ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Պոեզիա > ԵՐԿՈՒ ՋՐՀԵՂԵՂԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Մանդար փողոց: Կարճ, ինչպես կրակոց:

Եվ կտրուկ, ինչպես ազգանունը Գրիգորի:

Ձեղնահարկում` մեջքի վրա պառկած,

տանիքի բացվող պատուհանից

պարզ տեսնում եմ երկինքը Փարիզի:

Գրեթե քսվելով տանիքին`

մի քանի հրեշտակ անցան`

խոսելով ֆրանսերեն, երևի վիճում էին…

դժվար թե- հրեշտակներն ինչո՞ւ պիտի վիճեն…

Ոստիկանական մեքենան սուրաց

վայելով սաստիկ ու չարագուշակ,

հետո «Շտապ օգնության» մեքենան

ողբալով տարավ ինչ-որ մի հիվանդ ֆրանսիացու.

Հետո լռություն, որից, ավաղ, վաղուց եմ ետ վարժվել:

Հետո լռություն. Մարմինս չի հաշտվում խաղաղության հետ

և անկողնու մեջ երկար շուռ ու մուռ գալուց հետո,

հոգոց հանելով սեղմում եմ մագնիտաֆոնի կոճակը`

միացնելով ամոքիչ ձայնագրությունը, որն հետս էի վերցրել.

քիչ հետո կհնչի կրակահերթը փրկարար, և ես, պարուրվելով

պայթյունների ու թնդյունների հարազատ աղմուկով.

քիչ-քիչ կսուզվեմ քնի մեջ,

և կքնեմ վերջնականապես, երբ կթնդա կրակոցը

եզրափակիչ`

կարճ` ինչպես փողոցը Մանդար

և կտրուկ, ինչպես ազգանունը Գրիգորի: