ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ (ՊՈԵՄ)

Պոեզիա > ԱՆՁՐԵՎ ՄԻ ՏԽՈՒՐ ԱՌԻԹՈՎ

 

(Պոեմ՝ տարբեր տարիներին գրված բանաստեղծություններով)

 

  1. ՀԻՆ ԳՈՐԳ

Եվ մատդ նորից նախշի վրայով սահում է կամաց –

սկզբում աղոտ,

հետո պարզորոշ ինչ-որ ձայներ են հասնում շատ հեռվից՝

վայրի աղմուկով գնում-գալիս էր պատուհանիդ տակ

ավտոմեքենան,

նախ մեկն էր, հետո դարձան մի քանի, հետո շատացան,

և փողոցային շների կյանքը թևակոխեց նոր,

հիրավի ծանր, դժվարին էտապ,

որի նմանը չէր տեսել բնավ

անցյալ օրերի ոչ մի անտեր շուն:

Փողոցի շներ` մերկ ու անոթի,

իմ ժամացույցներ փոշոտ մանկության,

ձեր աղեկտուր կլանչոցն ահա հասավ ականջիս,

ասել է` ժամը յոթն է, և տանից

արդեն ելել է ժեշտանչի Վաղոն,

գործի է գնում, անտրամադիր քացահարելով

ճամփին պատահած քնատ շներին,

որոնք այնպես էին վարժվել արդեն սապոգին նրա`

էլ չէին շարժվում պառկած տեղերից`

պատերի տակից,

ուր մանր դողով սեղմված իրար

անցկացրել էին չարքաշ, անոթի ևս մի գիշեր:

Հետո վայնասուն մի անտանելի` ժամը ութն եղավ,

վարսավիրները անցան փողոցով,

և խիստ գործնական, վարժ շարժումներով`

փորձելով ձեր պոչ-ականջի վրա

սրությունն իրենց մկրատ-ածելու:

Եվ մատդ նորից նախշի վրայով սահում է կամաց –

և շունչդ պահած սպասում ես լուռ`

կողքի սենյակից

ուր որ է մայրդ կկանչի հիմա – վեր կաց,

այ տղա, ուշ է, ժամը տասն եղավ,

և ի հաստատումն մորդ խոսքերի`

հայհոյանք, հաչոց խառնվեցին իրար`

մսագործ Ավոն,

բնույթով բարի, բայց տեսքը դաժան,

բոլորի կողմից չսիրված, նաև շների կողմից,

և կրկնվում էր նույն պատմությունը ամեն առավոտ`

ճիշտ ժամը տասին –

մսի հոտ առած շներն հաչում էին,

և հայհոյում էր Ավոն կատաղի,

շներից քիչ-քիչ անցում անելով

նախ կնոջն, ապա` զոքանչին,

հետո հարևաններին, հետո` ընդհանուր,

հետո մարում էին աղմուկ ու քայլեր,

և մատդ նորից նախշի վրայով սահում է կամաց,

ինչ որ քաղաքի,

ինչ որ մի բակում հին գորգ է կախված,

և մի ջահել կին

երեխան գրկին, բարի հայացքով նայում էր, լռում,

գուցե հասկացավ, որ տարիները գնում են արագ,

և տարիքն առած օտարականն այս,

ի՞նչ իմանաս, թե ինչեր է հիշել

այս հին գորգի դեմ,

որ խոնավացան աչքերը, նույնիսկ արցունք հայտնվեց`

նախ մեկը, հետո

դարձան մի քանի,

հետո շատացան…

 

2. ԵՐԵԽԱՆ,  ՈՐ  ԱՐԹՆԱՑԵԼ Ու  ԼԱԼԻՍ  ԷՐ

Մարմանդ անձրև էր մաղում

Բոշի թաղում, և օրը երեքշաբթի էր:

Գորշ մութուլուսի միջով

գալիս ու տեղ չէր հասնում

Յոթվերքի ղողանջը հեռավոր,

գալիս էր ու խառնվում

արթնացած երեխայի լացին,

դարպասների ճռնչոցին ու հազին տղամարդկանց,

որ ծանր քայլերով ելնում էին տներից

ու հանդիսավոր,

դանդաղ մարում անձրևի մեջ միալար:

Իսկ երեխան լալիս էր, ու անձրևը չէր կտրվում:

Բոշի թաղում երեքշաբթի էր`

անթիվ, անժամանակ, անհույս:

Մի պառավ պիտի մեռներ`

ծոռներով, թոռներով շրջապատված,

և իր գործն իմացող տան շունը

վայում էր բարեխղճորեն,

վայում էր առանց հաճույքի`

հալից ընկել էր արդեն…

Շաբաթից ավելի էր`

պառավը մեռնում էր ու չէր մեռնում,

և շունը վայում էր ու անձրևը չէր կտրվում:

 

իսկ երեխան լալիս էր, ու պառավը չէր մեռնում –

իր մեծ որդուն էր սպասում, որին հեռագիր էին տվել

հեռավոր մի քաղաք, մի քանի օրվա ճանապարհով,

որտեղ հիմա ձյուն է գալիս

և գորշ մութուլուսի միջով

գնում-տեղ չի հասնում

Յոթվերքի ղողանջը մեռավոր,

լացը երեխայի,

դարպասների ճռնչոցն ու հազը տղամարդկանց…

…Եվ օրերը, որ անձրևի նման մաղում են միալար,

անվերջ շարանը երեքշաբթիների,

և կյանքը, որ անցնում է գորշ մութուլուսի միջով,

և ծերունին, որ անցնում է ծանր հազալով,

ծերունին – երեխան, հիշո՞ւմ ես, որ արթնացել ու լալիս էր

Բոշի թաղում,

երբ օրը երեքշաբթի էր

և մարմանդ անձրև էր մաղում…

 

3. ԻՍԿ ԵՐԲ ՁՅՈՒՆ ԵԿԱՎ

Իմաստուն խոսելու կարոտը քեզ խոցեց  անվերադարձ,

և դու քայլեցիր կռացած:

Գավառական փոքրիկ քաղաքը

քեզ ոչինչ չսովորեցրեց,

նա իր թարմ կաթն էր մատուցում ճշտապահորեն՝

առավոտյան և երեկոյան:

Իսկ երբ ձյուն եկավ,

դու բոլորովին սենտիմենտալ դարձար:

Դեռ մանկուց թեքում կար քո մեջ

անբացատրելի տխրությունների,

թախծի սահուն ելևէջների

և անկյունային գոյության հրաշքների նկատմամբ:

Իսկ երբ ձյուն եկավ,

դու ուզեցիր հիշել անցյալդ

գոնե մի ծխախոտի համար,

գոնե մի քիչ երազելու համար,

այդ ամենը դու ուզեցիր՝

հենց երբ ձյուն եկավ:

Գավառական փոքրիկ քաղաքը

ծաղկազարդ սոնետի է նման,

իզուր բաների համար այնտեղ երկար չեն ծափահարում,

այլ ժպտում ենքթի տակ

և թատրոն են գնում հսկայական ընտանիքներով:

Եվ գրավաճառը հին շլյապան գլխին ուղիղ դրած

հրավիրում է քեզ խոսելու դեսից-դենից:

Իսկ դու լուռ սեղմում ես նրա ձեռքը,

կորած հիացմունքով

համեմատում իջնող ձյունը կաթի հետ

և հրաշքով փրկվելով դրավաճառի կենսուրախությունից,

նետվում ես փողոց

և քայլում ծաղկազարդ սոնետի տողերի երկայնքով:

 

4. ՇՐՋԱՆԱԿ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ

Փայտյա հասարակ շրջանակի մեջ պարզ երևում է

հայացքդ մարած,

գլուխդ թեքած աջ ուսիդ վրա,

ցանցառ մորուքդ արդեն ճերմակող,

մագաղաթագույն դեմքդ անլվա:

Խելառ Սարգի՜սը, Խելառ Սարգի՜սը – և ոտաբոբիկ

երեխաների բազմությունն ահա

ճիչ ու աղմուկով

վազեց փողոցով –

սակայն տխուր է հայացքդ մարած,

ոչ ոք չգիտե` երրորդ գիշերն է, որ դու չես քնում,

երրորդ գիշերն է

սատկել է կատուդ` ընկերդ միակ

և գաղտագողի թաղել ես նրան

քաղաքային մեծ այգու անկյունում,

երրորդ գիշերն է,

որ դու ջրում ես գերեզմանն առատ,

փխրեցնում հողը,

մաքրում քարերից, մոլախոտերից,

և կողքին նստած սպասում ես լուռ,

թե արդյոք երբ է

դուրս գալու ծիլը քո կատվածառի…

Հուսով նայում էիր երկնքին խավար

և կրկնում էին շուրթերդ ակամա`

եթե գարունը անձրևոտ լինի,

եթե ամառը լինի արևոտ,

եթե աշունը բարեսիրտ լինի,

եթե ձմռանը առատ ձյուն տեղա…

Խելառ Սարգի՜սը, Խելառ Սարգի՜սը – և ոտաբոբիկ

երեխաների բազմությունն ահա սուրաց փողոցով…

և  գիշերն իջավ` երկու ձեռքերով հենվեց տաք հողին…

իսկ դու չես հոգնել,

թեև հայացքդ մարած է լրիվ,

նստել ես ինչ-որ դարպասի կողքի,

գլուխդ թեքած աջ ուսիդ վրա –

ու հանկարծ տեսար`

ինչ-որ տեղ մութը ավելի էր մութ,

և այդ մութի մեջ երկու կանաչ կետ,

լուսավոր կանաչ,

մերթ մոտենում էին ու մերթ հեռանում,

և քո մարմինը ձգվեց, վեր ելավ

և սրտապատառ վազում էիր արդեն

քաղաքային մեծ այգու ուղղությամբ

և հենց դռան մոտ քեզ դիմավորեց

Կապույտ Դանուբի ալիքն առաջին,

և թաքնվելով մթնում խտացած ստվերների մեջ,

առաջ գնացիր –

թփերի միջից երևում էին պարզ

վալսի ներդաշնակ տակտով զբոսնող

քայլքը զույգերի` ի՜նչ հրաշալի տեսարան էր դա,

այրեր պատվարժան –

և զինվորական նվագախմբի գործիքների պես

պսպղում էին մաքուր սափրված այտերը նրանց,

իսկ ճարմանդները, կոճակներն հապա…

Եվ տիկնայք փարթամ, լիքը կրծքերով,

ադամանդների, ոսկյա, արծաթյա գոտիների ու մատանիների,

ժանյակ-շղթայի, ապարանջանի, ականջօղերի

սահուն-շարժական ճոխ ցուցահանդես`

ի՜նչ հրաշալի տեսարան էր դա.

անցնում էին հպարտ տատեր-պապերի, աղջիկ-հարսների

և փեսաների իրար սեղմված շարքերն համերաշխ,

բոլորը խմբով, բոլորն ուս-ուսի,

միայն դու մենակ, ցանցառ մորուքով,

գլուխդ թեքած աջ ուսիդ վրա, մարած հայացքով

թփերի միջից նայում էիր նրանց,

և ձեռքդ ակամա

թաց գերեզմանն էր շոյում քո միակ,

մեռած ընկերոջ,

և կրկնում էին շուրթերդ ակամա.

եթե գարունը անձրևոտ լինի,

եթե ամառը լինի արևոտ,

եթե աշունը բարեսիրտ լինի,

եթե ձմռանը առատ ձյուն տեղա…

 

5. ԿԱՐՄԻՐ  ԱՐՅՈւՆԸ,  ՈՐ ՄԱՐՄԻՆ  ՉՈւՆԵՐ

Փողոցում դարձյալ գարուն է, բայց նոր են տերևները:

Եվ սև քարերով մի եկեղեցի,

որ անչափ հոգնել է ապրելուց,

և սև շալերի մեջ փաթաթված ծեր կանայք,

որ բոլորովին չեն ուզում մեռնել

և մի տարեց տղամարդ,

որ աղիողորմ լալիս է` այդ ի՞նչ պատահեց,

միայն մի վայրկյան,

ընդամենը մի վայրկյան

բաց թողեց մոր ձեռքը,

շրջվեց նայելու աղիողորմ ողբացող գառանը,

որն այնքան գեղեցիկ էր`

կարմիր ժապավենը ճակատին խաչ արած –

միայն մի վայրկյան բաց թողեց մոր ձեռքը

և ահա մնաց մենակ

սև շալերով փաթաթված ծեր կանանց բազմության մեջ,

որ անտարբեր նայում են

աղիողորմ արտասվող տարեց տղամարդուն

և խաչակնքում արագ-արագ`

տեր, փրկյա մեզ չարեն…

Եվ ի՜նչ արագությամբ մութն ընկավ,

և դու – դեմքդ արցունքների մեջ կորած,

քսվելով պատերին, մոլորված շրջում ես ճերմակ մոմերի մեջ

և խորհրդավոր փսփսոցների, անկյանք դիմակների

և ճերմակ ձեռքերի,

որ բռնած տանում են մոմերը վառվող…

Եվ այդ (ինչպե՞ս պատահեց), դու տեսար հանկարծ –

կարմիր ժապավենը ընկել էր հեռու,

կարմիր արյունը, որ մարմին չուներ,

զարմացած ու անմեղ աչքերը,

որ այլևս չեն փակվում,

և մարմինը,

որ գնում է առանց աղիողորմ ողբի, և ողբը,

որ պտտվում է եկեղեցուշուրջը,

մորդ ձեռից բռնած (միայն մի վայրկյան,

ընդամենը մի վայրկյան), և դու,

որ վազում ես նրանց ետևից,

և ոտքերդ խրվում են հողի մեջ,

և անցնող օրերը քաշում են շորերիցդ,

և անցնող տարիները,

որ քամու պես խփվում են դեմքիդ և հերթով

փակում աչքերը զարմացած ու անմեղ մոմերի…

 

6. ԱՌԱՋԻՆ  ՍԵՐԸ

Առաջին սերը, որը թաքնվում է ստվերների մեջ,

քաղաքում,

ուր ոչ ոք քեզ չի հիշում,

ուր ոչ ոք չի նայում քեզ,

բայց ասում են առանց նայելու –

տխուր է,

և ավելի է տխուր,

երբ շրջում ես հայացքդ

և  զըրընգ – զընգ

ղողանջում են քաղաքի բոլոր եկեղեցիները,

և պատերի տակ մորթվող ճերմակ աղավնիների հայացքում

արնաքամ է լինում առաջին սերդ,

որը թաքնվում է ստվերների մեջ,

փափուկ փետուրները քսելով

սև ու հարթ պատերի

կույր ու սգավոր աչքերին…

Իսկ նրանք չեն նայում քեզ,

բայց ասում են առանց նայելու –

իզուր է,

բայց ավելի է իզուր,

երբ շրջում ես հայացքդ

և գլխիվայր նետվում տարիների ջրհորի մեջ

և լացն ու հեկեկոցը

ծանր հոգոցի պես պոկվում են մարմնիցդ

և կնճիռներն են պոկվում մարմնիցդ,

և մանկությունդ լցվում է աչքերիցդ ներս

և սեղմում է սիրտդ… սեղմում է սիրտդ…

Եվ խեղդվողի պես զարմանքից ու հիացմունքից

բացում ես բերանդ ճչալու համար,

որովհետև տեսնում ես նրան… նրան…

խորքում, ամենահեռվում,

ամենավերջում,

ստվերների մեջ` ճերմակ աղավնին – սերը առաջին,

որը մեկիկ-մեկիկ պոկում է իր փափուկ փետուրները,

մեկիկ-մեկիկ բացում է իր արնածոր վերքերը,

և խեղդվողի պես

ցավից ու կսկիծից բացում ես բերանդ ճչալու համար

և… զըրընգ-զընգ

ղողանջում են քաղաքի բոլոր եկեղեցիները…

 

7. QUIDNAM  FUTURUM  EST?*

Գուցե մի օր կհիշեմ, թե ես

որտեղ եմ տեսել այս նկարը հին.

հարթ, սև մազերը գորշ գլխաշորով կոկիկ փաթաթված,

ձեռքերը խաչած կրծքերի վրա,

շարված էին կանայք

դարպասների դեմ և բաց աչքերով

անթարթ նայում էին իրար ու հեռու:

Օրվա ավարտն էր`

մթի գոլորշին ծորում էր կամաց

դուդուկի թանձր մեղեդու նման,

սևքար տների

պատերից փափուկ

և խտանալով նախ գետնի վրա,

քիչ-քիչ ելնում էր,

տարածվում վերև:

Օրվա ավարտն էր` վերադարձի ժամ,

և հեռվում, ահա, փողոցի ծայրից

լսվում են ծանր քայլերի ձայներ,

ապա, երևաց խումբը միաձույլ,

մեկ մարմին դարձած խումբը օրորվող,

հենված ուս-ուսի, իրարից կառչած,

ծալվող ոտները շարժելով մի կերպ,

լարված հայացքով ու կենտրոնացած,

փաթ ընկնող լեզու,

շշուկներ խեղդված՝ Հակոբին պահեք…ուստեն վատացավ…

դրոշակները

պինդ բռնեք, տղերք…

Եվ դրոշները` Ենովքը, ահա,

գայթակղության միրգը ճզմելիս,

և ծխի նման դուրս է սողոսկում

դալուկ սատանան…

Էլի դրոշներ, պատկերներ էլի`

Դավիթ Մարգարե, Հովսեփ ու Աբել…

…Տուն էին դառնում հաղթության դաշտից

հռովմեական զորավարները,

և Տիգրան Մեծի հզոր բանակն էր

հեռու-հեռավոր անապատների փոշին ուսերին`

հաղթած ու հոգնած

վերադառնում ետ` հողը հայրենի:

Եվ փարավոնը` աջ ձեռքը պարզած,

ուղիղ-ձիգ կանգնած իր մարտակառքում

փոշու ամպերը երկինք հանելով

սուրում` ցնծության

ճիչ ու աղմուկին անհաղորդ, հպարտ,

և ծնծղաների, շեփորի զվարթ կանչերի միջով,

հետո ծաղիկներ, նվագ,

երգ ու պար և գինու հեղեղ:

Հանուն Սուրբ Կույսի մարտի դուրս ելած

երկաթակուռ ու հպարտ ասպետն էր զինված գլխովին,

գունատ ժպիտով արշավում դանդաղ`

հրեշտակներ էին թևածում օդում

և արևն ինչպես ոսկեզօծ պսակ,

նշան հաղթության

շողշողում նրա գլխավերևում…

Միգուցե մի օր կհիշեմ, թե ես

որտեղ եմ տեսել այս նկարը հին`

չկային ծնծղաներ

ու արև չկար, չկային ծաղիկներ,

և օրորվելով խումբն էր մոտենում,

և խմբից, ահա, զատվեց մի մարմին` ձեռքին դրոշակ,

կանգնեց մի վայրկյան ու հետո փլվեց

իր դարպասի

և ձեռքերը կրծքին խաչած իր կնոջ ոտների առաջ…

Եվ կինը անխոս կռացավ վրան,

վարժ շարժումներով

դարպասի դեմից ներս քաշեց մարմինն իր փարավոնի,

որը քթի տակ մրթմրթում էր, թե`

էս մեկն էլ խմենք մեր նամուսի ու թասիբի կենաց…

Իսկ երբ խավարում խումբը վերացավ,

երբ տուն տարան ասպետին վերջին,

նկարի մեջ պարզ ագռավն երևաց սև սերթուկավոր,

հազաց մի թեթև,

նայեց աչքերիս և հրաշալի լատիներենով

հարցրեց հանկարծ. «Quidnam  futurum  est»?

Տարակուսանքով լռեցի մի պահ,

հետո ուսերս վերև քաշեցի`

այսինքն, եղբայր, ես ինչ իմանամ,

ասացի նրան –

ես ինչ իմանամ…

———————————-

*Ի՞նչ է լինելու հետո (լատ.)

 

8. ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

Չկարողացա այսօր տնից դուրս գալ,

չէ որ այսօր իմ ծննդյան օրն է:

Ինչ տարօրինակ ու զարմանալի բան՝

երկար տարիներ առաջ,

եղել է այդպիսի մի օր:

Եվ ինչ արած, սիրելի հյուրեր, դուք արդեն եկել եք,

և ես խորապես հուզված եմ,

խորապես ազդված եմ և շփոթված:

Ահա իմ հին լուսանկարները, սիրելի հյուրեր,

բարեկամներ իմ թանկագին,

հիացեք ինչքան ուզում եք,

չէ որ ամբողջ օրը մերն է:

Ահա այս մեկը՝ ես ընդամենը երեք տարեկանում:

Աջ կողքիս մայրս է ժպտում,

հետևում քույրերս են կանգնած և ծիծաղում են,

իսկ այս ուրախ տղամարդը հայրս է:

Իսկ այստեղ ես արդեն մեծ եմ,

եկեղեցու պատի տակ:

Աջ կողքի՞ս – մայրս է աղավնին ձեռքին,

ետևո՞ւմ – քույրերս են կանգնած աղավնիներով,

իսկ այս տղամա՞րդը – հայրս է,

առանց աղավնու,

բայց ամբողջովին արյան մեջ կորած:

Իսկ այս մեկում ես շատ ավելի փոքր եմ,

հիվանդ եմ, թույլ ու անօգնական,

աջ կողքիս մայրս է արտասվում,

ետևում հեկեկում են քույրերս,

իսկ դեմքը մազակալած այս տղամարդը

հայրս է: (Իսկ հիմա

բոլորս առողջ ենք, սիրելի հյուրեր

և միայնակ ենք բոլորս,

բարեկամներ թանկագին):

Ես այսօր չկարողացա տանից դուրս գալ,

ինչ-որ մեկը ամուր փակել էր դռները

և պատուհաններն էր մեխել ամուր և վարագուրել,

և ես պառկած եմ սենյակի ուղիղ կենտրոնում,

իմ հյուրերի հետ՝

աջ կողքիս աղավնիներն են,

ետևում ծիծաղը,

իսկ արցունքը դանդաղ շրջում է սենյակում…

 

9. ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱԴԱՐՁ

Ծերունին խորամանկ ժպտաց

ու թաքցրեց դեմքը

չորչորուկ ուսերի արանքում:

Աստված իմ,

բայց չէ՞ որ դու նրան ճանաչում ես,

ծերունուն,

որը ծնվել է այս գիպսե արձանների հետ,

ծերունուն, որն ապրում է ահա

այս բարձրադիր այգում,

ծերունուն,

որին ամեն գարնան սկզբի

ներկում են կանաչ գույնով,

աթոռների, ցանկապատների, կարուսելների,

փայտե ձիերի,

փայտե արջերի,

փայտե փղերի

և մյուս չափազանց անհրաժեշտ

չափազանց փայտե

և չափազանց կարևոր մանրամասների հետ միասին,

ծերունուն, որը խորամանկ ժպտաց

և գլուխը թաքցրեց

չորչորուկ ուսերի արանքում:

Աստված իմ,

բայց չէ՞ որ

դու ամեն ձմեռ աշխարհի բոլոր ծայրերից

գալիս ես այս հեռու ընկած քաղաքը

և տեղ ես հասնում ճիշտ այն պահին,

երբ բոլոր փողոցներից

թաղման տխուր թափորներ են ելնում քո դեմ

և բոլոր դագաղներից

խորամանկ ժպտում է հենց նույն այդ ծերունին

և դեմքը թաքցնում ծաղիկների,

էժանագին օդեկոլոնների և հատկապես

չորչորուկ ուսերի արանքում:

Բայց քո աչքերում հիմա

չկա ոչինչ արցունքից բացի,

որովհետև հեռու-հեռվից եկել

և կանգնել ես քո քաղաքի շեմին

և թակում ես նրա դարպասները

և թակում ես ուժգին ու ուժգին,

բայց ոչ ոք չի լսում քեզ,

բայց ոչ ոք չի ելնում քո դեմ,

և գիպսե արձաններն են միայն խորամանկ ժպտում

և թաքցնում դեմքերը

չորչորուկ ուսերի արանքում:

 

10. ԻՍԿ  ՊԱՏԿԵՐԸ   ՄՆՈւՄ   Է  ՆՈւՅՆԸ

Եվ ոմն Ջորջո դե Կիրիկո

ուզեց մտնել անմահների շարքը,

և դու այդ մասին իմացար բավականին ուշ:

Օ՜, ինչպիսի տխրություն,

օ՜, ինչպիսի տխրություն:

Իսկ պատկերը մնում է նույնը`

միայն չնչին փոփոխություններ:

Գավառական փոքրիկ քաղաքում

այսօր մանր ձյուն է գալիս,

թերթի կրպակները լիքն են

անիմանալի նորություններով,

այնտեղ ամսագրերն են դեղնում

գույնզգույն պատկերներով,

իսկ վաճառողն հպարտ է իր անուրանալի գոյությամբ,

ներեցեք, բայց չէ՞ որ այս ամենը ճիշտ է,

ճիշտ է ամեն օր,

ճիշտ է ամեն տեղ,

և երբ քայլում ես փողոցով ներքև

և հրապարակն է բացվում քո դիմաց,

դու մտածում ես` ահա տխրություն,

և դու այդ մասին իմացար շատ ուշ:

Գավառական փոքրիկ քաղաքում

այսօր մանր ձյուն է գալիս,

իսկ դու թերթում ես գրքի մյուս էջը

և ականջի ծայրով լսում,

թե ինչպես լուսամուտի տակ

մի փոքրիկ տղա

սուլում է անհավատալիորեն ուրախ մի երգ:

Եվ հետո պատկերը մթնում է կամաց-կամաց

և դու գիրքը ծալում-դնում ես մի կողմ

և գլուխդ առնում ափերիդ մեջ

և մտածում երկար,

շա՜տ երկար…

 

11. ԹՂԹԵ ՆՈՐ ՏԱՐԻ

Եվ երբ անցնում էի փողոցով,

հիշեցի զարմանալիորեն պարզ

Նոր տարվա վաղուց անցած մի գիշեր:

Սա բոլորովին էլ սովորական պատմություն չէ,

և բավականին դժվար է վերակենդանացնելը,

բայց այս անգամ,

չգիտես ինչու, չափազանց հեշտ ստացվեց –

պայծառ վառվեցին հսկայական տան բոլոր լույսերը

և պատերը դարձան թափանցիկ,

ահա, հայրս գալիս է` հսկայական եղևնին քարշ տալով

(ես մտնում եմ մի անկյուն,

որպեսզի ինձ չնկատի,

թե չէ զարմացած կհարցնի, թե ինչու եմ այսպես ծերացել),

ահա նա մտնում է բակի դռնով

(ես բարձրանում եմ ոտքիս մատներին

և լուսամուտից նայում եմ ներս),

քույրերս սոսկալի ուրախացած թռչկոտում են,

ես էլ եմ թռչկոտում –

մի փոքրիկ, շատ փոքրի տղա…

Մյուս սենյակից դուրս է գալիս մայրս,

նա վերցնում է

դեռևս պատերազմից շատ առաջ գնված հորս վերարկուն,

և գլխարկը,

որն արդեն ետպատերազմյան ծագում ուներ,

և հետո ինչ-որ բաներ է ասում,

որոնք վաղուց մոռացել եմ:

Սեղանի վրա օղու շշեր էին` ջրով լցված

և լիմոնադի շշեր`լցված ջրով,

շշերը պարպված էին պատերազմից առաջ

և միայն ջուրը ետպատերազմյան ծագում ուներ:

Հետո մենք եղևնին ամրացնում ենք հատակին,

իսկ ես քարշ եմ տալիս խաղալիքների արկղը

և պետք է որ սոսկալի աղմուկ լինի

(ականջս մոտեցնում եմ լուսամուտի ապակուն,

բայց ոչ մի ձայն չի հասնում ինձ):

Մայրս բարկանում է քույրերիս վրա,

իսկ հայրս ինչ-որ բաներ է որոնում գրպաններում,

հետո ես բարձրանում եմ աթոռին,

եղևնու ճյուղերին շարում խաղալիքները –

թղթե շոկոլադներ, թղթե խնձորներ, թղթե մանդարիններ,

թղթե կոնֆետներ

և մի Ձմեռ պապիկ` շքեղ ու հրաշալի,

որ գնված էր պատերազմից առաջ,

իսկ մնացյալ թուղթը ետպատերազմյան ծագում ուներ:

(Քիչ հետո ես պիտի ընկնեմ աթոռից,

ես դա շատ լավ եմ հիշում՝

ճակատիս սպին մինչև հիմա կա):

Եվ ահա, կռանում եմ խաղալիք վերցնելու,

և ահա քույրս ճչում է վախից

և մայրս վրա է վազում իմ լացի ձայնից,

և հայրս,

որ կարկամած նայում էր իր վիրավոր ձեռքին,

որով չկարողացավ ինձ պահել, երբ ընկնում էի,

վիրավոր ձեռքին,

որը դեռ նվվում ու ցավում է վիրակապերի մեջ,

վիրակապերը` միակ նվերը,

որ հայրս բերել է պատերազմի դաշտից,

և հիմա փաթաթում էին ճակատիս, որ արյունը դադարի…

Եվ հետո հանկարծ լույսերը հանգում են,

և հսկայական տունը թաղվում է մթության մեջ…

Հետո, ես շարունակեցի քայլել փողոցով,

շփելով ճակատիս սպին,

որը խճճվել է կնճիռների մեջ,

զարմանալիորեն պարզ հասկանալով,

որ

ուր որ է բարձրաձայն կհեկեկամ:

 

12. ԵՐԵՔ   ԶՈւՌՆԱՉԻ

Կիրակին գոլ էր տվել վարսավիրանոցի դռան մոտ

ու չէր շարժվում տեղից:

Մաքուր սափրված,

երեսները ալյուրոտ (վարսավիրը չէր խնայել փոշին),

մնացած ամեն ինչը սև`

կոստյումները սև, աչք-հոնքերը սև,

դռան մոտ շարված էին երեքով,

ծխում ու նայում էին իրար` երեսները ալյուրոտ:

Պայծառ շողում էր արևը,

և առավոտյան բաղնիք գնացած պառավների կ

արմրաթուշ ու մաքրամաքուր

խումբն էր վերադառնում հանդիսավոր,

ճխտած շորերով վիթխարի զամբյուղները

մանրիկ քայլքի տակտով օրորելով:

Ծխում ու նայում էին նրանց` երեք ալյուրոտ զուռնաչի,

անտարբեր նայում էին նրանց

ու նվագում էին մտովի

Շոպենի հայտնի մեղեդին, հայտնի,

բայց ներելի շեղումով…

Եվ հետո չհասկացան, թե ինչպես,

առանց մի բառ անգամ փոխանակելու,

առանց իրար երեսի նայելու,

քայլեցին պառավների ետևից,

մաքուր սափրված, ալյուրոտ երեսներով երեք զուռնաչի,

մտովի ձգելով տխուր մեղեդին,

մտովի` բայց լիովին տարված իրենց գործով,

մտովի` բայց առանց գլուխ պահելու,

և կիրակին, որ գոլ էր տվել

ու լճացել էր վարսավիրանոցի դռան մոտ,

դանդաղ ու ծույլ-ծույլ շարժվեց տեղից:

Եվ աղավնիների,

որոնք ինչ-որ մի կտուրից նետվելով երկինք

լուցկու ճերմակ բոցի նման բռնկվում էին օդի մեջ,

և ագռավների, որոնք բոցի մեջ մոխրացած,

սևացած աղավնիներն են նախկին,

և մեքենաների աղմուկի,

երեխաների զվարթաձայն ճիչ ու ծիծաղի միջով,

բանից անտեղյակ քայլում էին պառավները հանդիսավոր,

բանից անտեղյակ քայլում էին զուռնաչիները երեք,

և քրտինքը ծորում էր մաքուր սափրված դեմքերի վրայով,

թուխ առուներ գծելով

նրանց ալյուրոտ թշերին…

Իսկ երբ

պառավներն անհետացան բակերի և դարպասների որոգայթում,

կիսամութի մեջ միայնակ,

մոլորված կանգնեցին նրանք,

մոլորված կանգնեցին նրանք

ու նայեցին իրար հանկարծ`

սևացած երեսներով, սև կոստյումներով,

աչք-հոնքերով սև –

այս ե՞րբ մոխրացավ կիրակին`

լուցկու պես բռնկվեց ու հանգեց,

այս ե՞րբ մթնեց օրը…

և այս ի՞նչ փողոց է` անծանոթ բոլորովին…

Իսկ երբ փակ դարպասի ետևից մեկը քար շպրտեց`

կռավելով վախեցած երեք ագռավ թռան երկինք

և թևերը դանդաղ շարժելով

լուծվեցին խավարում մթության…

 

13. ԻՍԿ  ՀԱՅԱՑՔԸ  ՄԻՇՏ ՆՈւՅՆՆ  Է  ՄՆՈւՄ

Եվ  մարդկանց միայն դեմքերն են փոխվում,

իսկ հայացքը` երբեք:

Մանրամասները փոքր-ինչ խախտելով

ահա վերականգնում եմ իմ մեջ:

Եվ ամեն օր,

երեկոյան ժամը  քսանն անց երեսունին

մայրս կանգնում էր կողքիս

և ձեռքերը կրծքին խաչած անխոս նայում էր ինձ,

ասել է թե՝ արդեն պետք է տուն գնալ:

Իսկ հենց այդ նույն ժամին

հնչում էր զինվորական նվագախումբը,

և մարդու տալու աղջիկներին շուրջկալ արած,

ծնողական զույգերն էին աչալուրջ շրջում փողոցներով,

աներևույթ ցանցերը միշտ պատրաստ պահած:

Վառվում են լույսերը,

և ես թեքվում եմ սեղանին,

իսկ հայացքս սփռոցի զարդանախշերից հոգնած,

շրջում եմ ներս

և ուղեղիս ծալքերում որոնում

հեռու գնացող մտքեր:

Օ՜, իմ քաղաք,

արհեստների աստվածը միշտ էլ բարի աչքով է նայել քեզ,

և քո երկնակամարում առատությամբ վխտացել են

թիթեղյա վառարանների և մանկական օրորոցների վտառները:

Օ՜, շոգ ամառների և ցուրտ ձմեռների քաղաք,

ես հիմա էլ սիրում եմ

քո սևտուֆ տների

միհարկ շարանը ուղիղ

և վայրի փայլը հումորիդ,

որը տարօրինակ խանուրդ է՝

գիշերային կատաղի կատվի և կոկորդ չանգռող օղու,

և չսափրվող քեռիների,

որ միշտ սև կոստյումներ էին հագնում:

Իսկ հայացքը,

հայացքը միշտ նույնն է մնում,

այն չափազանց բարի է

և միշտ սահում է քո կողքով,

լուսավոր երիզ գծելով օրերի և տարիների մեջ…

Եվ ի՜նչ պայծառությամբ  հիշեցիր հանկարծ

խոշորկուրծք մի աղջկա,

որին անվերջ հետամտում էիր

անորոշ ու տարտամ տենչանքով –

մինչ Դոն Կիխոտը կխոցեր հերթական հողմաղացը,

Սամվելը կսպաներ հորը և ապա մորը,

և Նյուտոնի գլխին խնձորներ կտեղային…

Իսկ մարդկանց միայն դեմքերն են փոխվում,

այնինչ նա` մարդը,

երեխա է մնում միշտ,

չի ծերանում երբեք:

Եվ ամեն օր, երեկոյան ժամը քսանն անց երեսունին,

վառում լույսերն ու թեքվում եմ սեղանին

և օրերի ու տարիների խորքում

որոնում ու գտնում եմ ինձ

և երկար ու անխոս նայում

ձեռքերս կրծքիս խաչած…

[sharify]