ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՑ ՉԵՔ ՎԱԽԵՆՈՒՄ – ԱՍՏԾՈ ՊԱՏԺԻՑ ՎԱԽԵՑԵՔ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Նախ, ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես է եկամուտների մի զգալի մաս դուրս մնում հարկային դաշտից և չի մտնում պետական բյուջե, և թե ինչու հարկային ու մաքսային մարմինները չեն կարողանում պայքարել դրա դեմ: Կպատկերեմ ընդամենը մի դրվագ` մյուսները` առավել կարևորները թողնելով հետագային: Ահա, ենթադրենք, Ռուսաստանից Հայաստան է ժամանում պետական գործիչների, բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականության, գործարար շրջանակների և նրանց կանանց ու սիրուհիների մի բազմամբոխ պատվիրակություն, որը դեռևս խորհրդային տարիներից վարժվել է, որ հենց օդանավակայանից իջնելուն պես հայ տանտերերը պարտավոր են մինչև տրաքվելու աստիճան նրանց կերցնել-խմցնել ամեն օր, ներառյալ գործուղման վերջին օրը, իսկ հետո տրաքվելու աստիճան կերած-խմած վիճակում ճանապարհել նրանց` ինքնաթիռը բերնեբերան բեռնելով թանկարժեք նվերներով,  հայոց հողի բարիքներով, մի խոսքով`  վասալի պարտադրված կարգավիճակ` իր բոլոր ենթաբաժիններով ու մանրամասներով: Ո՞ւմ հաշվին են այդ կերուխումները, տաշի-տուշիները, նվերները, արկղներով կոնյակները, ադամանդակուռ մատանիները և այլն… Եթե կարծում եք` պետական բյուջեն համապատասխան գումարներ է նախատեսել նմանօրինակ «միջոցառումների» համար, խորապես սխալվում եք: Ինչ խոսք, տանելի, քաղաքակիրթ մակարդակով  հյուրեր ընդունելու նպատակով թե՛ խորհրդային տարիներին և թե՛ հիմա պետությունն ինչ-ինչ գումարներ բյուջեում առանձին տողով նախատեսել է: Սակայն իրական ծախսվածի համեմատությամբ դրանք… դե, պարզապես համեմատել չի կարելի, մանավանդ որ այդ նախատեսված գումարներն էլ դուրս են գրվում, իբր թե ծառայել են իրենց նպատակին, և մեծ հաջողությամբ յուրացվում են պետական պաշտոնյաների կողմից` կատարված պարտքի բարձր գիտակցությամբ: Կարճ ասած, իրական ծախս տեսնողներն ու հաշիվ փակողները խորհրդային տարիներին հիմնականում շինվարչություններն էին, ուր թալանն ու զեղծարարություններն աննախադեպ ծավալների էին հասել, իսկ ներկայումս,  այսպես կոչված, գործարար շրջանակները… Երկու դեպքում էլ հաշիվ փակողներն իրենց ծախսերը, հազարապատիկ դարձրած, ժողովրդի քթից են հանում թե՛ անցյալում և թե՛ հիմա: Բնական է, որ խորհրդային տարիներին այս «գործընթացի» հետևանքով կուսակցական և վերահսկիչ մարմիններն աչք էին փակում կիսատ-պռատ կառուցվող շենքերի վրա, որոնց համար նախատեսված ցեմենտի, արմատուրայի մեծ մասը վաճառվում էր նախքան շինարարության սկսվելը:

   Չեմ ուզում երկար կանգ առնել  այդ շրջանի վրա, ինչի մասին շատ է գրվել, խոսվել`  հատկապես կապված երկրաշարժի ծանր հետևանքների հետ, բայց կբերեմ ընդամենը մի օրինակ, որը երբևէ չի ջնջվելու իմ հիշողությունից… Երկրաշարժից շատ ժամանակ չէր անցել. լենինականյան այցելություններիցս մեկի ժամանակ, երբ ավերված փողոցներով շրջում էի գյումրեցի ընկերներիս հետ, ուշադրությունս հանկարծ գրավեց մի ոչ այնքան տարեց, բայց լիովին ճերմակած, խառնիխուռն մազերով տղամարդ, որը, ինքն իր հետ բարձրաձայն խոսելով, ձեռքերը թափահարելով, արագ-արագ քայլերով անցավ մեր կողքով…

   -Էս ո՞վ է,-  տխուր զարմանքով հարցրի ես :

   -Ո՞նց, չգիտե՞ս,- իրենց հերթին զարմացան ընկերներս,- պրարաբ Գևորն է, իններորդ դասարանցի աղջիկը` մի գեղեցկուհի, աննման երեխա, ճզմվեց հոր «կառուցած» դպրոցի փլատակների տակ… Թքած-կպցրած շենք էր, ցեմենտ-մեմենտը Գևորը լրիվ ծախել էր… Մարդը հասկացավ, որ ինքն է իր երեխային սպանել, հասկացավ ու ցնորվեց… Ատծո պատիժ էր… Հիմա էսպես առավոտից-իրիկուն իրան-իրան խոսելով քարշ կուգա փողոցներով…

   Խոսելով նորօրյա հաշիվ փակողների մասին` հիշենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՊՀ երկրներից Հայաստան ժամանած դիտորդական ահռելի պատվիրակությունը` մի ռուս բոյարի գլխավորությամբ: Ովքե՞ր էին նրանց քեֆ-ուրախությունների հաշիվների փակողները… հենց նրանք, ովքեր ընտրությունների հենց հաջորդ օրն իսկ թանկացրին հաց ու բենզինից սկսած մինչև մոմի ու խնկի գները, ովքեր շուտով էլեկտրաէներգիայի, գազի գներն են թանկացնելու: Առավելագույնս մի չորս-հինգ հազար դոլար ծախսելով (կառավարության հանձնարարությամբ) նմանօրինակ պատվիրակությունների բանկետա-նվերային հարցերը լուծելու վրա` վերոհիշյալ գործարարներն իշխանությունների հասկանալի թողտվությամբ հարյուր հազարներից անցնող զեղծարարություններ են անում, և գների բարձրացումն այդ օրինախախտումների այսբերգի ընդամենը երևացող մասն է…

   Կառավարությանը մնում է այդ թանկացումներն արդարացնել Ասեղի հրվանդանում մախաթի գների թանկացումով, ինչը, ինչպես հայտնի է, չէր կարող ինֆլյացիոն գործընթացներ չառաջացնել մեր հանրապետության ֆինանսատնտեսական մթնոլորտում:

   Եվ արդյո՞ք այսօրինակ գինարբուք-բանկետների ընթացքում ինչ-որ մի հաշիվ փակող չի շշնջացել համապատասխան պաշտոնյայի ականջին դպրոցների օպտիմալացման ծրագիրը` աչք ունենալով ժողովրդի վերջին ունեցվածքի` դպրոցական շենքերի վրա` ի պատասխան իր կատարած ծախսերի: Ամենևին խղճի խայթոցներ չզգալով, որ այդ «բեղմնավոր» ծրագրի հետևանքով դասարանները, ինչպես երթուղային տաքսիները պիկ ժամերին, բերնեբերան կլցվեն երեխաներով: Եվ ի՞նչ ուսման մասին կարելի է խոսել, եթե նրանց միայն պարտադիր ներկա-բացակայի վրա կծախսվի դասաժամի կեսը, իսկ քսան հազար ուսուցիչ կհայտնվի  փողոցում` զրկվելով իր գոյության վերջին հնարավորությունից, համալրելով աշխարհի չորս ծագերում ստորացուցիչ ու տաժանակիր աշխատանքով մի քանի գրոշ վաստակելու հույսով տարագրության դիմած գաղթականների առանց այդ էլ ստվար շարքերը: Գաղթականներ, որոնք, կարոտից տապակվելով, հեռվից են անիծում իշխանություններին, իսկ նրանց երեխաները, որ մեծանում են որբության կնիքը ճակատներին, ներսից…

   Եվ այս գաղթականության հեղինակները, որ ամենևին վախ չունեն իրավապահներից, թող հիշեն, որ թշվառության սահմանն անցած հազար-հազարավոր մարդկանց անեծքն ու արցունքն է խառնված այն գինարբուքներին, որոնց արանքում ընկած կարճ ընդմիջումներին նրանք հանկարծ հիշում են իրենց հարազատ ժողովրդին: Այո, պատմությունը վկայում է, որ ի տարբերություն իրավապահ մարմինների` հնարավոր չէ Աստծոն կաշառել և խուսափել նրա պատժից: Եվ երբ ժամանակներ անց փողոցում ձեր կողքով արագ ու ջղաձիգ քայլերով անցնի ինչ-որ մեկը` ձեռքերը թափահարելով ու բարձրաձայն խոսելով ինքն իր հետ, կանգ առեք մի պահ, ուշադիր նայեք նրա դեմքին, որն ինչքան էլ փոխված լինի, ինչքան էլ աղավաղված, միևնույն է, անպայման կճանաչեք, կհիշեք զարմանքով:

   Եվ կարձանագրեք` Աստծո պատիժ է…

   Եվ կմոռանաք:

«Գրական  թերթ», 2003, 18 հուլիսի

[sharify]