ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ Ֆ. ԴԵ ՌՈԽԱՍԻ ԵՎ ՆՐԱ ՄԻԱԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թարգմանություն > Թարգմանություն > ՖԵՐՆԱՆԴՈ ԴԵ ՌՈԽԱՍ «ՍԵԼԵՍՏԻՆԱ»

«Սելեստինան» նախասերվանտեսյան շրջանի ամենանշանակալից ստեղծագործությունն է իսպանական գրականության մեջ, ուր, ըստ գրականագետների, նա ճիշտ այնպիսի տեղ է գրավում, ինչպես Չոսերի «Քենտրբերյան պատմվածքները»` անգլիական և Դանտեի «Աստվածային կատակերգությունը» իտալական գրականության մեջ: Գնահատության հնարավոր ծայրահեղությունն ու չափազանցվածությունը թողնելով մասնագետների խղճին, նշենք այն, ինչ կասկածից վեր է` Դանտեի պոեմի և Չոսերի պատմվածքների ժողովածուի նման այս դրաման ևս անցումային շրջանի ստեղծագործություն է, միջնադարյան մշակույթի պսակ, որի մեջ պարզորոշ երևում են դեպի ապագա միտված նոր կյանքի ծիլերը: Այն կանգնած է Իսպանիայի ազգային զարգացման երկու դարաշրջանների սահմանագծին. «Սելեստինայով» ավարտվում է միջնադարյան շրջանը և բացվում են իսպանական Վերածնունդն ու նոր ժամանակաշրջանի գրականությունը:

Երկարամյա բանավեճերի, բազում ուսումնասիրությունների նյութ է դարձել դրամայի հեղինակի ինքնությունը պարզելու, բացահայտելու խնդիրը: 1499թ. Բուրգասում լույս տեսած «Սելեստինայի» առաջին հրատարակությունն անստորագիր էր, պարունակում էր 16 գործողություն և կրում էր «Կատակերգություն Կալիստոյի և Մելիբեայի մասին» վերնագիրը:

Մեզ չպետք է զարմացմի այն հանգամանքը, որ դրամայի առաջին հրատարակությունն անստորագիր է եղել կամ էլ վերագրվել է մեկ այլ, արդեն ճանաչված հեղինակի: XV-XVI դ.դ. վերջինս խիստ տարածված, սովորական երևույթ էր: Իրենց ստեղծագործությունների փառքն ապահովելու համար ասպետական վեպերի հեղինակներն այն շրջապատում են էին վաղեմության լուսապսակով, վերագրելով դրանք հին հեղինակների, պնդում էին, թե իբր դրանք թարգմանված են հունարենից, խալդերենից, հայերենից, հին հրեական լեզվից և այլն: Դեռևս Սերվանտեսն է պարոդիայի կարգով այդ հնարքից օգտվել «Դոն-Կիխոտում» վկայակոչելով ինչ-որ մտացածին արաբ պատմաբան Սիդ Ահմեդ Բեն-ինհալի:

1501թ. Սևիլյայում լույս է տեսնում հաջորդ հրատարակությունը, որին հավելված էին հեղինակի` ընկերոջն հղած նամակն ու հեղինակի անձը բացահայտող մի ակրոստիքոս. «Բակալավր Ֆերնանդո դե Ռոխասը, որը ծնվել է Մոնտալվան գյուղում, ավարտեց «Կալիստոյի և Մելիբեայի մասին կատակերգությունը»: 1502թ. երեք հրատարակություններում հավելված են ևս հինգ գործողություն, ուղղումներ հիմնական տեքստում և «Նախաբանը»:

Շուրջ հինգ հարյուր տարի տևած որոնումներն ի վերջո պսակվում են հաջողությամբ. անցյալ դարասկզբին հայտնաբերված փաստաթղթերը լիովին հաստատում են Ֆերնանդո դե Ռոխասի ինքնությունը և պարզվում են որոշ մանրամասներ նրա կենսագրությունից և փաստեր, որոնք, չնայած առ այսօր գոյատևող տարակարծությունների, վկայում են, որ հենց նա է «Սելեստինայի» հեղինակը:

Ժամանակակից ընթերցողին կարող է զարմացնել միջնադարյան-խրատական տարրերի առատությունը ստեղծագործության մեջ, ինչպես նաև մեղսալի կրքերի դատապարտման մռայլ թեման, որն ուղեկցում է ընթերցողին պատումի սկզբից մինչև վերջ: Հենց սրանով էլ Ռոխասի դրաման շեշտակիորեն տարբերվում է կենսուրախ «Քենտրբերյան պատմվածքներից»:

Ստեղծագործությունը սկզբից մինչև վերջ թաթախված է դիդակտիկ սկզբունքով. այստեղ խորհրդածում են բոլորը` հերոսներն ու հերոսուհիները, ահելներն ու ջահելները, ազնվականներն ու ծառաները: Այս առումով չպետք է մոռանալ, որ «Սելեստինան» գրվել է միջնադարում և հեղինակը չէր կարող հաշվի չառնել իր ժամանակի ընթերցողի պահանջմունքները, որը առանձնահատուկ սեր ու հակում ուներ նրբագեղ աֆորիզմի վերածված կենցաղային իմաստնությունների, հաճելի ընթերցանության հետ միասին օգտակար և ուսանելի տեղեկություններ քաղելու նկատմամբ: Եվ միջնադարյան գրողն իր ընթերցողին բավարարելու համար ամենայն բարեխղճությամբ օգտվում էր հնարավոր բոլոր աղբյուրներից` Աստվածաշնչից, անտիկ, հեթանոս, քրիստոնյա հեղինակներից ու ժողովրդական բանահյուսությունից: Իսպանական արձակի ավանդույթները, ոչ առանց արաբա-մուսուլմանական վեպերի ազդեցության, ընդհուպ մինչև պիկարոյական ժանրի հեղինակները, պահպանում են հակումը խրատական ասույթների ու ասացվածքների նկատմամբ: Հետևելով ավանդույթներին Սերվանտեսն էլ է իր պատմվածքներն անվանել խրատական:

Ռոխասի դրամայի բոլոր առավելություններն ու թերությունները բացատրվում են նրանով, որ այն գտնվում էր ընդամենը Վերածննդի շեմին և նրա հեղինակի ու հերոսների աշխարհընկալումը դեռևս հեռու էր Վերածննդի գրականության կենսահաստատ ամբողջականությունից: Ստեղծագործությունը կառուցված է իդեալականի և իրականի, ազնվության ու ստորության, պաթետիկի և լկտիության, երկնայինի և երկրայինի հակադրության սկզբունքով: Ռոխասն իր զորեղ տաղանդով կարողացել է հստակորեն ընդգծել այդ երկու հակադիր աշխարհներում տիրող շահագրգռությունները, կրքերն ու զգացմունքները, որոնք գրեթե անփոփոխ տեղափոխվել են մեր ժամանակներ:

Չափազանց կենդանի, լիարժեք ու կյանքով լեցուն են դրամայի հերոսները, ամեն մեկն իր վառ արտահայտված անհատական խառնվածքով ու նկարագրով: Նույնը, թերևս ավելի գերադրական գնահատականներով, կարելի է ասել դրամայի լեզվի մասին, որն իր գունագեղությամբ ու դինամիզմով ապշեցրել է ժամանակակիցներին: Այս առումով, ըստ գրականագետների միահամուռ կարծիքի, Ռոխասին չի գերազանցել ոչ իսպանական թատրոնի հայր Լոպե դե Ռուեդան և ոչ էլ այդ թատրոնի գագաթն հանդիսացող Լոպե դե Վեգան:

Ճիշտ է, «կապտարյուն» հերոսների մենախոսություններն հաճախ հռետորական են, ըստ իրենց ժամանակի ոգու` գերհագեցած են գրքային էրուդիցիայով: Բայց աշխույժ, սրընթաց երկխոսություններում,- իսկական լեզվամենամարտերում, ուր հերոսները վիճում են ու համոզում, հանձնվում են կամ դիմադրում, արդարացնում են կամ դատապարտում, յուրաքանչյուրն իր համար ելք է որոնում և պայքարում է հանուն իր անհատականության կայացման,-Ռոխասը արտակարգ ճշգրտությամբ հաղորդում է իր ժամանակաշրջանի կենդանի խոսակցական լեզուն:

Բայց դրամայի ամենամեծ նվաճումը հենց ինքը` ստեղծագործության գլխավոր հերոսուհին է` Սելեստինան, տրագիկոմեդիայի ամենավառ ու գունագեղ կերպարը, որը, ինչպես Քաջ Նազարը հայ իրականության մեջ, վաղուց ի վեր հասարակ անուն է դարձել Իսպանիայում` Դոն Կիխոտի ու Սանչո Պանսայի հետ համահավասար:

Ըստ երևույթին անհրաժեշտ է միջնադարյան պատկերացումներին տուրք համարել Սելեստինայի «կախարդությունը»: Այն զուտ արտաքին շերտավորում է, ավելորդ` գործողությունների զարգացման ընթացքում: Սելեստինան բավականաչափ հնարամիտ ու խորամանկ է, որպեսզի կարողանար յոլա գնալ առանց դիվային ուժերի օգնության: Նա յուրատեսակ հանճար է այդ չարագուշակ արհեստի ասպարեզում:

Զգալի է «Սելեստինայի» ազդեցությունը իսպանական գրականության հետագա զարգացման վրա, հատկապես նկատելի են այդ ազդեցության դրական երանգները պիկարոյական վեպի ժանրային կայացման առումով, ուր կավատ պառավի` Սելեստինայի ներկայությունը գրեթե շոշափելի է այդ ժանրի բոլոր հետևորդների ստեղծագործություններում: «Խաչագողի հիշատակարանն» այս տեսակետից բացառություն չի կազմում, որն ի դեպ, միակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որը կառուցված է այդ ժանրի կանոններով և սկզբունքով:

«Սելեստինան» վաղուց դուրս է եկել իսպանական գրականության տիրույթներից և մտել համաշխարհային մեծարժեք ստեղծագործությունների գանձարան, թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, իսկ մայրենի լեզվով` վերահրատարակվող դասականների առաջին շարքերում է: