69. ԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՈՉ ԹԵ ԱՎԱՐՏ Է, ԱՅԼ ՍԿԻԶԲ. ՄԱԵՍՏՐՈՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՆՈՐԱՆՈՐ ԱՍՊԱՐԵԶՆԵՐ ՕՊՏԻՄԱԼԱՑՆԵԼՈՒ ԾՐԱԳՐՈՎ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Այս լուրն առնելուն պես սուրացի Սարյանի պուրակ, ուր «ԻՄ ԿՅԱՆՔԸ» կենսագրական նկարահանումների ընդմիջումներին կարճ ժամանակով վերադառնում էր ականավոր քաղաքական-հասարակական գործիչը:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, մենք տեղեկացանք, որ դպրոցների օպտիմալացումը մեծ խանդավառություն է առաջ բերել Ձեր հոգում, և դուք դրա հիման վրա հղացել եք նորանոր ասպարեզներ օպտիմալացնելու ծրագիր:

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, զավակս, դպրոցների օպտիմալացումն իրոք տակնուվրա արեց իմ հոգին, ես նորից հիշեցի 20-րդ դարի 30-ական թվականները, իմ վաղ մանկության տարիները, երբ ժողովուրդների մեծ առաջնորդ Իոսիֆ Ստալինը հանդես եկավ փոքր, անհատական տնտեսություններն օպտիմալացնելու և կոլեկտիվ տնտեսություններ՝ կոլխոզներ հիմնելու հրաշալի ծրագրով…

Հիշում եմ իմ առաջին մանր գողությունը՝ երկու դույլ պոմիդորը, որը ես համայնական-օպտիմալացված-կոլխոզային բոստաններից զիգզագ ճանապարհով տեղափոխեցի օպտիմալացված կոլխոզ-շուկա: Եվ կարճ ժամանակ անց գրպանս դրի իմ առաջին արդար, թափանցիկ վաստակը՝ 5 ռուբլին… Ի՜նչ օրեր էին:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, ուզում եք ասել, որ դպրոցների օպտիմալացման ծրագրով մենք նորից սկսում ենք վերադառնալ դեպի կոլխոզ-սովխոզային հասարակա՞րգ:

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, բալա ջան: Շուտով, երբ կավարտվի դպրոցների օպտիմալացման ծրագիրը, պետությունը, իմ ներկայացրած նախագծով, ձեռնամուխ կլինի մարդկանց տների և բնակարանների օպտիմալացմանը, ինչը ժողովուրդների մեծ առաջնորդ Իոսիֆ Ստալինի մոտ կիսով չափ ստացվեց:

ԹՂԹԱԿԻՑ.- Իսկապե՞ս, Մաեստրո:

ՄԱԵՍՏՐՈ.- Հարկավ, բալա ջան: Ի վերջո, ի՞նչ են քո կարծիքով Գուլագները, եթե ոչ բնակարանների օպտիմալացման իրական և հեռանկարային պատկեր… Հուսանք, որ մեր իշխանությունները գործը կիսատ չեն թողնի և մինչև վերջ հաղթական ավարտի կհասցնեն այդ ծրագիրը, ինչի շնորհիվ մեր փոքրիկ հանրապետությունը կվերածվի մեկ միասնական, կոկիկ, օպտիմալացված համակենտրոնացման ճամբարի, ուր ամեն ինճ՝ սկսած դպրոցներից, մանկապարտեզներից մինչև հասարակական զուգարաններ, ծայրեծայր օպտիմալացված կլինեն:

ԹՂԹԱԿԻՑ.- Դե ինչ, Մաեստրո, հուսանք, որ Ձեր այս ծրագիրը նախորդների նման կիրականանա, և մենք վերջապես կապրենք օպտիմալացված դրախտում: