7. ՆԱԶԱՐՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՆՐԱՆ՝ ԱՅՍԻՆՔՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Իշխան Սարգսյանն ու մտերիմ-հարազատները նկատեցին, որ բանտից դուրս գալուց որոշ ժամանակ անց Նազարն օր-օրի մռայլվում ու մի տեսակ ընկճված տեսք է ընդունում: Շաբաթներով չէր սափրվում, աշխատում էր տանից քիչ դուրս գալ, իսկ լրագրողներին տեսնելիս ոչ միայն մայթն էր փոխում, այլև երեսի գույնը:

– Ի՞նչ է պատահել,- մի օր էլ չդիմանալով հարցրեց Իշխանը,- ո՞վ է խաթրիդ կպել, ինչո՞ւ ես էդպես խեղճացել, կռկվել:

– Ո՞վ կարող է խաթրիս կպնել,- տեղից աքլորացած վեր թռավ Նազարն ու ձեռքը տարավ այն տեղին, ուր մի ժամանակ թուրն էր կախված եղել, բայց թուրը չգտնելով, շոյեց գոտկատեղն ու հանկարծ գլուխը կախեց, սսկվեց…- Ասում ես, ով է խաթրիս կպե՞լ,- ցածր, խզված ձայնով խոսեց Նազարը: – Ավելի հեշտ է ասես՝ ո՞վ չի կպել…

– Տո, դու անունները տուր, ելնեմ հերները անիծեմ,- մոլեգնեց Իշխանը:

– Ո՞ր մեկի հերն անիծես, ա՛յ Իշխան,- հուսահատված լռեց Նազարն ու հանկարծ մեկից շարունակեց,- դուրս եմ գալիս փողոց, ջահելներն ինձ մատով ցույց են տալիս, բոթբոթում են իրար ու ծիծաղում, էս իմ ախմախ էշն էլ մեկ էլ հանկարծ կարող ա ձենը գլուխը գցել ու զռռալ, ու էդ ձենի վրա երեխեքը տներից թափվում են դուրս, քարահալած են անում… Էն օրն էլ գազանանոցի մոտով իջնում էի քաղաքի կենտրոն, մեկ էլ հանկարծ մի ոստիկան սուլիչին հուպ տվեց ու փայտը տնկելով հասկացրեց, որ էշը աջ քաշեմ ու կանգնեցնեմ մայթի մոտ: Մոտեցավ, շատ հարգանքով պատիվ տվեց, ներկայացավ, հետո փաստաթղթեր պահանջեց: Մեկնեցի անձնագիրս, ասաց՝ էդ հեչ, վարորդական իրավունքդ և էշի տեխանձնագիրը տվեք: Ես ապշեցի-մնացի, ասում եմ՝ այ պարոն ոստիկան, ի˜նչ իրավունք, ի˜նչ տեխանձնագիր, ո՞վ է տեսել, որ էշն անձնագիր ունենա…Ոստիկանը ջղայնացավ, թե՝ դու պակա՞ս էշ ես, որ անձնագիր ունես: Եվ հետո, թե՝ շատ խոսես, ակտ կգրեմ և էշդ կտանեմ պլաշչադկա… Մանավանդ որ էշդ ոչ համար ունի, ոչ էլ, ինչպես տեսնում եմ, տեխզննում է անցկացվել… Էդ արանքում, մինչ դես, մինչ դեն, ահագին ժողովուրդ հավաքվեց գլխներիս… Թարսի պես էշս էլ սկսեց էլի զռռալ, տեսնեիր, թե ինչ հռհռոց ընկավ ժողովրդի մեջ, ամոթից քիչ մնաց գետինը մտնեի…

– Է, վերջն ի՞նչ եղավ,- վրդովմունքը հազիվ զսպելով, հարցրեց Իշխանը:

– Ի՞նչ պիտի լինի, հազար ռուբլի տուգանեց և զգուշացրեց, որ մյուս անգամ ուրիշ ճամփով իջնեմ քաղաք… Չէ, Իշխան ջան, ես էս երկրում տեղ չունեմ, պիտի գլուխս առնեմ ու գնամ մի ուղղությամբ…

– Ո՞ր ուղղությամբ,- հետաքրքրվեց Իշխանը:

– Ֆրանսիայի ուղղությամբ: Տեսնում եմ՝ ինձ հարգող-պատվող ժողովրդիս մեծ մասը Ֆրանսիայի ճամփեն է բռնել: Ես էլ հո նրան անտեր չե՞մ թողնելու, անլեզու, անտեր ժողովուրդ, առանց ինձ ի՞նչ է անելու էնտեղ, ո՞նց է գլուխը պահելու: Միակ խնդիրը էշն ա, էն օրը ոչ մի կերպ թույլ չտվեցին դեսպանատուն մտցնել: Տեսնենք՝ վերջն ի՞նչ ա լինելու: Մի խոսքով, ի՞նչ ասեմ, որտեղ ժողովուրդս, էնտեղ էլ ես ու էշս: