49. ՄԵՐ ՕՐԵՐԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Վերադառնալով  արձակուրդից, նախքան աշխատանքային նոր շրջանն սկսելը, Մաեստրոն փորձեց ստուգել, թե ինչքանով է պատրաստ մշակույթի նոր բարձունքներ հաղթահարելուն: Ինչի նպատակով  որոշվեց հաղթահարել տեսանելի և շոշափելի բարձունք: Նպատակակետը  Արագածն էր, հաղթական ավարտը՝ տոնական խաշլաման, որն ի տարբերություն Դալայ-Լամայի, խիստ սննդարար է:

 

Եվ ահա աշնանային մի առավոտ, տեղեկանալով, որ Մաեստրոն վերադարձել է, շտապեցի նրա մոտ, խնդրելով պատասխանել ընթերցողներին հուզող մի քանի հարցերի:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, ինչքան մեզ հայտնի է, Դուք պատրաստվում եք հանդես գալ ծրագրային մեծ հոդվածով, որտեղ ամփոփելու եք Արագած կատարած ձեր արշավի արդյունքները: Կարո՞ղ  եք այժմ ներկայացնել ձեր ծրագրի հիմնական դրույթները:

ՄԱԵՍՏՐՈ.- Ես պատրաստվում եմ ներկայացնել մի կարևոր առաջարկ երկու առավել կարևոր հետևանքներով:

ԹՂԹԱԿԻՑ.-  Այդ ի՞նչ առաջարկ է, եթե գաղտնիք չէ:

ՄԱԵՍՏՐՈ.- Գաղտնիք է, բայց ձեզ կասեմ, նախապես իմանալով, որ դուք գաղտնապահ թղթակից եք:

ԹՂԹԱԿԻՑ.-  Շնորհակալություն, կարող եք վստահ լինել, որ ձեր գաղտնիքը կմնա մեր երկուսի, ինչպես նաև իմ գրքի բազմահազար ընթերցողների միջև, որոնք, կարող եք վստահ լինել, նույնպես շատ գաղտնապահ մարդիկ են:

ՄԱԵՍՏՐՈ.-  Առաջարկս այն է, որ մեր գրական կազմակերպությունը հարկավոր է սակավ առ սակավ, քիչ-քիչ, բայց առանց ականջի ետև գցելու տեղափոխել Արագածի գագաթ: Եվ այդ շարժումը պետք է սկսել գրողների Սևանի ստեղծագործական տնից:

ԹՂԹԱԿԻՑ.-  Շատ հետաքրքիր և գաղտնի առաջարկ է, ինչո՞վ եք հիմնավորում:

ՄԱԵՍՏՐՈ.-  Շատ պարզ: Գաղտնիք չէ, որ հայ գրողների ստեղծագործական մակարդակը վերջին շրջանում խիստ անկում  է ապրել, իմ համոզմամբ պատճառն այն է, որ նրանք գրեթե գլխովին լեռնային  բարձրադիր շրջաններից տեղափոխվել և ապրում ու ստեղծագործում են Արարատյան ցածրավայրում՝ Երևանում, ինչը չէր կարող բացասաբար չանդրադառնալ նրանց ստեղծագործական մակարդակի վրա: Ո՞րն է ելքը: Հարկավոր է հայ գրողներին անհապաղ քշել այս ցածրադիր գոտուց և բարձրացնել մեր ունեցած ամենաբարձր տարածքի՝ Արագածի կատար,- այնտեղ, ծովի մակերևույթից ավելլի քան 4000մ բարձրության վրա նրանք, ուզեն թե չուզեն, կստեղծագործեն բարձր մակարդակով:

ԹՂԹԱԿԻՑ.- Հրաշալի առաջարկ է: Իսկ ինչո՞ւ եք գտնում, որ առաջինը Արագած պետք է տեղափոխել Սևանի ստեղծագործական տունը: Չէ՞ որ  նա էլ է գտնվում բավականին բարձր մակարդակի վրա:

ՄԱԵՍՏՐՈ.-  Ճիշտ է, տեղանքի մակարդակը բավականին բարձր է, բայց գրողների ստեղծագործական տունը չափազանց ծանր է անդրադառնում Սևանա լճի մակարդակի վրա…

ԹՂԹԱԿԻՑ.-  Դուք ինձ խիստ զարմացնում եք, Մաեստրո: Ի՞նչ կապ ունեն գրողները Սևանա ջրի ու նրա մակարդակի հետ:

ՄԱԵՍՏՐՈ.-  Զարմանալու ոչինչ չկա. Դարձյալ գաղտնիք չէ, որ Սևանում ստեղծագործող հայ գրողները և հատկապես վիպասաններն իրենց վեպերում անխնա օգտագործել են մեր Գեղամա գեղեցկուհու ջրերը, ինչի հետևանքները ձեզ հայտնի են:  Գրողներին կբարձրացնենք Արագած, և միանգամից երկու նպատակ կխփենք: Դրա շնորհիվ թե՛ նրանց ստեղծագործություննների մակարդակը կբարձրանա, թե՛ Սևանի ջրերի մակարդակը… Ի դեպ, Արագածի լանջին բավականին մեծ լիճ կա, խիստ անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել նրա ջրերից:

ԹՂԹԱԿԻՑ.-  Հրաշալի է: Շնորհակալություն հարցազրույցի և այս սքանչելի, փրկարար առաջարկի համար: