որ մենք կորցրել ենք թե՛ երկիր և թե՛ պետություն…

   Իսկ ինչ մնում է մյուս պատճառներին` երաշտին, կարկուտին, երկրաշարժին ու հատկապես վատ հարևաններին, ապա, եթե ինչ-որ մեկը ցույց տա ինձ երկու և ավելի հարևան երկրներ, որոնք ապրել են մշտական բարեկամության, հաշտ ու խաղաղ, երջանիկ կյանքով և երբևէ չեն պատերազմել իրար դեմ, սիրով ետ կվերցնեմ խոսքերս…

   Սակայն կենտրոնանանք գրականության վրա:

   Երկար տարիներ մասնակցելով, երբեմն էլ ուշի ուշով հետևելով մեր հանրապետության գրական ընթացի զարգացումներին, ուսումնասիրելով այդ ընթացի օրինաչափությունները` եկել եմ մի տարօրինակ հետևության, այն է` գրողի անուն  վաստակելու համար ստեղծագործելը, թեև ցանկալի, բայց և ամենևին էլ պարտադիր պայման չէ… Ինչ խոսք, գրքեր հրատարակվում են (շնորհակալություն պետությանն ու հովանավորներին, նրանք չէ, որ պիտի պատասխան տան այդ գրքերի  որակի համար), այո, գրքեր հրատարակվում են, այն էլ` խելքից-մտքից դուրս առատությամբ, դրանցից շատերն արժանանում են բարձրագոչ գնահատականներով լեցուն գրախոսականների հանրապետության բազմաշերտ մամուլում` այդ թվում նաև գրական:  Սակայն այդ գրքերի մեծ մասը և դեռ ավելին, չի տեղավորվում ստեղծագործության` գոնե իմ պատկերացման սահմաններում:  Ասել է թե` կոպտորեն սխալված կլինեինք, եթե այդ գրքերը «ստեղծագործության արգասիք» կոչեինք, իսկ հեղինակներին` ստեղծագործող:  Ուրեմն ի՞նչն է ստիպում այս մարդկանց հոգևոր և ֆիզիկական տառապանքների, ֆինանսական զրկանքների գնով լույս աշխարհ հանել այս չգիտեմ ինչերը… Խորհրդային տարիներին հասկանալի էր` հոնորարի հեռանկար կար, իսկ հիմա՞ … Չեմ կարող հավատալ, թե իբր այդ տառապանքներն ու զրկանքները փոխհատուցվում են  գրելուն ուղեկցող ստեղծագործական վայելքի թանկարժեք զգացումներով: Այդ վայելքը, իմ խորին համոզմամբ, բնորոշ է իսկապես տաղանդավոր ստեղծագործողներին, որոնց թիվը մեր գրական կազմակերպությունում բոլոր ժանրերի գծով` այդ թվում գրականագիտություն-գրաքննադատությունն ու թարգմանությունը ներառյալ, ամենաբարեհոգի, ամենամեղմ մոտեցման դեպքում անգամ, չի անցնի երեք-չորս տասնյակի սահմանը: Ի դեպ, այս կարծիքը կիսում են նաև մեր առաջատար գրողներից ու գրականագետներից շատերը, ովքեր զարմանքով արձանագրում են նաև այն անուրանալի փաստը, որ ընթերցողների շարքերի աղետալի ցանցառացմանը զուգընթաց, նույնքան` թերևս առավել աղետալի արագությամբ ստվարանում է գրողների շարքերը համալրել ցանկացողների բազմությունը:

   Այո, անզեն աչքով անգամ նկատելի է, որ ընթերցող հասարակայնությունն անկախացման հենց հաջորդ օրն իսկ դեպի առևտուր ու քաղաքականություն շրջեց դեմքը, ինչի հետևանքով, կամա թե ակամա, դեպի գրականություն շրջվեց նրա թիկունքն ու ավելի ներքև տարածվող մարմնամասը…

   Վերադառնալով գրողների շարքերի ստվարացման խնդրին` նշենք, որ ընդունելության «գործընթացը» ՀԳՄ ղեկավարության ամենածանր գլխացավանքներից մեկն է, որից սիրով կազատվեր… բայց չի ազատվում: Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ այս էլ քանի տասնամյակ է, ինչ, թեև ի հեճուկս  գրողների անմահության մասին պտտվող լուրերի,  ամեն տարի շուրջ 20-25 գրող է մահանում, իսկ գրողների միության անդամների թիվը ոչ միայն 350-ից ներքև չի իջնում, այլև ընդհակառակը, անշեղորեն վեր բարձրանալու միտումներ է դրսևորում: Ո՞ւմ է ձեռնտու այս անհեթեթ, խիստ վնասակար հաշվապահությունը:

   Դարձյալ վերադառնալով խորհրդային տարիներին` կարելի է հասկանալ այն ժամանակվա  ՀԳՄ ղեկավարության` հարազատ կազմակերպությունն ամեն գնով ուռճացնելու ձգտումը,- լիովին պետական ֆինանսավորմամբ  գոյատևող ՀԳՄ-ն ինչքան մեծ կոլեկտիվ ունենար, այնքան, ըստ այն հասարակարգի բյուջետային միջոցների բաշխման չափորոշիչների, մեծ կլիներ պետությունից ստացվող ֆինանսական ներհոսքը, և այնքան եռանդուն ու աշխույժ կլիներ, այսպես կոչված, գրական կյանքը, որի աշխուժացման մեջ հատկապես մեծ դեր ունեին (հիմա էլ ունեն) թաղումները… Եվ մեր ժողովուրդը, որի խելքն իրենը չէ մեռել թաղելու համար և մեծ դժկամությամբ է հրաժարվել մեռելն առած քաղաքի մեծ ու փոքր փողոցներով ֆռֆռացնելու սովորությունից, ահա մեր այս ժողովուրդը` բացարձակապես անտարբեր դեռևս ողջ գրողի որպիսության-ինչպիսիության  նկատմամբ, անսահման խանդաղատանքով է լցվում նրան մեռած տեսնելիս: Եվ եթե ստվար բազմություն ես տեսնում ՀԳՄ շենքի առջև և աշխույժ եռուզեռ նրա միջանցքներում, ուրեմն հաստատ իմացիր, որ ոչ թե գրքի քննարկում է կամ գրական այլ միջոցառում, այլ պարզապես, գրող է մահացել…

   Այսպես էր խորհրդային տարիներին: Հիմա պատկերը փոխվել է` ժողովրդին ոչ կենդանի գրողն է հետաքրքրում և ոչ էլ մեռածը:  Նրան հետաքրքրում է, թե եղբայրական Ռուսաստանից ինչ նոր խումբ է եկել` «Ռուկի վե՞րխը», թե՞ «Տրուսի վնիզը», որպեսզի գրքերի վրա խնայած փողերով երեխեքին տանի համերգ` աչք ու երեսները բացեն, որ վզները ծուռ չմնան և այլն…

   Այո, հասկանալի էր խորհրդային տարիներին ՀԳՄ անդամների թիվը մեծացնելու ձգտումը. զուգընթաց բազմապատկվում էին հանգստյան և ստեղծագործական տների ուղեգրերի, արտասահմանյան գործուղումների, հաստիքների ու ղեկավար աշխատակազմի, սպասարկող ավտոմեքենաների, կահույքի, բնակարանների, հողամասերի քանակն ու ծավալը…

   Այդ ամենը վաղուց չկա, իսկ ՀԳՄ անդամների և անդամ դառնալ ցանկացողների թիվը շարունակում է զարմանալիորեն աճել: Ցավալին այն է, որ ՀԳՄ ներկա ղեկավարության և մասնավորապես Լ. Անանյանի եռանդուն աշխատանքի, մեծ ջանք ու ճիգի գնով հայթայթված միջոցները փոշիանում են` ահռելի կազմակերպության  հոգսերի ու կարիքների վրա մասնատվելով, մինչդեռ, արդյունքը բոլորովին այլ կլիներ, եթե ՀԳՄ-ն մնար իսկապես տաղանդավոր ստեղծագործողների իրական թվի սահմաններում:

   Սակայն, թող որևէ մեկի մտքով չանցնի, թե ՀԳՄ ղեկավարությանը կոչ եմ անում, հետևելով մեր երկրի կրթության ու առողջապահության ասպարեզներում ծայր  առած օպտիմալացումներին, նույնանման գործընթաց ծավալել  ՀԳ միությունում: Ամենևին: Որովհետև գիտեմ, թե ինչ ողբերգական վերջաբան կունենա այդ գրական օպտիմալացումը: Չէ՞ որ ՀԳՄ ղեկավարությունն օպտիմալացման ենթակա գրողների ցուցակը կազմելիս պիտի հենվի, ինչպես մի առիթով արդեն ասել ենք, մեր գրականագետների և գրաքննադատների կարծիքների վրա: Եվ դժվար չէ հասկանալ, որ արդյունքում, հենց իմ ասած իսկապես տաղանդավոր գրողները կգլխավորեն օպտիմալացումից տուժածների ցուցակը…

   Այս համոզմանը գալու համար, ինչ խոսք, կարելի է գնալ և դարերի խորքը, վկայակոչել մեր ժողովրդի «համընդհանուր սիրո և ուշադրության շնորհիվ» մեծապատիվ մուրացկանների վերածված, սովից ու թոքախտից մեռած մեր գրողների` դառնությամբ լցված կենսագրությունները, հասնել մինչև Չարենց, Բակունց ու Թոթովենց, որոնց գերեզմանների տեղն անգամ չգիտենք, որ ծաղիկներ դնենք նրանց ծննդյան օրերին (մահվանը չէ, որովհետև հայտնի էլ չէ, թե նրանց ե՞րբ են սպանել): Եվ կարելի է պարզապես մասնակցել այն շնորհանդեսներին, որոնց` չարիքի վերածված վտանգավորությունը, ամենայն հավանականությամբ, չեն գիտակցում բոլոր այն տիտղոսավոր ու մեծանուն հռետորները, որոնք գետնին են հավասարեցնում, ոտքի տակ են տալիս առանց այդ էլ գետնատարած գրական չափանիշները` նախ բեմերից և ապա բանկետների սեղանի շուրջ` լրագրողների թեթև ձեռքով ի լուր համայն հայոց աշխարհի հայտարարելով, որ վերջապես ծնվել է նա (խոսքն այդ օրվա հերոսին է վերաբերում), ով արժանիորեն կանգնելու է Նարեկացու, Չարենցի, Վարուժանի կողքին և նույնիսկ մի քայլ առաջ…

   Միջակությունների բարգավաճմանը նպաստող բազում այլ պատճառներ կան, որոնք, ինչպես տեսնում եք, անփոփոխ են մնում անգամ հասարակարգային կտրուկ փոփոխություններից հետո, և որոնց մասին խոսելիս, ցավոք, յոլա ենք գնալու առանց Օրտեգա-ի-Գասետի, Ռոլան Բարթի, Բախտինի և մեր իսկ սեփական հեղինակությունների օգնության, որոնք ևս, խոսքը մեր գրականագետներին է վերաբերում, բացառված չէ, նույն այն ատելության ու նախանձի զոհերն են, որոնք դարեր շարունակ կուտակվել են մեր ժողովրդի մեջ, և արտահայտվում են մասնատվելով, առանձին, իրարամերժ կուսակցությունների ու խմբերի վերածվելով,  մահու և կենաց պայքար մղելով իրար դեմ: Այո, հատկապես ատելության… երբ նույնիսկ, մի հեղինակի ցուցադրաբար սիրաշահում ու պատվում են, մյուսների նկատմամբ ատելությունն ընդգծելու համար, չարաբաստիկ մի զգացմունք, որը չգիտես թե որերորդ դարից կպել է մեզ ու պոկ չի գալիս` չթողնելով, որ համախմբվենք մի հողակտորի վրա, համերաշխ ապրենք և ժամանակին գնահատենք մեր ունեցած, ստեղծած արժեքները, չմեղադրենք օտարներին, որ մեր մեծերին չեն ճանաչում, այն դեպքում, մենք ինքներս մեր ամենամեծ մեծությանը` Գրիգոր Նարեկացուն, փորձում ենք քաղցր խոսքեր ասել… 1000 տարի ուշացումով:

«Գրական թերթ», 2004, 24 մայիսի

[sharify]