ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Պոեզիա > ՔՈ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԵՐԸ

Բազմաթիվ հարցեր են ինձ տանջում,

Հերթով կհայտնեմ հիմա ձեզ,

Նախ ինչո՞ւ են ինձ Արայիկ կանչում,

Հետո էլ ինչո՞ւ եմ ես՝ ես:

Ինչո՞ւ ես ծառ չեմ կամ էլ նապաստակ,

Ինչո՞ւ համար ես չորս ոտք չունեմ,

Ինչո՞ւ եմ խոսում – չեն խոսում նրանք,

Կամ ինչո՞ւ պիտի գիշերը քնեմ:

 

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԻՆՁ ԱՐԱՅԻԿ ԿԱՆՉՈՒՄ

 

Որովհետև երբ

Ուրիշ անուն են ետքիցս տալիս,

Ես շուռ չեմ գալիս,

Կարծես թե ոչինչ,

Իսկ երբ «Արայի~կ» կանչեն,

ես արագ

Ետ եմ դառնում ու հարցնում եմ՝ ի՞նչ, –

Հիմա հասկացա՞ք:

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՉՈՐՍ ՈՏՔ ՉՈՒՆԵՄ

 

Այս հարցի վրա

Ես մտածեցի ուղիղ երեք օր,

Եվ երրորդ օրը ես տեսա հանկարծ

Շալվարս այնպես աթոռին դրած,

Նայեցի նրան ու հասկացա նոր,

Որ իմ շալվարը երկու փողք ունի,

Բա որտե՞ղ մտնեն մյուս ոտքերս:

Ահա թե ինչու չորս ոտք չունեմ:

Հիմա բացատրեմ,

թե ինչու պիտի գիշերը քնեմ:

 

ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԳԻՇԵՐԸ ՔՆԵՄ

 

Սկզբից պարզեն՝ ի՞նչ է գիշերը.

Այն նախ շատ է մութ ու ցուրտ է մի քիչ,

Խաղալ չի լինում, արժե՞ հիշելը,

Իսկ ուր խաղ չկա, չկա էլ ոչինչ:

Հետո հոգնում եմ, որ շատ խաղացի,

Չգիտեմ ինչու էլ ձայն չեմ հանում,

Հայրիկիս մի օր ես դա ասացի,

Նա բացատրեց՝ այդ քունդ է տանում:

Իսկ ո՞ւր է տանում, արդեն պարզ բան է,

Տանում է ուղիղ դեպի մահճակալ,

Եվ ես քնում եմ: Ահա այսքանը,

Հասարակ բան է, պետք է իմանալ:

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԾԱՌ ՉԵՄ ԿԱՄ ԹԵ ՆԱՊԱՍՏԱԿ

 

Կամ ավելի ճիշտ՝ ինչո՞ւ եմ ես՝ ես,

Ինչո՞ւ եմ ասյպես:

Ես վազվզում եմ, ծառը կանգնած է,

Նա միշտ լուռ է, իսկ ես խոսում եմ,

Ծառի ճյուղերից մրգեր են կախված,

Ծառը չի ուտում, իսկ ես ուտում եմ:

Իսկ նապաստակը գդալ էլ չունի,

Շալվար չի հագնում, ինչպիսի՜ ամոթ,

Նրա հետ երբեք խաղալ չի լինի,

Փախչում գնում է, չի մնում ինձ մոտ:

Այսքանից հետո ի՜նչ ծառ, նապաստակ,

Ուրիշ բան կամ էլ,

Շատ ճիշտ եմ արել,

Որ Արայիկ եմ այս կյանքում ծնվել:

Ահա թե ինչու հիմա ես՝ ես եմ,

Ու ճիշտ այսպես եմ: