ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Աստղեր չկան այս կղզու երկնքում, թեև, միգուցե կան,

սակայն ծանր մտքերի տակ կքած մարդիկ

գետնից չեն կտրում հայացքը` ինչ-որ բան գտնելու հույսով-

երկնքում ոչինչ չգտան իրենց հետաքրքրող…

Չկան նաև թռչուններ, թեև, միգուցե կան, որովհետև երբեմն

փետուրներ են թափվում վերևից և էլի ուրիշ բաներ,

օրինակ ծերտ ու անպարկեշտ հայհոյանքներ, որոնք

առատորեն հղում են երկինք համբարձվող հանգուցյալները`

հողի վրա առտնին գործերով դեսուդեն վազվզող

իրենց հարազատներին:

Հատուկենտ ինքնաթիռներ են անցնում` թևերն

անշտապ թափահարելով և սուզանավեր, որոնք

օդում են լողում ջրի բացակայության պատճառով:

Թեև, միգուցե կան ուրիշ պատճառներ, ասենք,

հավերժական հաշտությունը գայլադեմ ոչխարների

և ոչխարադեմ գայլերի,

երբ այլևս ոչինչ չկա իրարից թաքցնելու,

որովհետև այլևս

ոչինչ չկա…