ԱՌԱՎԵԼ ՎԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Արձակ > ԳԵՐԵԶՄԱՆԻԱ

Առաջին տպավորությամբ հանգուցյալը 80-ից անց էր: Հետագա համառոտ զննությունից գալիս էիր այն եզրակացության, որ նա 90-ից էլ էր թերևս անց: Առավել ուշադիր ուսումնասիրությունը բերում էր այն համոզման, որ վերջինս անց էր հնարավոր բոլոր երկանիշ, եռանիշ և այլ թվերից, և ի հավելումն այդ ամենի, վերոհիշյալ հետազոտությունները ստիպում էին այդ ոչ առանձնապես արգասավոր գործով զբաղվողին, եթե նա նույնիսկ ամենաեռանդունն է նվիրյալ աթեիստների առաջապահ գնդում, անվերապահորեն ընդունել Աստծո գոյությունը, այլապես ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ նա կարող էր գործի գցել այդքան երկար տարիներ, չգիտես թե ինչ նյութերից և ինչ օրենքներով ի մի բերված այս անհեթեթ կառուցվածքը: Հուղարկավորների ջանասեր խումբը, որն հիմնականում կազմված էր ջլապինդ, հաստ վզերով, կուշտուկուռ փորերով, անորոշ տարիքի տղամարդկանցից, շրջան գծեց արտակարգ խորը փորված փոսի եզերքով, որի կողքին գոյացած հողի պատկառելի բլրի գագաթին բազմած դագաղում հանգուցյալն այնպիսի դիրք էր ընդունել, որ կարծես թե ուր որ է ցատկելու է փոսը, եթե նրան չխանգարեր ամբողջ մարմնի երկայնքով, ծաղիկների վրա ի ցույց դրված վիթխարի թուրը, որի ծայրը դուրս էր ցցվել հանգուցյալից անհամեմատ խոշոր դագաղի ստորոտից՝ ոչ այնքան քիչ, որ հնարավոր լիներ քողարկել, բայց և բավականաչափ՝ խիստ կասկածի տակ դնելու հերոսական անցյալ վկայող միակ իրեղեն ապացույցը հանգուցյալի վտիտ մարմնին և առավել քան չարագուշակ կենսագրությանը պատկանելու փաստը:

«Կթռնի, թե՞ չի թռնի»,- երկմտում էր Ենոքը՝ շրթունքները վերջին անգամ լպստելուց հետո կլարնետը տանելով բերանը, և հենց այդ պահին տղամարդկանցից մեկը անսպասելիորեն փլվեց դագաղի վրա և վիթխարածավալ մարմնով լիովին առնելով այն իր տակ՝ մի այնպիսի աղեկտուր ու զարհուրելի բառաչով ցնցեց գերեզմանոցի գերեզմանային լռությունը, որ պատերազմի բովով անցած Ենոքը քիչ էր մնում հին զինվորի բնազդով նետվեր փոսի մեջ՝ փրկվելու ֆուգասային ռումբի վերահաս պայթյունից: Ու թեև պահն իր ձայնային նկարագրով չափազանց մոտ էր պատերազմական իրադրությանը, այնուհանդերձ, պայթյուն չհաջորդեց, հետևաբար աղետ և զոհեր չեղան, եթե ի նկատի չունենանք մի փոքրիկ մանրամասն՝ աննախադեպ սարսափից գլուխը կորցրած Ենոքը, ամենևին չկարողանալով կառավարել իր գործողությունները, մի այնպիսի ուժով փչեց կլարնետը, որ հանգուցյալին տակն առածի բառաչն անմիջապես ընդհատվեց, և անակնկալի եկած ողբացյալը դանդաղ ոտի ելավ, հուղարկավորների շշմած և ինչ-որ կարևոր իրադարձության սպասումով լի հայացքների տակ մոտեցավ Ենոքին, հանդիսավոր շարժումով բարձրացրեց նրա գլխարկը, մի տասանոց շրմփացրեց վերջինիս արդեն ճաղատացող գլխին, ապա նույն հանդիսավոր դանդաղությամբ գլխարկը քաշեց Ենոքի մինչև քթարմատը, ողբերգա-դրամատիկ տոնով ասաց.

– Ապրես, լավն էր, տեղին ու հաջող էր, թող աշխարհն իմանա, թող այս մեռելներն իմանան, որ անբախտ հայրս հավերժի ճամփորդ է: Իսկ հիմա մի տխուր բան նվագիր, որ այսպես, տղերքով լաց լինենք, սրտներս թեթևանա, մինչև տեսնենք, թե վերջն ինչ է լինելու:

«Գիտե, թե՞ չգիտե»,- տանջվում էր Ենոքը և շրթունքները լպստելով, շփոթմունքից թե ինչից մոռանալով գլխարկը վեր քաշել աչքերից, նվագեց, ինչպես երբեք չէր նվագել՝ իր ցավը, կասկածները, վախը միացնելով ներկա սգավոր իրադրությանը: Դափը վեր տնկելով, համարյա լիովին ծածկելով իր ծաղկատար երեսը՝ ամեն ինչից անտեղյակ Սիրուն Գևորգը երգեց.

Ուր ես գնում հայրիկ,

Ինձ էլ հետդ տար,

անտեր մի թող որդուդ

աշխարհում օտար…           

Հանգուցյալի անմխիթար որդին, արցունքն աչքերին, Սիրուն Գևորի ետևից ռեչետատիվով տող առ տող կրկնում էր երգը և ամեն տողի ավարտին խոցված դինոզավրի անհոդաբաշխ թնդյունով ախ էր քաշում և որպես անսահման վշտի արտահայտման ևս մի անբեկանելի նշան, բռունցքի կատաղի հարվածով մրճահարում էր երևի թե հենց այդ նպատակի համար կողքին պատրաստակամ կանգնած քոթուկի պես կարճ ու հաստ արարածի գլխին, որի դեմքին քսմսված երանելի ժպիտը վկայում էր, որ այս պահին նա վայելում է իր կյանքի մեծագույն, գուցե և միակ հաճույքը:

Ապա հաջորդեցին սրտառուչ, սգավոր ելույթները: Ենոքը հայացքը չէր կտրում Սև Արտուշի դեմքից. «Գիտե, թե՞ չգիտե»… Երբ բռի մեջ հազալով հանգուցյալի գլխավերևում հայտնվեց քաղաքացիական սև կոստյումով միլպետը, Ենոքը պարզորոշ տեսավ, որ Սև Արտուշի դեմքը ավելի սևացավ: «Գնա,- ատամների միջից ֆշշացրեց Սև Արտուշը:- Գնա, մի քսվիր հորս»: Քաղաքագլուխը կիպ մոտեցավ Սև Արտուշին, թեքվեց ականջին և երկար ինչ-որ բան էր փսփսում. Սև Արտուշը գլուխը կախ լսում էր: Այդ ընթացքում միլպետը քթի տակ ցավակցական կցկտուր բառեր նետեց և արագ հեռացավ: Քաղաքային օրաթերթի խմբագրի երկար ու ճոռոմ և ինչպես միշտ՝ անհասկանալի ճառից հետո սգո հանդեսը եզրափակվեց: Հետո ամեն ինչ ընթացավ սովորական հունով և նույն այդ ամեն ինչից երևում էր, որ այլև ոչինչ չէր կարող խաթարել հետագա գործողությունների կուռ, մեկընդմիշ որոշված ընթացքը: Ու օդում մարեց Սիրուն Գևորի երգի վերջին քառյակը.

Թախանձում եմ քեզ,

Հայրիկ, մի գնա,

Անտեր Որբի պես

Անտեր կմնամ…

Հայրիկը, որի դեմքից երևում էր, որ մեծագույն հաճույքով է լսում Գևորին, այնուհանդերձ որոշեց գնալ՝ ըստ երևույթին համոզիչ չգտնելով նրա առաջ քաշած փաստարկները: Ի՞նչ իմանաս, միգուցե առավել հիմնավոր պատճառներ ուներ… Երբ արդեն վրա էին տալիս դագաղի կափարիչը, Ենոքն հանկարծ նկատեց, որ հանգուցյալի հերոսական անցյալի վկայությունը՝ ահռելի թուրը, հանգուցյալի կողքից թե վրայից անհետացել է: «Պարզ է,- մտածեց Ենոքը,- Սև Արտուշը որոշել է ինքն այդ թրով գնալ այն աշխարհ»: Հետագայում Ենոքը մի քանի անգամ առիթ ունեցավ տեսնելու այդ թուրը Սև Արտուշի առանձնասենյակում՝ պատի գորգի ամբողջ երկայնքով կախված:

Հուղարկավորները, շրջան գծելով, հերթով անցնում էին Սև Արտուշի, նրա բազում եղբայրների, հորեղբայրների, քեռիների և այլ մոտ ու հեռու ազգականների կուռ շարասյան կողքով՝ հանդիսավորությամբ սեղմելով նրանց ձեռքերը և ապա օղու բաժակներից մի փոքրիկ կում անելով՝ մնացածը ցողում էին թարմ, ծաղկապատ շիրմաթմբին, և երբ այս արարողությունից հետո սգավոր թափորը սկսեց դանդաղաքայլ հեռանալ, Ենոքը, որի թոքերը դեռևս ցավում էին անսպասելի փորձությունից, իսկ ծնկների մանրիկ դողը չէր կտրվում, գործընկերներին խնդրեց, որ իրեն մեքենայում սպասեն, իսկ ինքը նստեց մի գերեզմանաքարի և կլարնետը դնելով ծնկներին՝ մշուշված հայացքը հառեց հեռացողների զանգվածեղ թիկունքներին, որոնց բոլորին էլ լավ ճանաչում էր՝ քաղաքը փոքր էր, և նա բոլորի տներում եղել էր՝ ուրախ և շատ ավելի հաճախ տխուր առիթներով: Կյանքում առաջին անգամ Ենոքը սարսափով մտածեց իր մենակության մասին՝ նրա ականջների մեջ, ավելի ճիշտ` ամբողջ մարմնի մեջ դեռևս թնդում էր հանգուցյալի որդու վիրավոր գազանի աղեկտուր թառանչը, որից արյան ու մահվան հոտ էր գալիս: Ինչ-որ անհասցե, կույր սպառնալիք կար այդ ոռնոցի մեջ, մեղքի ու հանցանքի, ցավի ու տառապանքի, իրար բացասող, չհամակերպվող, պատառոտող ու հոշոտող զարհուրելի խառնուրդ… Հանկարծ ինչ-որ բան հիշելով` Ենոքը ձեռքը արագորեն տարավ գլխարկին, վեր քաշեց ճակատից, զգուշորեն ու աննկատ հանեց տասանոցը և խնամքով ծալելով՝ խրեց գուլպայի մեջ՝ գործընկերների հայացքից, ավելի ճիշտ՝ մատներից հեռու: Այսօր ձրի էին նվագում, ինչպես բոլոր այն դեպքերում, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին Սև Արտուշին: Իսկ այս տասանոցը հեչ, նվեր էր, հաշվի մեջ չէր մտնում: Շնից մազ պոկելու պես բան. մտածեց Ենոքը՝ շփելով ճակատը, կարծես Արտուշի մատներից սև հետքը սրբելու համար… Ո՞ւմ է պետք ինքը, դանդաղորեն մխմխում էր Ենոքը` չկարողանալով տեղից շարժվել և ընդհանրապես, ինքն ո՞ւմ է պետք: Այս օրերին, չգիտես ինչու, նա սկսել էր ավելի հաճախակի մտածել իրենից հետոյի մասին. ո՞ւմ էր մնալու Խիբարնոցում Սև Արտուշի տան նմանողությամբ սարքած վիթխարի տունը՝ ներքնահարկով, մառանով, գարաժով, պարսպապատ բակով, հապա գերեզմանոցի՞նը, որը նույնպես տուն էր, համարյա թե իսկական տան չափ, բայց այն սովորական տուն չէ, հոգու տուն է, հիշատակի տուն…

Մշուշված հայացքով նայում էր հեռացողների թիկունքներին՝ Սև Արտուշի թիկունքն արդեն չկար նրանց մեջ. մերձավորների հետ նա վաղուց էր հեռացել. Նոր քաղաքի տանը հիմա նրան սպասում են քաղաքի նշանավոր մարդիկ, ուրիշ տեղերից էլ անպայման հյուրեր կլինեն, խորը հառաչեց Ենոքը, այստեղ մանր-մունրներն են մնացել, թիկունքներն ուսումնասիրելով՝ եզրակացրեց նա: Մեռելահացը տալիս է մոր գերեզմանի վրա կառուցած տանը, իսկ հորը չգիտես ինչու թաղեց այս քաղաքային պանթեոն կոչված անտերանոցում, վիթխարի դագաղով… Դե պարզ է, Սև Արտուշին վերաբերող ամեն ինչը պիտի վիթխարի լինի՝ տունը, կահ-կարասին, ասում են՝ տանը փոշոտվող դաշնամուրը ամենամեծն է հանրապետությունում, էլ չեմ խոսում շան մասին՝ հորթի չափ…

Երևի բարձեր էին շարել դագաղի հատակին, որպեսզի հայրը երևար, ծաղիկներով էլ քողարկել էին, լավ էին քողարկել… Տարօրինակ է, ճակատը նորից շփեց Ենոքը, ոչ մեկը Զուլումի անունը չտվեց, նույնիսկ չհայհոյեցին, բայց չէ՞ որ ամբողջ քաղաքը գիտե, շատերն են իրենց աչքով տեսել, բոլորն են խոսում, որ Զուլումն է սպանել… Հանկարծ զգաց, որ գերեզմանաքարերի արանքում թիկունքներն անշարժացան, բարձրաձայն ու անկանող կանչեր հասան ականջին, թիկունքները խոնարհվել էին, երև գետնին են նայում: «Փող են գտել»,- իրեն տանջող տագնապները մոռացած՝ ափսոսանքով ու նախանձով ենթադրեց Ենոքը, ոտի թռավ ու գրեթե վազելով՝ մոտեցավ խմբին: Չկարողանալով պարզել, թե ինչ են ուսումնասիրում գետնին հակված տղամարդիկ՝ նա, զգուշորեն բոթբոթելով նրանց, քիչ-քիչ մոտեցավ իրադարձությունների կենտրոնին և ինչ-որ բարալիկ նվնվոց լսելով` հիասթափվեց՝ կատվի ձագ է: Չէ, կատվի ձագի վրա այդպես չէին հավաքվի, քաղաքում ինչն է շատ՝ կատուն… Հետաքրքրված՝ ավելի մոտեցավ. նախ նկատեց կոշիկի տուփը՝ չեխական է, առաջին իսկ հայացքով արձանագրեց նա, իսկ նվնվոցը տուփից էր գալիս: Հետո տեսավ կափարիչի կողքերից դուրս ցցված երեխայի դողդողացող, չափազանց փոքրիկ, բայց իսկական մարդկային ձեռք` բարալիկ, սպիտակ, ջղաձգորեն չռված մատիկներով… Տղամարդկանցից ամենահետաքրքասերը գետնից զգուշորեն բարձրացրեց տուփը, դրեց մոտիկ գերեզմանաքարին և դանդաղ, գրեթե երկյուղած հանդիսավորությամբ բարձրացրեց կափարիչը՝ առաջինը տեսնելով գունագեղ գոգնոցի մեջ կուլուլված, կնճռոտ ու չափազանց շարժունակ մի արարածի, որն օժտված էր նորածին կոչվելու բոլոր տվյալներով… Իսկ նորածինը, իսկապես չեխական կոշիկի տուփի մեջ կռնակին պառկած, վեր ցցած ձեռքերն ու ոտիկները շարժում էր ամենաանսպասելի ուղղություններով, ինչը գիտության մեջ ընդունված է բրոունյան շարժում կոչել, կարծես ժամեր շարունակ անհամբեր այս պահին էր սպասել՝ զարմանալի ճշգրիտ նշանառությամբ ու բարձր, նորածնին անվայել զորեղ շիթով միզահարեց մոտիկից զարմանքով ու տարակուսանքով իրեն ուսումնասիրող տղամարդու աչքը՝ մեծ խանդավառություն առաջ բերելով գնալով ստվարացող բազմության մեջ, և տուժածի «վախ աչքս, ես քո անտեր մայրիկը…» ոռնոցը խլացավ իրադարձությունը բարձր գնահատած անձանց՝ տվյալ վայրին անհարիր հռհռոցի զվարթ թնդյունի մեջ:

– Տղա է…

– Տղա է, բայց անտեր է…

– Անտեր է, բայց աշխույժ է…

«Տղա» բառի վրա Ենոքի մարմինը լարվեց, ինքն էլ չհասկացավ, թե ինչպես չանթեց տուփն ու ճեղքելով անակնկալի եկած բազմությունը՝ սլացավ գերեզմանոցից դուրս… Տեսնելով ինչ-որ տուփ գրկած, խուճապահար ու խելակորույս դեպի մեքենան սուրացող Ենոքին՝ գալիքից երբևէ լավ բան չսպասող և անցյալում որևէ լավ բան չտեսած Սիրուն Գևորն ու Փուչ Անդոն տագնապով դուրս թռան մեքենայից և դավաճանաբար անհետացան տարբեր ուղղություններով… Ենոքն իրեն նետեց «Մոսկվիչի» մեջ, դողացող ձեռքով բանալին մի կերպ խցկեց անցքը և տուփը գրկից բաց չթողնելով՝ գործի գցեց մեքենան ու սլացավ տան կողմը՝ գրեթե աղոթքի պես շշնջալով ամբողջ ճանապարհին. «Ես անտեր, դու անտեր, Աստված մեզ տեր…»:

Նրա ուղեղը երբեք այսքան հստակ չէր աշխատել, և մարմինը, որն հատկապես վերջին ամիսներին սկսել էր տեղի տալ, կարծես միացել էր էներգիայի ինչ-որ նոր, անհայտ աղբյուրի` ամենևին չհոգնելով որդեգրման ու ծննդյան վկայական հանելու քաշքշուկից, վազվզոցից, սրա-նրա գրպանը փողեր խոթելուց: Եվ միայն երբ ամեն ինչ գլուխ էր եկել, ծննդյան վկայականը գրպանում և երեխան գրկին նստած իր վիթխարի տան առավել քան վիթխարի հյուրասենյակի կենտրոնում, անասելի հոգնություն զգաց և շտապեց երեխային դնել բազմոցին, որն երկու չոր փայտե աթոռների և մի մերկ սեղանի հետ միասին կազմում էին հյուրասենյակի ամբողջ կահ-կարասին: Սենյակի մնացած ամբողջ տարածությունը լցված էր երեխայի համար գնած իրերով՝ փոքրիկ, անվավոր մահճակալ, բարձեր, վերմակներ, սպիտակեղենի փաթեթներ, սայլակ, բազմաձև ու բազմաչափ տաշտեր, խաղալիքներ… ոնց բերել էր, այդպես էլ մնացել էին սենյակում խառնիխուռն թափված, ժամանակ չեղավ կարգի գցելու: Երեխան անմիջապես քնեց, կուշտ էր, շորերը մաքուր փոխած. բարեբախտաբար ծննդատունը մոտիկ էր, և նա պայմանավորվել էր մի պառավ բուժքրոջ հետ, և սա որոշակի վարձով իր վրա էր վերցրել երեխայի տատմերության հոգսըկաշորերը, կերակրում, լողացնում էր երեխային և ընդհանրապես, հետևում էր նրա առողջությանը: Նայլով քնած երեխային և համոզվելով, որ նա հիմա ոչ մի բանի կարիք չունի` Ենոքի մշուշված, բայց արդեն հանդարտված հայացքը թափառեց մերկ պատերով և անշարժացավ՝ հանդիպելով կողք կողքի կախված երկու լուսանկարներին՝ բրոնզագույն փայտե շրջանակների մեջ. մեկը որբանոցի նվագախումբն էր, մյուսը՝ Վերժինը: Հիմա ինքը աշխարհի վրա մեն-միայնակ է. ամբողջ նվագախմբից մենակ ինքը վերադարձավ տուն: Վագոնում մյուսները քնած էին, ծարավը խեղդում էր: Անհամբեր սպասում էր, թե որտեղ պիտի կանգառ լինի. ծարավը փրկեց: Գնացքը դեռ լրիվ չկանգնած՝ մի խուրձ տափաշիշ սեղմած կրծքին թռավ դորս՝ ջուր որոնելու: Ուժեղ պայթյունը նրան նետեց ինչ-որ փոսի մեջ. ուշքի եկավ հոսպիտալում ուղիղ մի ամիս հետո: Պատմեցին, որ գնացքին շատ վնաս չէր եղել, միայն վերջին վագոնը… Նվագախմբի վագոնը: Ոչ մեկը չէր փրկվել: Նկարվել էին պատերազմ գնալու օրը՝ կայարանի պատի տակ: Բլուզի գրպանում էր պահում: Մեծացնել տվեց. դեմքերը մի քիչ աղավաղվեցին, բայց էլի պարզորոշ ճանաչվում էին: Անտեր տղերք էին, կյանքից խռոված: Հանկարծ նստած տեղում ուղղվեց, աչքերի մշուշն անհետացավ: Բարձրաձայն կրկնեց՝ անտեր տղերք էին, կյանքից խռոված: Մյուս տողերն արդեն իրենք իրենց եկան: Դանդաղ, զգուշորեն ելավ տեղից, կարծես վախենալով ձեռքից ինչ-որ շատ նուրբ բան գցել: Ոտքի թաթերի վրա, որպեսզի երեխային չարթնացնի, գնաց ննջարան, որն իր շքեղությամբ ու հարուստ կահավորանքով պարզապես անհարիր էր հյուրասենյակի ճգնավորական անշուքության հետ, փոքրիկ, նախշազարդ պահարանից հանեց երգարանը, ուր նորհնար երգերն էր գրի առնում, ծոցագրպանից՝ արտակարգ բծախնդրությամբ սրված մատիտն ու ազատ էջի վրա հատ-հատ տառերով գրեց. «Անտեր տղերք էին, կյանքից խռոված, օտար հողի տակ քնեցին սոված…»: Պատրաստի երգ է, շատ հաջող ստացվեց, մեղեդին էլ գլխիս մեջ է… Ո՞ւր կորավ էն անտերը,- կլարնետն էր որոնում՝ երգը փորձելու: Երեխային հիշելով՝ միանգամից կանգ առավ, մատիտն ու երգարանը ափսոսանքով դրեց պահարանի այն դարակը, որտեղ երեխայի ծննդականն էր, և արագ մտավ հյուրասենյակ. համոզվելով, որ երեխան շարունակում է անխռով քնել, թեթևացած շունչ քաշեց և նստեց նրա ոտքերի մոտ՝ բազմոցին: Աչքերը նորից մշուշվեցին. մյուս նկարում Վերժինն էր, մեռավ ծննդատանը, անտերությունից:

Խոսքն այն մասին չէ, որ Վերժինն էլ էր որբ, այլ այն, որ ծննդատանը հետևող չեղավ. անտեղյակությունից թե բնածին ժլատությունից Ենոքը փող չէր տվել բուժքույրերին, և սրանք Վերժինին թողել էին կեղտոտ սավանների մեջ: Վերժինն էլ, նորածինն էլ մեռան արյան վարակումից: Իսկ նրա հետ ամուսնացավ, երբ կոնտուզիայից հետո խարխլված մարմնով, հիվանդ թոքերով հնարավորություն չունեցավ դիմանալու ետպատերազմյան Գյումրիի առողջ ու պինդ երաժիշտների մրցակցությանը և տեղափոխվեց այստեղ՝ երկար համոզելուց հետո իր հետ վերցնելով Սիրուն Գևորին ու Փուչ Անդոյին, որոնք տևական հարբեցողությունից ֆորմից ընկել էին և այլևս հրավերներ չէին ստանում: Ինչ-որ մռայլ կանխազգացումով ընդհատվեցին մտքերը, արագորեն ոտի թռավ, վախով բացեց ննջարանի դուռը և միանգամից ժպտաց. ոչ, չէր մոռացել, լույսը հանգցրել էր: «Բա ինչու է այսքան արագ ֆռռում»,- մտահոգ նայելով հաշվիչին՝ մտածեց նա… Արդեն ավարտել էր Փոքրիկ քաղաքի ծայրամասում՝ Խիբարնոցում, արդեն մոռացել է, թե քանի տարի տևած տան շինարարությունը՝ ձգտելով նույնությամբ կրկնել տեղի ամենահայտնի անձնավորության՝ Սև Արտուշի տան բոլոր մանրամասները՝ վիթխարի սենյակները, քարե բարձր պարիսպները, մառանը, գետնից մի մարդաբոյ բարձր լուսամուտները, ավտոտնակը… Տարբերությամբ, որ Սև Արտուշի տունը բերնեբերան լցված էր տղերքով, աղջիկներով, հարսներով, երեխաներով, որոնցից ամեն մեկի ծնվելուց հետո Սև Արտուշը մի նոր սենյակ էր ավելացնում իր ընդարձակ բակում, իսկ Ենոքը մենակ էր իր տանը՝ չհաշված իրիկուները այստեղ փորձի հավաքվող իր գործընկերները, և հիմա էլ Արամը, որի ձայնը դեռ չէր լսել: Տունը միակ բացառությունն էր կյանքում, որի վրա Ենոքը փող էր ծախսում հեշտությամբ, առանց սրտամորմոք ապրումների, հետագա բազում անքուն գիշերների. փող չխնայելով՝ աշխատել էր սենյակներն էլ կահավորել՝ ետ չմնալով Սև Արտուշից: Դատարկ էր մնացել միայն հյուրասենյակը, որն էլ որոշել էր կահավորել Վերժինի ճաշակով: Սակայն Վերժինը մեռավ, և այդ օրվանից այլևս չաշխատեցին տան պատերից կախված, պահարանների գլխին, սեղաններին դրված բազմապիսի ու բազմաձև ժամացույցները, որոնք Փուչ Անդոն որպես հիշատակ վերցնում էի հասրանքատներից և հատկապես մեռելատներից, և դատարկ մնաց հյուրասենյակը: Այդ կորստից հետո Ենոքը փոխվեց, խեղճացավ, և ոչ թե նրա համար, որ Վերժինին շատ էր սիրում: Թեև Վերժինեին նա իրոք սիրում էր, ինչքանով նրան հնարավորություն էր տալիս իր որբանոցային աղքատիկ կրթությունն ու երաժշտության հետ մշտական առնչությամբ փոքրիշատե նրբացած հոգին: Թեև այդ երաժշտությունն հիմնականում սահմանափակվում էր հաղթական ու առույգ քայլերգերով, սկզբում հազվադեպ, հետագայում հաճախացած շոպենյան մռայլ ու սրտմաշուկ մեղեդիով: Սակայն, կային նաև լուսավոր կետեր՝ Շտրաուսի վալսերը: Շաբաթ և կիրակի իրիկունները զինվորական փողային նվագախմբի հետ հերթափոխվելով, զոռ տալով իրենց դեռևս պատանեկան, չզորացած թոքերին, հմայված, վերացած նվագում էին, մի՝ վախով համակված աքչը նվագախմբի ղեկավարի, որը միաժամանակ աշխարհագրության ուսուցիչն էր, չափ տվող ձեռքերին, մյուսը՝ նախանձով լեցուն, տոնականորեն զարդարված, խումբ-խումբ ընտանիքներին, որոնք զբոսնում էին՝ աշխատելով իրենց քայլքը հարմարեցնել վալսի տակտին: Վերջին համարի պատիվը թղնելով զինվորական նվագախմբին, գլխիկոր ու տրտմած շարք էին կանգնում և առանց իրար երեսի նայելու վերադառնում էին որբանոց և ոչ այն է սառը, ոչ այն է տաք, ոչ այն է քաղցր, ավելի շատ անհամ թեյը մեխանիկորեն խմելուց հետո գնում էին կծկվելու բամբակե բարակ վերմակի տակ և որերորդ անգամ տեսնելու միևնույն երազը՝ ծնողների, եղբայրների և քույրերի հետ տոնականորեն հագնված զբոսնում էին՝ աշխատելով քայլքը հարմարեցնել վալսի տակտին: Սակայն բոլորին չէր այդպիսի վայելք տրված: Շատերը ոչ իրենց ծնողներին էին հիշում, ոչ էլ քույրերին ու եղբայրներին, ոմանք բոլորովին չէին տեսել նրանց, մյուսները՝ մեկ-երկու տարեկանում, և ի՞նչ պիտի հիշեին այդ տարիքի երեխաները. դժվար, անուրախ ու անքուն էր անցնում նրանց գիշերը: Հոգնած ու վտիտ մարմինը քնով ինչ-որ կերպ հաղթահարելու ու հանգստացնելու համար Ենոքը, որ չհիշողների թվին էր պատկանում, փորձում էր հորինել իր չունեցած ընտանիքը՝ դանդաղորեն ետ փաթաթելով իր անցած օրվա տպավորությունների կինոժապավենը, նա հերթով փորձում էր իրեն մտցնել զբոսնող ընտանիքներից որևէ մեկի կազմի մեջ՝ հիշողությամբ մանրամասնորեն վերականգնելով այն բոլոր ընտանիքները, որոնք առանձնակի էին դուր եկել իրեն. երեխաները առույգ էին, մաքուր հագնված, ծնողները՝ բարեդեմ ու ժպտերես և ամենակարևորը՝ ունեին տատ ու պապ: Նույնիսկ հարթմնի նրան այդ ամենը պատկերացնել երբեմն հաջողվում էր: Արդեն նույնիսկ առանձնացրել էր իր նախասիրած ընտանիքը և մտովի զբոսնում էր նրա հետ: Զբոսնելը ստացվում էր: Զրուցելը չէր ստացվում: Նա ոչ մի կերպ չէր կարողանում պատկերացնել, թե ինչ են խոսում, ինչի մասին են խոսում ընտանիքներում, հայրն ինչ է ասում տղային, ինչ խոսքերով է դրվատում նրան, ինչի համար և կամ ինչ խոսքերով է արտահայտում իր ջղայնությունը՝ իրենց աշխարհագրության ուսուցչի պե՞ս՝ ամենավերջին խոսքերով հայհոյելով նրանց չունեցած ծնողներին, մոտ ու հեռավոր ազգականներին… կամ որդին ինչպես է պատասխանում հորը այդ պահին, նույն կե՞րպ, ինչպես իրենք աշխարհագրության ուսուցչին՝ հայհոյելով նրա ունեցած, բայց արդեն վաղուց գետնի տակն անցած ծնողներին, թե՞ ուրիշ ինչ-որ ձևեր կան, միգուցե պարզապես լռո՞ւմ են, անհասկանալի է, թե ինչ են խոսում եղբայրներն իրար հետ կամ քրոջ հետ…  Դժվարներից մեկը ուտելու խնդիրն էր՝ քանի՞ անգամ են ուտում, ով ինչքան պիտի ուտի, երբ ուզում ուտո՞ւմ են, թե որբանոցի որբանոցի պես հատուկ նշված ժամերին շարք են կանգնում՝ պապն ու տատը առջևից երգելով մտնում են ճաշասենյակ, և ընդհանրապես, տանը միշտ ուտելու բան լինո՞ւմ է, թե գրպանումդ սև օրվա համար պիտի պատառ ունենաս պահած կամ ի՞նչ պիտի անես, եթե մինչև ճաշի ժամը շատ ժամանակ կա, իսկ դու սոված ես, շատ ես սոված, անընդհատ ես սոված… Ամոթից սառը քրտինք էր իջնում վրան՝ պատկերացնելով, թե ինչպես է մայրը բռնում իրեն խոհանոցում բոլորից թաքուն հաց ուտելիս: Ճիչ, աղմուկ, վրա են վազում եղբայրները, քույրերը, տատը, պապը, հայրը, բոլորը մատով իրեն են ցույց տալիս, նախատական օրորում են գլուխները, հետո որբանոցի տնօրենն է գալիս, հերթով ու ամուր սեղմում է բոլորի ձեռքերը՝ սկսելով անշուշտ տատից ու պապից, տարակուսանքով ուսերն է թոթվում, ապա բռնելով Ենոքի ականջը՝ քաշքշելով հանում է աղիողորմ ողբացոք տղային տանից, համերաշխ ընտանիքի անդամների բուռն ու երկարատև ծափահարության տակ… Եվ միայն քույրը, ինքն իրեն խղճալով մխիթարում էր Ենոքը, մե՞ծը, փո՞քրը, թաքուն արցունքներն է սրբում գեղեցիկ ասեղնագործած թաշկինակով: Իսկ որբանոցի տնօրենը, դուրս հանելով նրան տանից, փողոցի անկյունը թեքվելուն պես թողնում էր ականջը, շոյում էր գլուխը, ծնկի էր գալիս Ենոքի առաջ, բողոքում էր կյանքից, փոշուց, աննձրևից, ցեխից ու դարձյալ անձրևից, կնոջից ու անձրևից, ասում էր, որ ինքը ստիպված է կոպիտ լինել, այլապես այդ ընտանիքի անդամները կարող են բողոքել ուր որ հարկն է և Ենոքին կտանեն ուր որ հարկն է, այսինքն բանտ, իսկ հետո, ի՞նչ կարող է լինել հետո, ինչեր կարող են լինել հետո… իսկ այսպես լավ է, շատ ավելի լավ է, նրանք կմտածեն, որ տնօրենը կպատժի Ենոքին, օր ու արև չի տա, չնայած առանց այդ էլ առավոտից իրիկուն անձրև է գալիս այս անտեր քաղաքում, իսկ թե անձրևները կտրվում են, փոշին է սկսում, փոշին…

– Ախր նրանք ի՞նչ գործ ունեն քեզ հետ,- ծնկի եկած շարունակում էր աղաչական տոնով համոզել տնօրենը:- Ի՞նչ կապ ունեն, օտար մարդիկ են, ի՞նչ ես կպել նրանցից, քո ծնողները մեռել են, վաղուց են մեռել, է՜յ, եսիմ երբ, գաղթել են Կարսից…- տնօրենի ձայնը սկսում էր դողալ, զգացվում էր, որ նա հազիվ է զսպում լացը,- գաղթել են Կարսից:- Հայրիկիդ էլ, մայրիկիդ էլ սպանել են ինչ-որ անհայտ ոճրագործներ… Խեղճերը հազիվ մազապուրծ փախել են թուրքերից, հասել են հարազատ եզերք և ընկել հայրենի կողոպտիչների ճանկը, և իրականացել է նրանց հոգու նվիրական իղձը՝ նրանց հայրենադարձ հոգիներն հիմա նաիրյան երկնքում են, իսկ վերջապես հանդարտված մարմինները՝ Շիրակի դաշտավայրում, և սա մխիթարություն է վերին… Եվ դու ես նրանց մեն-միայնակ ժառանգը այս անծայրածիր աշխարհի վրա…- Տնօրենը լեզվի և գրականության մասնագետ էր, գեղեցիկ բառեր շատ գիտեր և ոմանց ասելով՝ բանաստեղծություններ էլ էր գրում և ուղարկում մայրաքաղաքի թերթերին, որոնք համառորեն մերժում էին, սակայն կարևորն այս պահին դա չէր, այլ այն, որ սովորաբար տնօրենը «այս անծայրածիր աշխարհին» հասնելուն պես սկսում էր բարձրաձայն ողբալ, Ենոքն անմիջապես միանում էր նրան, հետո նրանք փաթաթվում էին, հետո նրանք անկապ բառեր էին ասում և ողբում էին այնքան, մինչև որ բոթբոթելով Ենոքին չարթնացներ կողքին քնածներից որևէ մեկը… Արթնացնում էին և անմիջապես էլ, առանց բառ ասելու շուռ գալով կողքի, քնում էին: Ի՞նչ ասեին, ի՞նչ հարցնեին՝ բոլորն էլ արդեն վարժվել էին այդ լացուկոծերին, բոլորն էլ լաց էին լինում քնի մեջ, իսկ արթնացնում էին ոչ թե նրա համար, որ խանգարում էին իրենց քնին, այլ բավական էր, որ մեկը բարձրաձայն արտասվեր, որպեսզի քիչ անց մյուսներն էլ միանային նրան…

Այնուհանդերձ, դուրս լողալով իր մտածումների խորը հատակից մտմտած Ենոքը, այդպես էլ ոչ մեկը ոչ մի անգամ չհիշատակեց Զուլումի անունը, նույնիսկ չհայհոյեցին…