31. ՔՍԱՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Անցյալ կատարած գործուղման Մաեստրոյի հաշվետվությունից երկար ժամանակ անց տեղեկացանք հավաստի աղբյուրներից, որ արդեն վերադարձել է 2025 թվական մեկնած փորձնական արշավախումբը, որի կազմում, ինչպես արդեն գիտեք, ընդգրկված էր նաև Մաեստրոն: Ահա թե ինչ նա պատմեց.

ՄԱԵՍՏՐՈ

  Ուրեմն, այստեղից դուրս եկանք  2002 թվականի ապրիլի 30-ին և ընդամնեը մեկ ժամ հետո, հասկանալի է, իրավունք չունեմ բացատրելու ինչպես և ինչով, հասանք  2025 թվականի Երևան: Այսօրվա պես թեթև անձրև էր գալիս և, հասկանալի է, եղանակային հարմար պահը չկորցնելու նպաակով քաղաքային իշխանությունները ասֆալտապատման եռանդուն աշխատանքներ էին տանում քաղաքի կենտրոնական փողոցներում: Մինչ որոշում էինք, թե որ ուղղությունը նախընտրենք, մեր ուշադրությունը գրավեցին օպերայի կողմից լսվող ցնծագին բացականչություններն ու ուռռա՜ները:  Անցորդներից մեկը բացատրեց, որ վաղվանից Ա1+-ը  նորից եթեր է հեռարձակվելու, և այդ առիթով հրապարակում միտինգ է հրավիրված: Բարձր տրամադրությամբ շտապեցինք հրապարակ: Մեր հասնելու պահին խոր լռություն էր իջել: Պարզվեց՝ հավաքվածները հանդիսավոր լռությամբ, պատկառանքով հետևում էին, թե ինչպես են ծերունազարդ և այլևս շարժվելու անընդունակ Արշակ Սադոյանին պատգարակով բարձրացնում բեմահարթակ: Ի վերջո, վերելքը հաղթահարվեց,  և միկրոֆոնը մոտեցրին 90-ամյա Սադոյանի շուրթերին.

-Ընդդիմությունը տարավ իր հերթական հաղթանակը,- երկարատև ֆսֆսոցից հետո խոսեց միկրոֆոնը: – Եվ սա՝ մեր և հարազատ ժողովրդի միասնական պայքարի շնորհիվ: Հաջորդ քայլը կլինի նախագահին հասկացնելը, որ սարերի ետևում չէ այն օրը, երբ նա կթողնի պրեզիդենտական աթոռը…: Եվ դա կլինի նրա դեմ մեր 30-ամյա պայքարի փայլուն ավարտը: -Որպես հավանության նշան, հավաքվածները բուռն ծափահարեցին:

Մինչ հրապարակում միտինգն ընթացքի մեջ էր, նախագահը հանդիսավորությամբ կտրում էր նորակառույց մանկապարտեզի բացման ժապավենը: Մենք ևս բաց չթողեցինք մեր՝ արդեն տարիքն առած նախագահին նորից տեսնելու բացառիկ հնարավորթյունը:

-Խոսքը ներկայիս նախագահի մասի՞ն է,- թղթակիցների հարցին Մաեստրոն պատասխանեց.

– Այո-այո, խոսքը դարձյալ նրա մասին է, որը հուրախություն մեզ, դարձյալ չափազանց աշխույժ էր և առույգ: Խիստ տպավորիչ էր նրա խոսքը՝ ուղղված մանկապարտեզի ապագա սաներին.

– Սիրելի փոքրիկներ,- ասաց նախագահը,- այս գեղեցիկ միջոցառումը առիթ հանդիսացավ, որպեսզի ես մոտիկից շփվեմ ձեզ հետ, ծանոթանամ ձեզ հուզող խնդիրներին ու հոգսերին… Ես անչափ ուրախ եմ դրա համար, որովհետև հանձինս ձեզ, վերջապես տեսա այն սերունդը, որն իսկապես տեր է կանգնելու այս երկրին, հասկացա նաև, որ հենց ձեր սերնդից է դուրս գալու նա, ում ես կկարողանամ առանց տատանվելու փոխանցել երկրի կառավարման ղեկը և, ի վերջո, կգնամ վաստակած հանգստի…-Նախագահի աչքերում արցունքներ հայտնվեցին, ես դա իմ աչքով տեսա,- վկայեց Մաեստրոն՝ թաքցնելով իր իսկ արցունքները: – Այո, իսկապես հուզիչ տեսարան էր…

2025 թվականի երևանյան  մամուլից տեղեկացանք, որ մեծ թափով ընթանում է հոկտեմբերի 27-ի դատավարությունը: Թերթերում տպագրված լուսանկարներից մի կերպ ճանաչեցինք, խորապես ծերացած Նաիրի Հունանյանին և նրա հանցակիցներին: Դատավորներից և ոչ մեկին չճանաչեցինք՝ նոր սերունդ էր եկել: Ծանոթացանք նրանցից մեկի հետ, և մեր այն հարցին, թե ինչու է դատավարությունն այսքան ձգձգվում, պատասխանեց.

-Իշխանությունները գտել են միակ ելքը, որի շնորհիվ թե՛ մահապատժի վերացում պահանջող Եվրախորհուրդը գոհ կմնա, և թե՛ ժողովրդի այն մասը, որը մահապատիժ է պահանջում… Ո՞րն է այդ հանճարեղ ելքը՝ այս դատավարությունը ձգել այնքան, մինչև որ հանցագործներն այն աշխարհ գնան բնական մահով… Ինչպես լատինական իմաստուն ասացվածքն է ասում՝ «Յա շիշ, յա քաբաբ»:

Մաեստրոն հանկարծ կտրուկ ուղղվեց տեղում.

-Պատահաբար քաբաբ չե՞ք վերցրել հետներդ,- հարցրեց աշխուժացած:

-Վերցրել ենք, ինչպե՞ս կարող էինք մոռանալ Մաեստրոյի սիրելի ուտեստը:

-Իսկ շի՞շ,- շարունակեց հետաքրքրվել Մաեստրոն:

-Շիշ էլ ենք վերցրել,- հանեցին օղու շշերը:

-Դե, ուրեմն, վերցնում ենք յա շիշն ու յա քաբաբը և տեղափոխվում ենք կողքի սենյակ,- ձեռքերն աշխուժությամբ շփեց Մաեստրոն,- զրույցը շարունակում ենք փակ դռների ետևում: