ԿՏԱԿ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Ավաղ, ես ապրում եմ ժամանակներում,

երբ այս զառամյալ հողագնդի վրա ամեն ինչ

սկսել է վերջանալ.

ցամաքում են գետերն ու լճերը,

օվկիանոսները ծով են դառնում, իսկ ծովերը`ճահիճ,

անտառներն այրվում ու մոխրանում են

չոր լուցկիների նման,

իսկ ահա արդեն լրջորեն խոսում են

նավթի ու գազի վերջանալու մասին…

Ավաղ, ինձ ոչինչ չի մնում ժառանգելու իմ հետնորդներին,

ոչինչ, կամ գրեթե ոչինչ, որ հնարավոր լինի վաճառել,

կամ դնել բանկում և խաղաղ ապրել տոկոսների հաշվին:

Թերևս, միակ քիչ թե շատ արժեքավորն այս

սմքող հողագունդն է, որը պառաված

ձիու նման հետզհետե դանդաղեցնում է ընթացքը,

և վստահ եմ, որ շուտով  տնքոցով կանգ կառնի,

և հենց այդ պահին թեթևացած սրտով

այն կժառանգեմ ձեզ`

որպես անշարժ գույք: