19. ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ՊԱՐՈԴԻԱ – ՍԱ Է ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Պարոդիայի ժանրը հատկապես ծաղկում է ապրել այն տարիներին, երբ ժողովուրդը դեռևս ընթերցասեր էր, գրքեր էր կարդում: Պարոդիաներ գրվում էին հանրաճանաչ գրողների հանրաճանաչ ստեղծագործությունների վրա և հանդիսանում էին այդ ստեղծագործությունների, այսպես ասած, «տնազը»: Իսկ «ինչպես է գրվումը» ավելի լավ է ցույց տանք գործնական օրինակների վրա: Մեր կարծիքով դա ավելի ուսանելի է, քան ժամերով ճառեր արտասանելը: Ձեզ եմ ներկայացնում տարբեր տարիների գրած իմ պարոդիաները: Կարդացե՛ք, սովորեք:

Ա՜Խ, ՄՈՌԱՑԵԼ ԵՄ

Շուրջս շողում է կանանց հոծ բույլը,-

Մեկը աղոթք է,

Մեկը համբույր է,

Մեկը՝ խենթ գարուն,

Մյուսն ամառ է,

Եվ բոլորն այնպես սիրո հարմար են…

                                                              ԳԵՎՈՐԳ   ԷՄԻՆ                                                                                                                                                                             

Շուրջս շողում է հոծ բույլը կանանց,-

Հայացքներ պչրոտ, թևեր հոլանի,

Մեկը մյուսից գեղեցիկ, աստվա՜ծ,

Բոլորն էլ հարմար, գրո՜ղը տանի…

 

Չորս կողմս այսպես պտո՜ւյտ են գալիս,

Նվաղկոտ նայում ու քնքուշ հևում,

Մորուքս են շոյում, անունս են տալիս,

Ի՞նչ է լինելու՝ վերջ չի երևում…

 

Մեկը աղոթք է, մեկը համբույր է,

Մեկը՝ խենթ գարուն, մյուսն ամառ է

Եվ թարսի նման

Տեղն էլ ապահով, տաք ու հարմար է…

 

Բայց անհարմարը այն է, անտերը,

Որ մոռացել եմ,

Ավա՜ղ, չեմ հիշում,

Թե այս ամենը ինչի համար էր…

 

 

ՆՈՆԵՏ  ԵՎ  ՍՈՆԵՏ

Սիրուններս թառամել են,

ոմանք նույնիսկ ծերացել…

                                      ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Սիրուններս թառամել են,

ոմանք նույնիսկ ծերացել,

Չեղած տեղը պառավել են՝

Մեկը մեկից առավել:

 

Կուզ է ելել մեկի մեջքին,

Մեկն էլ անգութ չաղացել,

Բեղ է բուսնել մեկի դեմքին,

Անագորույն դախացել:

 

Ախ, սրա՞նք էին տեղով կրակ

Հոգիս ուտում էին, մաշում,

Հիմա շարվել պատերի տակ

Ու բռնոթի են քաշում…

 

Ա՜խ, հավաքեմ պիտի մի օր,

Պառավներիս կանչեմ՝ գան,

Նայե՜մ, նայե՜մ սրտակոտոր,

Խմեմ ու կուշտ հեկեկամ:

 

Հետո կասեմ՝ ներող եղեք,

Էլ վե՛րջ երգ ու սոսափին,

Հիմա խելոք շարք կանգնեցեք,

Տանեմ, հանձնեմ սոցապին…

 

ԻՄ ՍԻՐՈՒՆԻԿ ՍԱՏԱՆԱ

Չես պառավել, իմ անգին, հայելուն մի հավատա

Նորից դու լավն ես այնքան, իմ սիրունիկ սատանա…

                                                                                 ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ի՜նչ պառավել, իմ անգին,

սուտ են, սուտ են քեզ ասել,

Ճիշտ է մի քիչ կռացել,

բայց դեռ գետնին չես հասել…

Թեթև եղյամ է իջել,

ա՜խ, քո նախկին մազերին.

Ռադիկուլիտն է, ավա՜ղ,

խանգարում քո նազերին…

Մեջքդ բարակ է նորից,

Էլի նույնն ես, սիրելիս,

Շատ հեռվից ու հատկապես՝

առանց ակնոց նայելիս…

Չես պառավել, իմ անգին,

դու շահել ես, անկասկած,

Ավելի ես լավացել

և անզեն եմ ես քո դեմ,

Սիրունությունդ թեև կորցրել ես,

ի՜նչ արած,

Բայց դե որպես սատանա

կատարյալ ես դու արդեն…

 

ՕՐԸ ՄԹՆԵՑ

(ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ)

Օրը մթնեց, ժամն է արդեն

իրիկնահացի,

տխրությունս կամաց-կամաց

փոխվում է լացի:

Կրկնվում է պատմությունն հին,

էլի ու նորից,

կերան, խմին ու գնացին

իրար ետևից:

Ավերվել է սեղանն արդեն

շշերն են դատարկ,

ընկերներս հեռացել են,

ինձ թողել մենակ:

Ու ձայներն են հերթով լռում,

քիչ-քիչ մթնում է,

ախ, ոչ մեկը ետ չի դառնում,

հույսս հատնում է:

Մեկը ասաց՝ հիմա կգամ,

ջուր եմ խմելու,

մյուսն ասաց՝ դու այստեղ կաց,

գնամ զանգելու:

Օրը մթնեց, ոչ ոք չեկավ

մատուցողից բացի,

հաշիվն էլի ես եմ փակում

իրիկնահացի…

 

ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՅ ԱՂՋԿԱՆ

(ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ)

Մի կարծիր, թե ամեն մարդ

պիտի սիրի կարմիր վարդ,

քայլիր փողոցով հպարտ,

իբր չունես ոչ մի դարդ:

Անցումներում հատկապես

դու շատ զգույշ կլինես՝

հենց որ վառվի կարմիր լույս,

կանգնիր համեստ, սուս ու փուս,

իսկ հենց կանաչը վառվի,

անցիր արագ, մի տարվի:

Բայց երբ հասնես դու մայթին,

քայլիր՝ հայացքդ ասֆալտին,

իբր հեզ ու համեստ ես,

համ էլ կարող է փող գտնես…

Հայ աղջիկներ իմ սիրուն,

գիտեք, շատ եմ ձեզ սիրում,

այ, թե այսպես ձեզ պահեք,

հավատացեք պոետին,

կամուսնանաք ոլորդ էլ

հնգամյակի ավարտին…

 

 

ԻՆՔՆԱՆԿԱՐ

Անցնող օրերի միջից

ահա պարզ տեսնում ես դու քեզ՝

մի խակ ու միամիտ պատանի,

որ աշուն էր երգում

և աշնան փողոց

և ծառեր՝ ճյուղերից բանաստեղծներ

կախված…

Տարիներն անցել,

հիմա քո երգի փողոցի վրա

բոլորովին ուրիշ աշուն է իջել,

և դու քայլում ես,

ժպտում ինքնագոհ,

նայում քո ձեռքով տնկած ծառերին,

որոնց ճյուղերից այս նոր օրերում,

քննադատներ են կախված օրորվում…