44.ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Մի քանի օր առաջ Մաեստրոն նամակ ստացավ Գյումրիից: Ծրարի վրա ոչ հասցե կար և ոչ էլ ինդեքս: Ընդամենը մի բառ ՝ Մաեստրոյին: Եվ սա ամենևին պատահական չէ. Մաեստրոյի նկատմամբ համաժողովրդական սերն ու պատկառանքն  այն աստիճանի են հասել, որ Մաեստրոյին գտնելու համար ո՛չ հասցե է հարկավոր և ո՛չ էլ ինդեքս, ո՞ւմ հայտնի չէ, որ մեծ մտածողն առավոտից-իրիկուն գտնվում է «Շիրակ» հյուրանոցի կողքին գործող բարեգործական ճաշարանում: Սակայն վերադառնանք նամակին:

 

ՆԱՄԱԿ – ԴԻՄՈՒՄ ՄԱԵՍՏՐՈՅԻՆ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ, ՀՈՒՍԱՀԱՏ ԵՎ ԶԱՅՐԱՑԱԾ

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՑ

Սիրելի Մաեստրո,

այս նամակի դրդապատճառն այն սարսափելի անարդարությունն է, որով այս էլ քանի տարի շրջապատված է մեր և ձեր հայրենի և, կարելի է նույնիսկ պնդել մայրենի քաղաքը:

Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին տարիներին տարբեր մակարդակներով  և մեծ ակտիվությամբ խոսվում է, ինչու չէ, նաև գրվում է հարևան պետությունների հետ հողերի և բնակավայրերի, ավելի ճիշտ, Լաչինը Մեղրիի հետ փոխանակման մասին:

Ոչինչ չունենալով Մեղրիի և մեղրեցիների դեմ (շուն թե գել՝ մեր հարազատներն են), այնուամենայնիվ մենք չենք կարող թաքցնել մեր արդարացի զայրույթն ու վրդովմունքը, առ այն, որ մեր ղեկավարներն ու ընդդիմությունը, Մեղրիից բացի, փոխանակման արժանի ուրիշ ոչ մի այլ բնակավայր չեն տեսնում: Են մենք բոլոր իրավունքներն ունենք հարց բարձրացնելու, թե այդ ի՞նչ արժանիքների և առանձնահատկությունների հաշվառումով է տեղի ունեցել սույն ընտրությունը, մի՞թե այս հանգամանքը չի  վկայում, որ  Գյումրին դարձյալ շարունակում է դուրս մնալ թե՛ մեր իշխանավորների և թե՛ կուսակցությունների ուշադրությունից: Չէ՞ որ բավական էր ընդամենը մի համեմատական հայացք նետել Գյումրիի և Մեղրու անցյալի և ներկայի վրա, հասկանալու, որ առաջինն՝ այսինքն՝ Գյումրիվ, իր պատմական հարուստ ժառանգությամբ և ներկա ողբերգական ճակատագրով շատ ավելի էր արժանի փոխանակման, ինչի շնորհիվ կարող էր ազատվել աղքատության ճիրաններից և վերստանալ զարգացման հեռանկար:

Մեր իշխանավորները մի՞թե մոռացել են, որ Գումրին տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է, ուր, ըստ Ղևոնդ պատմիչի, արաբ զավթիչների դեմ դեռևս նախնադարում ժողովրդական հուզումներ են տեղի ունեցել Արտավազդ Մամիկոնյանի գլխավորությամբ: Այստեղ հայտնաբերված նյութերը վերաբերում են մ.թ.ա. երրորդ հազարամյակից մինչև միջնադար ընկած ժամանակներին: Հետագա տարիներին, երկաթուղու կառուցումից հետո (1899), Ալեքպոլն Արևելյան Հայստանում դարձավ նրանավոր քաղաք, երկաթուղային կարևոր հանգույց, տնտեսական, ռազմա-ստրատեգիական, մշակութային հռչակավոր կենտրոն: Քաղաքը հայտնի է գուսաններով, երգիչներով՝ Ջիվանի, Շերամ, Ֆահրազ, Հայաթ և ուրիշներ, ինչպես նաև եկեղեցիներով, հիշենք թեկուզ ս.Փրկիչ եկեղեցին: 1912-ին, առաջին անգամ Հայաստանում, այստեղ է բեմադրվել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան և դրվել ազգային օպերային թատրոնի հիմքը: 1902-ին բացվեց քաղաքային բանկը: Իսկ թե քանի մեծ գրող է ծնվել այս քաղաքում, դժվար է հաշվել: Նշենք ամենակարևորը՝ մեր հայյրենակիցն է Մաեստրոն… Սա մի փաստ է, որի կողքով, առավել ևս միջով, հնարավոր չէ անցնել… Ի՞նչ կարող է հակադրել այս ամենին խեղճ ու կրակ Մեղրին: Կարծում եմ՝ ոչինչ:

Սիրելի Մաեստրո,

Ելնելով վերոհիշյալ կարկառուն   փաստերից, վստահ ենք, որ կօգտագործեք  Ձեր վիթխարի հեղինակությունը, բնակավայրերի փոխանակման հարցում գրանցված ահավոր անարդարությունը վերացնելու համար: Ոչինչ, եթե արդեն որոշված է, թող   Մեղրին փոխանակեն Լաչինի հետ: Բայց ինչո՞ւ սահմանափակվել և չշարունակել այդ արդյունավետ գործընթացը: Ինչո՞ւ, օրինակ, Գյումրին չփոխանակել Անիի հետ, թեկուզ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուսն էլ նախկինում ծաղկուն քաղաքներ են եղել և երկուսն էլ հիմա ավերակների են վերածված…

Մնանք կարոտով սպասող՝

մի խումբ գործազուրկ, հուսահատ

և զայրացած գյումրեցիներ