ԱՄԱՆՈՐ-95, 96, 97 …

Պոեզիա > ԵՐԿՈՒ ՋՐՀԵՂԵՂԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Զարդարեք տոնածառը:

Կյանքը անցնում է:

Շուտով նոր թվեր կշարվեն կողք-կողքի,

նոր ձյուն կտեղա հին փողոցների վրա,

և խավարը կծակծկվի փայփայված երազներով:

 

Զարդարեք տոնածառը`

Ով ինչով կարող է:

Նոր խաղալիքներ են հայտնվել հին խանութներում`

փոքրիկ նավթավառներ, չենջի կրպակներ,

մուրացկաններ փոքրիկ և ստահակներ մեծ,

նավթի բիդոններ, հացի կտրոններ,

բարեգործական ճաշարաններ, անշարժ տրոլեյբուսներ,

պայթած գազատարներ, փլված կամուրջներ,

փախստականներ ու գաղթականներ,

կաշառակերներ բոլոր չափերի, և բոլորն այնքան

փայլուն ու սիրուն, հմուտ պատրաստված`

ոսկե ծոպերով, երիզներով գույնզգույն…

 

Խավար է ու ցուրտ: Բայց մի վհատվեք:

Սառած մատներով ու դողդողալով

զարդարեք տոնածառը` ով ինչով կարող է:

 

Զարդարեք տոնածառը:

Բայց դե նորերը ինչքան էլ փայլուն ու սիրուն լինեն,

դուք չմոռանաք կախ տալ ճյուղերից

խաղալիքներն հին`

Հույսը, հավատը ու սերը

կրկին…