58. ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ՝ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Մաեստրոն մեկնաբանում է շաբաթվա կարևոր իրադարձությունները և առաջին հերթին՝  բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու կառավարության՝  ԱԺ հաստատմանը ներկայացրած օրենքի նախագիծը:

  

ՄԱԵՍՏՐՈ.- Օրենքի այս նախագծով կառավարությունն իբր թե ձգտում է պայքարել կաշառակերության դեմ,- ասաց Մաեստրոն, փորձելով լուցկու հատիկի օգնությամբ ատամներն ազատել դեղձի կոմպոտի կպչուն մնացուկներից:- Հիմարությո՜ւն: Այդ նույնն է, կրակի դեմ պայքարել նրա վրա նավթ լցնելով:

ԹՂԹԱԿԻՑ.- Բայց Մաեստրո, չէ՞ որ բարձր աշխատավարձ ստանալով, մեր պաշտոնյաներն այլևս ստիպված չեն լինի մնալ կաշառքի հույսին:

ՄԱԵՍՏՐՈ.- Միամիտ բաներ ես ասում, զավակս: Այդ ինչքա՞ն պետք է բարձրացնել նրանց աշխատավարձը, որ նրանք օրը մեջ «Մերսեդեսներ», «BMW»-ներ, սիրուհիներ փոխեն, վիթխարի ապարանքներ կառուցեն, ֆռֆռան խաղատներում, քեֆեր սարքեն քաղաքամերձ ռեստորաններում, կանաչներ շաղ տան հարսանիքներում: Իսկ առանց այս ամենի էլ ի՞նչ պաշտոնյա… Չէ, զավակս, քաղաքակիրթ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կաշառակերության դեմ պայքարել հնարավոր չէ, այն էլ՝ աշխատավարձը բարձրացնելով:

ԹՂԹԱԿԻՑ.- Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, Մաեստրո, չէ՞ որ այսպես էլ չի կարելի շարունակել:

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, շատ ճիշտ է: Չնայած ես ասացի, որ կաշառակերության դեմ հնարավոր չէ պայքարել, բայց իմացած եղիր, որ կաշառակերների դեմ՝ հնարավոր է:

ԹՂԹԱԿԻՑ.- Ինչպե՞ս, աշխատավարձները շատ բարձրացնելո՞վ…

ՄԱԵՍՏՐՈ.- Չէ, ջանըմ, ընդհակառակը, նրանց պարզապես պետք է զրկել աշխատավարձից: Սա է պայքարի միակ ձևը:

ԹՂԹԱԿԻՑ.- Ինչպե՞ս թե… Բոլորովի՞ն… Ո՞վ կհամաձայնվի առանց աշխատավարձ – պաշտոն զբաղեցնել:

ՄԱԵՍՏՐՈ.- Բոլորն էլ կհամաձայնեն, այն էլ մեծ սիրով: Իմ հաշվով՝ մեր հանրապետությունում, մոտավորապես 50 հազար այդպիսի պաշտոնյա կա, որոնք չգիտեն էլ ՝ երբ է աշխատավարձի օրը, բա՞րձր է, ցա՞ծր է… Այ տղա, ես համոզված եմ, որ նրանցից շատերը նույնիսկ չեն էլ նկատի, որ իրենց զրկել են աշխատավարձից… Իսկ այ, երբ նրանցից կտրած աշխատավարձը բաժանեն թոշակառուներին, ուսուցիչներին, մի խոսքով՝ ազնիվ աշխատավորներին, ապա նրանք անմիջապես կնկատեն, որ  իրենց աշխատավարձը բարձրացել է, կաշխուժանան, կինո-մինո կգնան, մարդամեջ կմտնեն, ի՞նչ իմանաս, գուցե մի գեղեցիկ օր էլ միս կառնեն, թե չէ այդ խեղճերն այս էլ քանի տարի է՝ ջանում են իրենց երեխաներին բացատրել, թե ի՞նչ բան է, ի՞նչ համ ունի մսով ճաշը և չեն կարողանում: