46. ԳՏՆՎԵԼ Է ՀԱԶԱՐԱՄՅԱ ԱՌԵՂԾՎԱԾԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Հայաստանի ԳԱԱ «Հավի և ձվի» ինստիտուտի Գյումրու բաժանմունքից Մաեստրոն ուրախ լուր ստացավ՝  աննախադեպ հայտնագործություն է գրանցվել տեղի գիտնականների ուժերով: Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում բաժանմունքի տնօրեն Օնես Ձվակերյանը հայտնեց, որ բաժանմունքը՝ բաղկացած  երեք հոգուց (ինքը՝ տնօրենը, քարտուղարուհին և վարորդը), երկար տարիներ բաժանմունքի պատուհանից  հետևելով հարևան բակում քուջուջ անող հավերին, ի վերջո գտել է «Հավն է սկզբում եղել, թե ձուն» հավերժական հարցի վերջնական պատասխանը: «Ծիտրո Ալեք» հիմնադրամի հովանավորությամբ մոտ օրերս հրապարակվող աշխատության մեջ պարոն Ձվակերյանը հիմնովին ժխտում է գերմանացի և ճապոնացի գիտնականների՝ «Ձվածեղ» և «Տապակա» վարկածները, ինչին պարոն Ձվակերյանը նվիրեց շուր երեք ժամ: Անհամբեր լրագրողներից մեկը չդիմանալով տեղից բացականչեց.

-Պարոն Ձվակերյան, ի վերջո, ըստ Ձեզ, ի՞նչն է եղել սկզբում՝ հա՞վը, թե՞ ձուն…

-Ո՛չ հավը և ո՛չ էլ ձուն,- հանդիսավորությամբ պատասխանեց Օնես Ձվակերյանը,- սկզբում եղել է կուտը…

Ասուլիսն ավարտվեց բուռն և երկարատև ծափահարությամբ:

 

P.S.  Մեր թղթակիցն էքսկլյուզիվ հարցազրույցի միջոցով պարզեց, որ ՀԳԱԱ-ի «Հ և Ձ» ինստիտուտի Գյումրու բաժանմունքի փոքրաթիվ աշխատակազմն իր գործն ավարտած չի համարում և այժմ ձեռնամուխ է եղել պարզելու «Ադիբուդիի» առեղծվածը: Եվ բացառված չէ, որ կարճ ժամանակ անց կարողանա պատասխանել, թե՝ ադին է սկզբում եղել, թե բուդին… Հարց, որ դարեր շարունակ հուզել է մարդկությանն իր խորհրդավորությամբ: