ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ, ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Տարիներ առաջ մեր ազատ և անկախ հանրապետության նորընծա սահմանադրության առաջի՞ն, թե՞ երկրորդ տարելիցի կապակցությամբ կեսլուրջ-կեսկատակ մի հոդված էի գրել, որը զարմանալիորեն հակադիր արձագանքներ ունեցավ. հումորի զգացում ունեցողներն այն լուրջ էին ընդունել, իսկ չունեցողները` որպես հումորեսկ… Ինձ ուղղվեցին հարցեր, որոնց չգիտեի` լո՞ւրջ պատասխանեմ, թե՞ կատակով, և ընդամենն այսօր, ժամանակներ անց ինձ հնարավորություն է ընձեռվել կիրառելու միջին թվաբանականը` օգտվելով այն առիթից, որ դարձյալ համընդհանուր քննարկման նյութ է դարձել սահմանադրության այս անգամ արդեն բարեփոխված տարբերակը, զուգահեռ ընթանում են Աժ պատգամավորական ընտրությունները, և լուրջն ու զավեշտականն այնպես են խառնվել իրար, որ այստեղ միայն վերը նշածս միջին թվաբանականը կարող է իրադրությունը փրկել… Առավել ևս, որ հետևելով զուգահեռ ընթացող քննարկումներին և քարոզարշավին` գոհունակության տաք ալիք է պարուրում հոգիդ, և դու երանությամբ մտածում ես, որ հիրավի հարազատ ժողովուրդդ հազարամյակների միջով անցել ու շատ բաներ է կորցրել, սակայն աչքի լույսի պես պահպանել և սերնդե-սերունդ է փոխանցել նազարիզմի ավանդույթները…

   Հետաքրքիրն այն է, որ այդ ավանդույթները կենդանի ու շոշափելի են թե՛  իշխանավորների և թե՛  նրանց մեջ, ովքեր նոր են սկսում ձգտել իշխանության, դիմադիրների և ընդդիմադիրների մեջ, կուսակցականների և թե անկուսակցականների, և նույնիսկ կողմնակի անձանց մեջ, որոնց մուտքը, ինչպես հայտնի է, արգելված է ամենուրեք… Սակայն վերադառնանք վիճահարույց հոդվածին, որը գրվել էր կոնկրետ նյութի, այն է` մեր հանրահայտ թագավորներից մեկի` Քաջ Նազարի, որի անունը գիտական տեքստերում շատ ավելի հայտնի է Նազար Բ անունով, կենսագրականի վրա, որը վկայակոչելով` փորձում էի ապացուցել, թե հայ ժողովուրդը դեմոկրատական ինստիտուտներ և առաջին հերթին` սահմանադրություն ունեցել է Համմուրաբիի հռչակավոր օրենսգրքից շատ առաջ, և որն ամենակարևորն է, այդ սահմանադրության մեջ որոշակիորեն նշմարվում են նույն այն սաղմերը, որոնք պիտի հետագայում վերածվեին ժողովրդավարության, շուկայական հարաբերությունների, արդար ու թափանցիկ ընտրությունների` համապատասխան հետևանքներով: Ես նույնիսկ ընդգծել էի, որ վերոհիշյալ քաղաքական-պատմական փաստաթղթի հենց նախաբանում առկա են իրավական բնույթի ակտեր: Ահա` «Արևն ելնի արևելքից և մայր մտնի արևմուտքում»: Այստեղ նախանշված է ոչ միայն Արևելքի և Արևմուտքի միջև հավասարակշռված և անցյալ ու գալիք կոմպլեմենտար քաղաքականության ուղին, այլ նաև այն հիմնարար դրույթը, որ բոլոր օրենքները միանշանակորեն ընդունելի են թե՛  միապետի և թե՛  հասարակ էլեկտորատի համար, ինչը մի քայլ առաջ է Համմուրաբիից…

   Չափազանց հստակ են ձևակերպված (հիշենք` առանց Վենետիկի հանձնաժողովի օգնության) անհատի և միապետի դատաիրավական հարաբերությունները. «Քարվան կտրել և գողություն անել միայն լուսնյակ գիշերներին»: Մեզ առավել հետաքրքրողը մարդու  իրավունքները սահմանող ենթաբաժինն է, ուր ասված է. «Թող մարդիկ ծնվեն և ապա` մեռնեն»: Այս հոդվածն իր թերի ձևակերպմամբ գրեթե նույնությամբ տեղ է գտել ներկա` բարեփոխված նախագծի մեջ: Երկու դեպքում էլ խոսք չկա այն մասին, թե մարդն ինչո՞վ պիտի զբաղվի ծննդյան և մահվան արանքում` ո՞վ պետք է նրան աշխատանքով ապահովի, ինչո՞վ պիտի ապրի… Ի պատիվ Նազար Բ-ի ասենք, որ նա նախորդ հոդվածով պարզապես հուշել է, թե ինչպես է պետք ընտանիք պահել (խոսքը քարվան կտրելու և գողության մասին է), իսկ մեր առկա նախագծի մեջ այդ միտքն անուղղակիորեն ենթադրվում է…

   Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նախավերջին` «Թալանները լավ կպահեք» հոդվածը, որն այսօր ոչ միայն չի կորցրել իր արդիական հնչեղությունը, այլև դարերի խորքից եկած միակ պատվիրանն է, որ սրբությամբ յուրացրել են մեր պաշտոնյաները, և պատահական չէ, որ այն իր պատվավոր տեղն է գրավել ներկա տարբերակի` մոնոպոլիաների գոյությունն օրինականացնող հոդվածում:

   Նազար Բ-ն խաղաղասեր թագավոր է եղել, և դա է վկայում նրա սահմանադրության եզրափակիչ հոդվածը. «Նազարն էլ կռիվ գնացողը չի»… Բարեբախտաբար, խաղաղասիրության այս ոգին փոխանցվել է ներկա նախագծին, ուր արմատախիլ է արված պատերազմով հող նվաճելու տարբերակը, և առաջարկված է այն պարզապես ծախելու ուղին` ինչ խոսք, շուկայականից ցածր գներով…

   Ինչպես տարիներ առաջ, այս անգամ էլ, այսքանով հանդերձ, ես ինքս կողմ եմ քվեարկելու այս տարբերակին և նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ, որովհետև արդար ու բարեկեցիկ երկիրը գեղեցիկ խոսքերով չեն կառուցում, այլ ինչպես անգլիացիները, որոնք, ինչքան ինձ հայտնի է, սահմանադրություն պարզապես չունեն… Ինձ բոլորովին այլ բան է մտահոգում, թե արդյոք զուգադիպությո՞ւն էր, պատահականությո՞ւն, թե՞ նախապես ծրագրված է եղել ժողովրդի համար այսքան կարևոր իրադարձությունները` ընտրություններն ու սահմանադրության հանրաքվեն, անցկացնել հենց այս, եթե չեք մոռացել, ոչխարի տարում…

                                                    «Գրական թերթ», 2003, 23 մայիսի

[sharify]