68. ՑՆՑՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԼԵՆԴԵԼԻՑ. ԼՈՒԾՎԵԼ Է ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Մինչ ամբողջ հանրապետությունը խրված էր ընտրական ու նախընտրական եռուզեռի մեջ, ուրախ լուր ստացվեց ամերիկյան Գլենդել քաղաքից: Պարզվում է՝ տեղի հայկական համայնքի, տարբեր կուսակցությունների, բարեգործական և հասարակական այլ կազմակերպությունների, ամերիկյան իշխանության ջանքերով և սերտ համագործակցությամբ կյանքի է կոչվել հայրենադարձության բոլորովին նոր, առաջավոր եղանակ, որն ամերիկահայ գաղութի խնդրանքով մշակել էր Մաեստրոն:

Ստանալով այս լուրը, սլացա Մարտիրոս Սարյանի պուրակ, ուր իր ետճաշյա հանգիստն էր վայելում Մաեստրոն: Տեսնելով ինձ, նա խորամանկ ժպտաց.

ՄԱԵՍՏՐՈ.- Արդեն տեղյա՞կ եք:

ԹՂԹԱԿԻՑ.- Անշուշտ, Մաեստրո: Ընդունեցեք մեր ջերմ շնորհավորանքները:

ՄԱԵՍՏՐՈ.- Շնորհավորել է պետք ամբողջ աշխարհով մեկ սփռված մեր բազմաչարչար հայրենակիցներին: Իհարկե, նաև ինձ:  Ճիշտ է, ես համեստ անհատ եմ, այնուհանդերձ, Դուք պետք է գնահատեք պահի հանդիսավորությունը. Դուք, երիտասարդ, այս պահին զրուցում եք մի անձնավորության հետ, որը վերջնականապես լուծել է հայահավաքության խնդիրը, և, ամենակարևորը՝ իմ շնորհիվ երկքաղաքացիությունն այլևս մղվեց երկրորդ պլան, աշխարհի բոլոր հայերը, հետևելով իմ ծրագրին, կարող են դառնալ մայր հայրենիքի բնակիչ: Սակայն այստեղ կա մի բարդություն, որը թույլ չի տալիս պնդելու, թե աշխատանքները վերջնականապես ավարտված են: Հասկանո՞ւմ եք, յուրաքանչյուր երկրի համար պիտի մշակվի առանձին ծրագիր՝ հաշվի առնելով այդ երկրի յուրահատկությունները: Առաջինը ես մշակել էի Գլենդելի հայկական համայնքի պատվերով:

ԹՂԹԱԿԻՑ.- Ո՞րն է բոլոր այդ ծրագրերի և կոնկրետ Գլենդելի համար մշակված ծրագրի էությունը, որը, ինչքան հասկացա, մնում է անփոփոխ:

ՄԱԵՍՏՐՈ.- Այն թույլ է տալիս Գլենդելի հայահոծ թաղամասերից մեկի բնակչությանը՝ վերադառնալ հայրենիք, դառնալ նրա լիիրավ քաղաքացի… առանց Գլենդելից դուրս գալու:

ԹՂԹԱԿԻՑ.- Ինչպե՞ս, Մաեստրո…

ՄԱԵՍՏՐՈ.- Այ, էդ «ինչպես»-ի լուծելու մեջ է հանճարի և սովորական մարդու տարբերությունը: Ուրեմն, նորից կրկնեմ, գլենդելյան փորձի հաջող ավարտից հետո, որոշ փոփոխություններով այն կարելի է կիրառել սփյուռքի բոլոր այն օջախներում, ուր հայերն ապրում են հոծ խմբերով և միասնաբար այրվում են հայրենիք վերադառնալու ցանկությամբ… առանց գաղթօջախներից կտրվելու:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, ներկայացրեք գլենդելյան փորձը, ես անհամբերությունից այրվում եմ:

ՄԱԵՍՏՐՈ.- Ուրեմն, ինչպես արդեն ասացի, Գլենդելի հայահոծ թաղամասերից մեկն առնված է փակ օղակի մեջ, ուր ստեղծված է մի այնպիսի իրադրություն, որն իր պայմաններով գրեթե նույնական է հայրենիքում ստեղծված իրադրությանը: Համագործակցելով տեղի՝ ամերիկյան իշխանությունների հետ, կենսագործվել են հետևյալ գործողությունները.

ա) Ստեղծվել է արհեստական շրջափակում, նահանգի ղեկավարության սիրալիր թույլտվությամբ (որը, պետք է ասել, նահանգի այս նախընտրական շրջանում համակողմանիորեն ընդառաջում է համայնքի բոլոր ցանկություններին), կտրել են թաղամասն արտաքին աշխարհին կապող հաղորդակցության ուղիները, փակված են երկաթուղային կայարանները, ավտոմայրուղիները: Միայն գործում է, այն էլ լավ եղանակներին, օդային կապը՝ սննդամթերքը, դեղամիջոցները և, ընդհանրապես, առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները թաղամաս են հասցնում ինքնաթիռներով, ուղղաթիռներով, այդ ընթացքում հաղթահարվում են մեծ դժվարությամբ ստեղծված բազմաթիվ արհեստական խոչընդոտներ:

բ) Բանակցություններ են տարվել հարևան նահանգի ղեկավարության հետ (երկրի պրեզիդենտի թույլտվությամբ և բարձր հովանավորությամբ) և արդեն առանձնացվել է այն շրջանը, որը պիտի վիճելի տարածք համարվի և դառնա հակամարտության գոտի: Արդեն տեղի են ունեցել առաջին զինված բախումները, բարեբախտաբար, մեր կողմից զոհեր ու վիրավորներ չկան:

գ)  Դիմել են հարևան նահանգի իշխանություններին (սրանք մեծ դժվարությամբ համաձայնվել են հանդես գալ հակառակորդ կողմի դերով), խնդրելով նրանց ստեղծել հատուկ ջոկատներ, որոնք ժամանակ առ ժամանակ պիտի պայթեցնեն Գլենդել մտնող գազատար խողովակը, հարակից կամուրջներն ու մայրուղիները: Արդեն տեղի է ունեցել առաջին պայթեցումը, որը, ցավոք սրտի, սպասված արդյունքը չի տվել. չնայած գազատարին հասցված զգալի վնասին (շարքից դուրս էր եկել շուրջ վեց կիլոմետրանոց խողովակաշարը), անմիջապես դեպքի վայր հասած վերանորոգող շինարարների բրիգադը գազատարը վերականգնել էր ուղիղ կես ժամում… Հույս կա, որ բացատրական աշխատանքների միջոցով հետագայում ամեն ինչ կարվի վերականգնման աշխատանքները գոնե փոքր-ինչ ձգձգելու, և այդպիսով հայրենիքում կատարվող աշխատանքների մակարդակին իջեցնելու նպատակով: Հակառակ դեպքում, ծրագրված է շինարարներ հրավիրել մայր հայրենիքից:

դ) Տեղի համայնքի ղեկավարությունը մեծ գլխացավանքի մեջ է ընկել հայաստանյան արտադրության որոշ էժանագին ծխախոտատեսակների պատճառով, որոնք մատչելի են հայաստանյան մտավորականությանն ու գործազուրկներին: Դրանք մեծ խմբաքանակներով այստեղ են բերվել Հայաստանից՝ հայրենական մտավորականության և գործազուրկների ծանր վիճակն այստեղ նույնաբար վերարտադրելու նպատակով: Ցավն այն է, որ տեղափոխելու հաջորդ օրն իսկ այդ ծխախոտների ամբողջ խմբաքանակն անհետացել է պահեստավորված տեղերից և կարճ ժամանակ անց հայտնվել նարկոբիզնեսի մեջ մասնագիտացված մաֆիաների ձեռքին: Պարզվել է, որ վերոհիշյալ ծխախոտատեսակները, հատկապես առանց զտիչներինը, մեծ ընդունելություն են գտել տեղում, մանավանդ գունամորթ հաշիշամոլների շրջանում, իսկ զտիչներով ծխախոտները չափազանց հարմար են եկել սկսնակներին, անկախ նրանց մորթի գույնից: Այս հանգամանքը խորը տագնապների մեջ է գցել տեղի համայնքի ղեկավարությանը՝ ստիպելով նրանց պարզաբանումների մեջ մտնել իշխանությունների հետ:

ե) Ծննդյան տոների նախօրեին հրաման է իջեցվել, ըստ որի, արգելվել է բնական եղևնիների հատումն ու վաճառքը՝ անտառների պահպանման համար: Թույլատրվել է օգտագործել միայն արհեստական եղևնիներ: Այս արգելքն առանձնապես տպավորություն չի գործել և հեշտությամբ հաղթահարվել է, որովհետև բնական եղևնիների բացակայությունը բացարձակապես չի վշտացրել փոքրիկ գլենդելցիներին՝ քաղաքի խանութները լեփ-լեցուն են եղել արհեստականներով, որոնք բնականից տարբերվում են միայն անհամեմատ էժանությամբ:

զ) Դժվարին, բայց հետևողական աշխատանք է տարվում Գլենդելի շուրջօրյա ջրամատակարարումը օրը 2 ժամվա վերածելու ուղղությամբ: Խոստացել են մինչև 2004 թվականը նորից իրենց տեղը վերադարձնել ջրաչափերն ու հերոսական ջանքերով ջրամատակարարումը դարձնել շուրջօրյա:

ը) Ձմռանն անջատել են քաղաքի ջեռուցումը, բայց քանի որ Գլենդելում ձմեռները բավականին տաք են, որոշվել է այսուհետ սառը օդ փչող սարքավորումներ դնել բնակարաններում՝ հայաստանյան ցրտաշունչ տների տպավորությանը գոնե փոքր-ինչ մոտենալու համար:

Դեռևս երկար կարելի է շարունակել արդեն իրականացված կամ իրականացման ընթացքի մեջ գտնվող գործողությունների թվարկումը: Մենք առաջիկայում ևս կաշխատենք անդրադառնալ այս թեմային, սակայն այսօր արդեն պարզ է, որ արդյունքներն առավել քան գոհացուցիչ են: Հայրենադարձության այս նորագյուտ եղանակը մեծ հեռանկարներ է խոստանում…