ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» – խոշոր, լացակումած տառերով

  գրված էր շենքի դարպասին:

«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» –   մանր, ամեն ինչից հոգնած տառերով

  գրված էր ավտոմեքենայի թափքին:

«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» –    գրված էր կրպակի դռանը:

«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» –    գրված էր դեղատան ապակուն:

«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» –    գրված էր գործարանի պատին:

«ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ» – գրված էր անտառի ծառերի,

   ինչպես նաև

   թփերի ու հատուկենտ սունկերի վրա:

«ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ» – գրված էր փետրավոր ու անփետուր

   ամպերի, արևի ու աստղերի վրա:

«ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ» – գրված էր գետերի ու լճերի,

   ձորերի ու լեռների,

   շների ու կատուների վրա…

«ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ» – աննկատ ու գաղտագողի տառերով

   գրված էր կառավարության շենքի

   ահռելի ցուցանակի վրա: