ՄԻ ՔԱՆԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

Հարցրեք ինձ երջանկության մասին և ես ձեզ կասեմ,
որ այդ անունով ծառ չկա աշխարհում,
չկա աշխարհում այդ անունով թռչուն
և կա միայն գազան, որն ուտում է մյուսին- առավոտյան,
նաև կեսօրին, ապա՝ երեկոյան…
Հարցրեք ինձ արդարության մասին և ես ձեզ կասեմ,
որ այդ անունով ծաղիկ չկա հողի վրա,
որ այդ անունով ձուկ չի լողում ծովերում,
և կա միայն գազան- մնացածը կրկնվում է նույնությամբ՝
առավոտյան, կեսօրին, երեկոյան…
Հարցրեք ինձ խաղաղության մասին և ես ձեզ կասեմ,
որ այդ անունով աստղ չեք գտնի երկնքում,
որ այդ անունով լեռներ չկան հողի վրա,
և կա միայն բնազդը, որ խենթանում է արյան բույրից,
իսկ հետո… շատ ճիշտ է… նույն պատմությունն է սովորական՝
առավոտյան, կեսօրին, երեկոյան…
Ահա, լսո՞ւմ եք, որսորդական փողը հնչեց
ազդարարելով օրվա սկիզբը, ահա, լսո՞ւմ եք,
ձիերի սմբակների դոփյունից դողում են ծառերը սմքած,
ահա, լսո՞ւմ եք, պայթում է սիրտս տագնապից ու վախից
և օղակն է սեղմվում կամաց-կամաց, օղակը,
որը շարժման մեջ էր արդեն վաղուցվանից…
Իսկ եթե չկան էլ ուրիշ հարցեր, ապա, հարցրեք ինձ, ի վերջո,
ո՞վ ես դու,- եւ ես ձեզ կասեմ, որ ես ոչինչ եմ՝ փոքրատառով,
սովորական մի ոչինչ, որը ոչ հպարտ է հնչում և ոչ էլ
որևէ մի այլ տոնայնությամբ… Ավելի ոչինչ, քան թե նրանք
ովքեր ելնում-իջնում են ավտոբուսները, ովքեր քաղաքային
թերթերն են կարդում՝ առաջինից մինչև վերջին տառը,
ովքեր խանութից խանութ են անցնում անվերջ,
դատարկ տոպրակները գրպանները խրած, ովքեր
գլխահակ ու արագ անցնում են պատերին ու սյուներին փակցրած
հայտարարությունների կողքով, գույնզգույն աֆիշների
և իմ կողքով, չնայելով ու չնկատելով ինձ, նույնիսկ,
երբ իմ միջով են անցնում-
դժվար է, ասում եք, ապրել այսպես, ինչ խոսք, հեշտ չէ ամենևին,
բայց ամենադժվարը առաջին հազար տարին է,
հետո ամեն ինչ դառնում է սովորական,
հետո սկսում է կրկնվել անվերջ՝
առավոտյան, կեսօրին, երեկոյան…