ՈՒ ՉՆԱՅԱԾ ԱՐԴԵՆ ԳԱՐՈՒՆ ԷՐ…

Պոեզիա >

Ու չնայած արդեն գարուն էր

և ջահել ծառերը խաբվել ու ծաղկել էին դեսուդեն,

բայց սթափեցնող ցուրտ էր փչում հյուսիսային կողմից,

և ձյան տակ էին սարերը հեռու-մոտիկ,

և ծաղկած ծառերի և ձյունածածկ մազումուզի

մեջ կորած երգիչն աղեկտուր արձանագրում էր-

էլ չենք լինի քսան տարեկան, հստակորեն հասկացնելով,

որ մնացած բոլոր տարիքները կարելի է կրկնել

մեծ ցանկության դեպքում…

   Եկեղեցու զանգերն ինչպես միշտ անակնկալի բերեցին

սև վերարկուների մեջ կուչ  եկած ագռավներին, որոնք

ծոցատետրերի մեջ ջանասիրաբար գրի էին առնում

իրենց չափազանց դուր եկած երգի տողերը, միայն թե քսանը

փոխարինելով հարյուր քսանով…

Զանգերի առաջին իսկ ղողանջի հետ, նրանք խնամքով

ծալեցին ծոցատետրերն ու մատիտների հետ

դրեցին գրպանները և

կռա-կռա տարածվեցին սփրթնած երկնքով մեկ

և ապա սև-սգավոր նոտաների նման շարվեցին

լվացքի պարանի վրա հենց այն պատուհանի դիմաց,

որտեղից հնչում էր` էլ չենք լինի քսան տարեկան…

Եկեղեցու զանգերը երգին հյուսված համառորեն

շարունակում էին ղողանջել, համոզելով մարդկանց,

որ ամեն դեպքում հարկավոր է արթնանալ,

հարկավոր է շարժել ոտքերն ու ձեռքերը,

պոկվել երազների  կպչուն թմբիրից, և վերջին

ուժերն հավաքելով թեկուզ սողալով, թեկուզ չոքեչոք

մոտենալ պատուհաններին  և տեսնել, որ թեև

դեռևս ցուրտ է փչում հյուսիսային կողմից

և ձյան տակ են սարերը հեռու ու մոտիկ

և թեև, հազար ափսոս, էլ չենք լինի քսան տարեկան,

բայց մնացած բոլոր տարիքները կարելի է կրկնել,

խաբվել ու ծաղկել

մեծ ցանկության դեպքում…

 

[sharify]