71. ԵԹԵ ՔՐՍԻՏՈՍԻ ԽԱՉԸ ԲՐՈՆԶԻՑ ԼԻՆԵՐ…

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Մաեստրոն, վերադառնալով արձակուրդից, անմիջապես նկատում է, որ գողացել են իր մանկության ընկերոջ՝ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի բրոնզե վրձինը և դրանից հանգում է այն եզրակացության, որ մենք ազգովի ինչպես եղել, այդպես էլ մնացել ենք բրոնզե դարում… Հաշվի առնելով ստեղծված սպառնալի իրադրությունը՝ գրական, հասարակական-քաղաքական ականավոր գործիչը դիմել է կառավարություն՝ հրատապ ու անհետաձգելի առաջարկությամբ:

Արձակուրդից վերադարձած Մաեստրոյին ողջունելու և նրա նոր, հրատապ ու անհետաձգելի առաջարկությանը մոտիկից ծանոթանալու նպատակով, շտապեցի Սարյանի պուրակ, ուր գրական, հասարակական-քաղաքական ականավոր գործիչն իր մշտական տեղում էր՝ մի քանի երիտասարդներով շրջապատված: Նկատելով ին՝ Մաեստրոն հրաժեշտ տվեց երիտասարդներին և սիրալիր խնդրեց նրանց մենակ թողնել թղթակցի հետ:

ԹՂԹԱԿԻՑ.- Բարի վերադարձ, Մաեստրո: Տեսնում եմ՝ շատ լավ եք հանգստացել: Այս ի՞նչ երիտասարդներ են շրջապատել Ձեզ:

ՄԱԵՍՏՐՈ.- Ի՞նչ արձակուրդ, եղբայր, հանգիստս, հոգիս տակնուվրա եղան հենց գնալուս առաջին օրը: Հեռվից-հեռու իմացա, որ գողացել են բանտային ընկերոջս՝ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի մուտքի բրոնզաձույլ հուշատախտակը… Ինչպիսի՜ սրբապղծություն: Հենց նուն օրը այդ կապակցությամբ բողոք նամակ հղեցի կառավարություն, որպեսզի սրանք հետևողական լինեն և ինչպես կաշառակերությունը կանխելու նպատակով բարձրացրել են ԱԺ պատգամավորների, դատա-իրավական ասպարեզի պաշտոնյաների աշխատավարձը, այնպես էլ անմիջապես կանխելու համար հանրապետությունում տարածված գողությունները բարձրացնեն զանազան մանր ու մեծ գողերի և հատկապես մետաղագողերի եկամուտները… Հենց նույն այդ նամակի մեջ կտրականապես խնդրել եմ իմ ապագա տուն-թանգարանը կառուցելիս բացառեն բրոնզաձույլ իրերի առկայությունը ինչպես թանգարանի ներսում, այնպես էլ դրսում… Իմ հուշարձանները պահանջել եմ, որպեսզի քանդակեն միմիայն քարից, գերադասելի է՝ մարմարից:

ԹՂԹԱԿԻՑ.- Ձեր այս առաջարկության մասի՞ն են խոսում այսօր մեր մամուլն ու հեռուստատեսությունը..

ՄԱԵՍՏՐՈ.- Ոչ, ոչ… Սա ընդամենը իմ բողոքի նամակի բովանդակությունն է: Առաջարկության միտքն իմ մեջ հասունացավ արձակուրդից վերադառնալուց հետո, երբ պատահաբար իմացա, որ գողացել են իմ մյուս հարազատ ընկերոջ՝ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի բրոնզաձույլ վրձինը… Ինչպես տեսնում եք, արձակուրդն սկսվեց և ավարտվեց բրոնզեդարյան երկու ահավոր սրբապղծությամբ:

ԹՂԹԱԿԻՑ.- Եվ այդպես ծնվեց Ձեր նոր, հրատապ ու անհետաձգելի առաջարկությո՞ւնը:

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, զավակս, ինչպես տեսնում ես, այդ սրբապղծությունների պարարտ հողում ծնունդ առավ իմ հերթական հանճարեղ միտքը, որի շնորհիվ մեր դասական պոեզիան, և հատկապես իմ տարաբախտ ընկերոջ՝ Եղիշե Չարենցի պոեզիան կփրկվի վերահաս սրբապղծությունից:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, բայց ինչքան հիշում եմ, Չարենցի արձանների վրա բրոնզ չկա:

ՄԱԵՍՏՐՈ.- Ճիշտ է, արձանների վրա չկա, բայց նրա պոեզիան լեփ-լեցուն է այդ չարաբաստիկ մետաղով: Ահա, խնդրեմ, կարդանք նրա այդպիսի բանաստեղծություններից մեկը.

Բրոնզ ես, հուր ես,

Բրոնզե սուր ես,

Բրոնզե փառք ես,

Բրոնզե փայլ –

Բայց դու զո՞ւր ես,

Ախ, իզո՜ւր ես

Կոտրում սուրս

Արևառ:

…………………….

Բրոնզ ես, հուր ես,

Բրոնզե սուր ես,

Բրոնզե փառք ես,

Բրոնզե փայլ –

Բայց ափսոս որ

Դու հեռո՜ւ ես –

Դու ուրու ես

Արևառ…

Տեսնո՞ւմ ես, ինչքան բրոնզ կա հենց այս մի փոքրիկ բանաստեղծության մեջ… Հապա հաջորդ բանաստեղծությո՜ւնը.

Բրոնզե քույր իմ, բրոնզե քույր իմ բրոնզե հարս,

Լուսավոր դու, հրասիրտ ու հրավարս,

Բրոնզե քույր իմ, բրոնզե քույր իմ բրոնզե հարս:

ԹՂԹԱԿԻՑ.- Ա՜յ քեզ բան… Զարմանալի է, թե մեր բրոնզագողների աչքից ո՞նց են վրիպել այս ստեղծագործությունները:

ՄԱԵՍՏՐՈ.- Եկ պայմանավորվենք այսպես՝ մի կողմից զարմանանք, մյուս կողմից՝ ուրախանանք, հաջորդ կողմից՝ միջոցներ ձեռնարկենք կանխելու վերահաս վտանգը:

ԹՂԹԱԿԻՑ.- Ի՞նչ վտանգ, Մաեստրո:

ՄԱԵՍՏՐՈ.- Այ տղա, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կկատարվի, եթե մեր ժողովուրդն սկսի գիրք կարդալ: Փառք տանք Աստծուն, որ նրանք առայժմ զբաղված են առևտրով:

ԹՂԹԱԿԻՑ.- Ի՞նչ եք առաջարկում, Մաեստրո:

ՄԱԵՍՏՐՈ.- Քանի դեռ մեր ժողովուրդը զբաղված է ընտրություններով, քաղաքականությամբ և արվեստներից գերադասում է քանդակագործությունը, և դեռ գործը չի հասել ընթերցանությանը, անհրաժեշտ է ծավալել կանխարգելիչ գործողություններ…

ԹՂԹԱԿԻՑ.- Ինչպիսի՞ գործողություններ, Մաեստրո…

ՄԱԵՍՏՐՈ.- Շատ պարզ և միաժամանակ հանճարեղ… Օրինակ, Չարենցի վերը նշած բանաստեղծություններում բոլոր բրոնզները հանում պահում ենք մի ապահով տեղ, իսկ դրանք փոխարինում ենք հասարակ, պահանջարկ չունեցող մետաղներով, որոնք գողության ենթակա չեն, կարճ ասած՝ բրոնզը փոխարինում ենք, օրինակի համար, չուգունով: Եվ ստացվում է մի այսպիսի պատկեր.

Չուգունե քույր իմ, չուգունե քույր իմ, չուգունե հարս,

Լուսավոր դու, հրասիրտ ու հրավարս,

Չուգունե քույր իմ, չուգունե քույր իմ, չուգունե հարս:

Եվ այսպես՝ մնացած բոլոր բանաստեղծություններում: Մենք այս պարզ փոխակերպումների շնորհիվ Չարենցի պոեզիան կփրկենք բրոնզագողներից:

ԹՂԹԱԿԻՑ.- Հանճարեղ առաջարկություն է, Մաեստրո:

ՄԱԵՍՏՐՈ.- Բա ուրիշ ի՞նչ էիր սպասում ինձանից, անպիտան: