41. ՄԵՐ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Մեր խմբագրությունը, մոտիկ և հեռու բարեկամները, ազգականները խորը վշտով հայտնում են, որ լրանում է մեծավաստակ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Մաեստրոյի՝ իր ասելով 50, ըստ անձնագրի 60, իսկ սեփական կնոջ խորը համոզմամբ՝ 70-ամյակը: Այդ կապակցությամբ խմբագրության աշխատակիցը զանգել է հոբելյանին և կտրականապես շնորհավորել արժանահիշատակ տարեթվի առիթով և առանց դեմքին նայելու, հայտնել է հետևյալը.

«Սիրելի Մաեստրո,

Դուք ապրել եք մի սքանչելի կենսագրություն, որի մեծ մասն անցել է խմբագրությունների, հրատարակչությունների, հաշվապահության դռների մոտ, միջանցքներում, պատերի տակ: Ձեզ հատկապես լավ են ճանաչում հաշվապահության աշխատողները, որոնց նվիրված Ձեր ոտանավորներին հաճախ կարելի է հանդիպել հաշվապահական ցուցակների, ելից-մտից մատյանների և այլ փաստաթղթերի արանքում: Դուք լավ եք ճանաչում հայրենի բնաշխարհը, և Ձեր ստեղծծագործությունները հագեցած են հողի խորհրդավոր գաղտնիքների ներթափանցումով: Այդպիսին է հատկապես «4 x 3 անում է12» քառահատոր անտիպ վեպը՝ նվիրված տարվա չորս եղանակներին: Վեպ, որի շնորհիվ հրատարակչության, ամսագրերի խմբագրությունների աշխատակիցները տեղեկացել են, որ գարնանը ծառերը ծաղկում են, ամռանը՝ մրգակալում, աշնանը՝ տերևները դեղնում են, իսկ ձմռանը ձյուն է գալիս: Բեղմնավոր է նաև Ձեր դրամատուրգիական գործունեությունը, բոլորովին վերջերս կույրերի միավորման շրջանային ակումբում առաջին և, ինչպես հետո պարզվեց, վերջին անգամ բեմադրվեց Ձեր «Լավ է կույր աչոք, քան թե կույր մտոք» պիեսը, որի չափից դուրս բուռն ընդունելության պատճառով երեք ամիս ծանր վիճակում պառկեցիք հիվանդանոցում: Ուշագրավ է Ձեր գրաքննադատական գործունեությունը: Բացառապես գրահրատարակչության, մամուլի ղեկավար աշխատողների գրքերին նվիրված Ձեր գրախոսությունների թվով կարելի է հեշտորեն հաշվել, թե քանի՞ նոր խոսք է ասվել համաշխարհային գրականության ընթացիկ պրոցեսում:

Սիրելի Մաեստրո, խմբագրություններում միշտ էլ մեծ հաճույքով են վերադարձնում Ձեր պատմվածքները, բանաստեղծությունները, առանց կարդալու, արդեն համոզված, որ Դուք շարունակում եք հավատարիմ մնալ պոեզիայի և արձակի Ձեր այն պատկերացումներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն համընկնում խմբագրության աշխատակիցների պատկերացումների հետ:

Սիրելի Մաեստրո, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, էլի ինչ-որ ուրիշ բաներ, որոնք ցավոք սրտի այս պահին չեմ հիշում: Խոստանում եմ հիշելուն պես նորից զանգել»: