27. ՄԱԵՍՏՐՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Օրերս խմբագրություն այցելած մի բարձրաստիճան պաշտոնյա՝ ներկայանալով որպես Բանջար Վաղո և գերադասելով անհայտ պահել իր անուն-ազգանունը, հայտնեց, որ մահամերձ վիճակում գտնվող 108-ամյա հայրը՝ բժիշկների վկայությամբ, հոգին կավանդի երկու, առավելագույնը երեք օր հետո: Սիրելի հոր՝ Չամուռ Գրիշի հիշատակը հավերժացնելու նպատակով Բանջար Վաղոն ՄԱԵՍՏՐՈՅԻ օգնությամբ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է հայազգի վերջին հանրահայտ զակոննիկ, ասել է թե՝ օրենքով գող Չամուռ Գրիշի վաղաժամ կորստյան վիշտը լավագույնս սգացող ՆԵԿՐՈԼՈԳ-ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆՆԵՐԻ (արձակ, չափածո) ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ, այդ նպատակի համար տրամադրելով 5000 ԱՄՆ դոլար.

1-ին մրցանակ – 2500 դոլար

2-րդ մրցանակ – 1500 դոլար

3-րդ մրցանակ – 1000 դոլար

Մրցանակակիր նեկրոլոգները ճանաչված դերասանների կատարմամբ և դուդուկի նվագակցությամբ կարտասանվեն թաղման արարողության ժամանակ, իսկ առանձնացված առավել արժեքավոր տողերն ու քառյակները կքանդակվեն հանգուցյալի տապանաքարի վրա՝  «Ախ, Գրիշ, Գրիշ, էս ինչ արեցիր» վերտառության տակ, ուր կնշվեն նաև հեղինակների անուն-ազգանունները: Ավելորդ չենք համարում նշել, որ բացի մրցանակակիրներից, վերջին զակոննիկի քելեխին կհրավիրվեն նաև մրցանակաբաշխության բոլոր մասնակիցները, թվով շուրջ 12 հազար բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, այդ  նպատակով վարձակալված է մարզահամերգային համալիրի մեծ դահլիճն իր հարակից սրահներով: Ի դեպ, տեղեկացնենք, որ Չամուռ Գրիշին հրաժեշտ տալու համար Հայաստան են ժամանելու ճանաչված գողերի ստվար պատվիրակություններ Չիկագոյից, Ռոստովից, Թիֆլիսից, Մագադանից, պառլամենտից՝ ուր ժամանակին աշխատել է հանգուցյալի որդին: Տեղին ենք համարում զգուշացնել հանրապետության բնակչությանը, որ այս օրերին՝ մեծահամբավ, վաստակաշատ գողերի աննախադեպ ստվար կուտակումը Հայաստանում աչքի առաջ ունենալով  -միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ տնից և երկու դեպքում էլ ամուր փակել դուռ ու լուսամուտ…

Մրցանակաբաշխության մասնակիցների օգտագործման համար կից ներկայացնում ենք Չամուռ Գրիշի հակիրճ կենսագրությունը, որը մեզ սիրով տրամադրել է ՆԳ նախարարությունը: «Չամուռ Գրիշի ծննդյան թիվն անհայտ է, բայց այն փաստը, որ նա մասնակցել է 1-ին համաշխարհայինին (նախ գերմանացիների և ապա՝ ռուսների կողմից), վկայում է, որ նա ծնվել է մոտավորապես 1896-97 թթ.: Պատերազմն ամբողջությամբ անցկացրել է գերության մեջ՝ նախ Գերմանիայում, ապա՝ Ռուսաստանում: Հեղափոխությունը նրան ազատություն տվեց: Կարճ ժամանակ անց, զգալով խորհրդային իշխանության բռնապետական էությունը, ընդվզել է սոցիալիզմի դեմ՝ պայքարի ձև ընտրելով գողությունը, որի պատճառով աքսորվել է Սիբիր  և ազատվել 2-րդ համաշխարհայինի սկզբին: Այս պատերազմը ևս նա ամբողջությամբ անցկացրել է գերության մեջ՝ նախ Գերմանիայում, ապա՝ Ռուսաստանում: Ազատվել է Ստալինի մահից հետո և անմիջապես լծվել սոցիալիզմի դեմ պայքարին, ինչի համար բանտարկվել է և նստել գրեթե բոլոր եղբայրական հանրապետություններում, ինչպես նաև հայրենի Հայաստանում: Ազատվել է խորհրդային իշխանության փլուզումից հետո: Կարճ ժամանակ անց, զգալով կապիտալիզմի անմարդկային էությունը, ընդվզել է նրա դեմ՝ հարազատ մնալով պայքարի հին ձևին: Մի քանի ամիս առաջ որդու ջանքերով Չամուռ Գրիշը Ռոստովի բանտից տեղափոխվեց Հայաստան՝ Կոշի բանտ, որտեղից էլ՝ անբուժելի հիվանդության պատճառաբանությամբ, Հանրապետական հիվանդանոց: Կարճ ժամանակ անց, ընդվզելով հիվանդանոցում տիրող շուկայական հարաբերությունների դեմ, նա գողանում է գլխավոր բժշկի պայուսակը… Քրեական գործը կարճվում է ամբաստանյալի մահամերձ վիճակի պատճառով:

Մրցանակաբաշխության հանձնաժողով

P.S. Մրցանակաբաշխության հանձնաժողովը ներկայացվածների մեջ մրցանակի արժանի որևէ ստեղծագործություն չգտնելու պատճառով ստիպված է բոլոր մրցանակները տալ Մաեստրոյին: Ներկայացնում ենք մրցանակակիր «Անտիռեքվիեմը», որը ժամանակին Մաեստրոն գրել է իր հարազատ ընկերոջ հոր մահվան կապակցությամբ, անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո, այժմ սիրով նվիրում է Չամուռ Գրիշի հիշատակին:

 

ՄԱԵՍՏՐՈ

ԱՆՏԻՌԵՔՎԻԵՄ

(Վերջին զակոննիկի մահվան առթիվ)

Ի՜նչ կյանք փառահեղ, ի՜նչ պայծառ ուղի

զակոննիկը վերջին գնում է անդարձ,

որ բարձր պահեց օրենքով գողի

անունը վսեմ, կոչումը արդար:

 

Ովքե՞ր մնացին նրան հավասար-

Գնա՜ պառլամենտ, ներքև կամ էլ վեր՝

ոչ մի կարգին գող, պատվով ավազակ

ինչքան որոնես՝ չես գտնի, ախպե՜ր:

Մանր-մունրներ մնացին էժան,

որ խոշոր բրդում – ապրում են վախով,

ճիշտ է, հինգ անգամ նստեց, բայց արժան

չեղավ քեզ նույնիսկ քո Բանջար Վաղոն…

 

Է՜հ, գնաս բարով, թաղում ենք վերջին

օրենքով գողին՝ ծոմով ու պասով,

մնացինք հույսին անօրենների-

անտեր ու անզոր՝

                    ինչպիսի՜ պազոռ…