8. ՔԱՋ ՆԱԶԱՐԸ ԵՐԿԱՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ: ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԽՄԲՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԵԿԵԼ ԷԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ, ՔԱՋ ՆԱԶԱՐԸ ԽՆԴՐԵՑ ԱՅՍՈՒՀԵՏ ԻՐԵՆ ԿՈՉԵԼ ՈՉ ԹԵ ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԱՅԼ ՄԱԵՍՏՐՈ ՆԱԶԱՐ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ՝ ՄԱԵՍՏՐՈ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

ԱՅՆ ՀԱՐՑԻՆ, ԹԵ Ի՞ՆՉ ԵՂԱՆ ՈՒՍՏԻԱՆԸ, ԻՇԽԱՆ ՍԱՔՈՆ, ՂՈՌՈԲՈՒՂԱՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ, ՄԱԵՍՏՐՈՆ ՀԱՅՏՆԵՑ, ՈՐ ՆՐԱՆՔ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՈՉ ՄԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

 

  Հաջորդ օրն իսկ ՀԳՄ կլոր սրահում իր գրչընկերների հետ հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ Մաեստրոն կոչ արեց՝ զարգացնել հայ գրականությունը համաշխարհային գրականության օգնությամբ

Աշխարհի տարբեր, հիմնականում ֆրանսիական հորիզոնականներում գրեթե տասը տարի դեգերելուց հետո վերջապես հայրենիք վերադարձավ մեծանուն գրող, քաղաքական-հասարակական գործիչ Մաեստրոն: Չհապաղեցինք Մաեստրոյին հրավիրել Կլոր սրահ և ինչպես սպասելի էր, սրահն արագորեն լցվեց գրողների ստվար բազմությամբ: Աչք էր ծակում ընթերցողի բացակայությունը, որն, ինչպես տեղեկացրեց «գրող-ընթերցող» բաժնի վարիչը, գրական հանդեսի վերջին համարի ընթերցանության ժամանակ մարմնական ծանր վնասվածք է ստացել և «Շտապ օգնության» մեքենայով սխալմամբ տարվել հոգեբուժարան… «Հիմա միայն խելառներն են գիրք կարդում»,- իր արարքը հիմնավորել էր «Շտապ օգնության» բժիշկը…

Սակայն վերադառնանք մեր հանդիպմանը. առտնին, կարևոր ու անկարևոր բազմազան հարցերի պատասխանելուց հետո, Մաեստրոն կանգ առավ՝ ինչպես վերջում պարզվեց, մեզ բոլորիս հուզող հիմնական հարցի վրա.

– Դուք բոլորդ անշուշտ տեղյակ եք,- խորհրդավոր ժպտալով ասաց Մաեստրոն,- որ վերջին տասը տարիներին ես աշխատում էի ֆրանսիացի մեծանուն գրող, քաղաքական-հասարակական գործիչ Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» վեպի վրա…,- Վ. Թամարյանի՝ անզգուշաբար սեղանին թողած տուփից մի ծխախոտ կպցնելով Մաեստրոն հուզմունքը ծխախեղդ անելով շարունակեց,- բոլորդ կարդացել եք այդ հրաշալի վեպը, ուրեմն պիտի պարզ պատկերացնեք, թե ինչ ծանր աշխատանք էի ուսերիս վերցրել…Ինչևէ: Ճիշտն ասած, երկար մտմտում էի՝ սկսե՞լ, թե չսկսել այդ տիտանական աշխատանքը, բարեբախտաբար հենց այդ օրերին ձեռքս ընկավ մեծանուն գրող, քաղաքական-հասարակական գործիչ Բորխե Խորխեսի…

– Խորխե Բորխեսի…,- ամաչելով ու կամացուկ հուշեց կողքին նստած խմբագիրը…

– Ճիշտ է,- անվրդով շարունակեց Մաեստրոն,- սովորական ընթերցողների լայն զանգվածին նա առավելապես հայտնի է որպես Խորխե Բորխես… Մի խոսքով, կարդալով նրա «Դոն Կիխոտի հեղինակ Պիեր Մենարը» պատմվածքը, կասկածներս լիովին վերացան, և ես վճռականությամբ գործի կպա և հիմա, հուրախություն բոլորիդ պիտի ասեմ, որ մոտ եմ վեպի ավարտին… -Բուռն ծափահարությունների, հիացական օվացիաների առաջ բերած խառը իրադրությունից օգտվելով Թամարյանը կարողացավ սեղանից աննկատ նորից գրպանը դնել ծխախոտատուփը, և Մաեստրոն ստիպված նոր ծխախոտ կպցրեց սեփական տուփից:- Թե ինչու ընտրությունս կանգ է առել «Թշվառների» վրա, դժվար չէ հասկանալ՝ ուսումնասիրելով մեր երկրի, նրա բնակչության և հատկապես ստեղծագործող մտավորականության վիճակը… Ինչպես գիտեք, տասը տարի առաջ մեկնեցի Ֆրանսիա՝ ինձ օդ ու ջրի պես անհրաժեշտ էր ուսումնասիրել իրադրությունն այն երկրում, ուր ծավալվել են վեպում պատկերված իրադարձությունները…Իսկ բանից անտեղյակ մարդիկ ինձ մեղադրեցին ծանր պահին հայրենիքը լքելու, երկրից խուճապահար հեռանալու մեջ…Ինչևէ: Տասը երկար ու ձիգ տարի հայրենի եզերքի կարոտը ատամներիս տակ սեղմած, տքնաջան ուսումնասիրում էի Ֆրանսիայի քաղաքական, տնտեսական, հոգևոր ոլորտները և, ի վերջո, եկա հետևյալ եզրակացության՝ «Թշվառներ» վեպն այսօր ոչ մի առնչություն չունի Ֆրանսիայի իրականության հետ, կորցրել է արժեքն ու իմաստն այդ երկրի համար, դեռ ավելին՝ վեպում գործող թշվառներից գոնե մեկին երկրում հայտնաբերելու որոնումներս ապարդյուն անցան: Ճիշտ է, գտա մի քանիսին, բայց կարճ ժամանակ անց պարզեցի, որ դրանք Հայաստանից եկածներ են… Ինչ վերաբերում է ծավալվող իրադարձություններին, հետազոտությունները ցույց տվեցին, որ դրանք ևս դադարեցրել են իրենց գործընթացն այդ երկրում և նույն օրինաչափությամբ տեղափոխվել են մեր երկիր և բուռն ծաղկում են ապրում մեր բազմաչարչար հողում:  Կարճ ասած, արդյունքում եկա այն համոզման, որ Ֆրանսիայում արդեն վաղուց ի վեր ոչ  մի բանի պետք չեկող, ավելորդության վերածված, մոռացված այդ հրաշալի գործն ինչ-ինչ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելուց հետո կարելի է ներմուծել հայ գրականություն… Սակայն դրա համար նախ ես ինքս պետք է լուծեի չափազանց կարևոր և անհրաժեշտ ստեղծագործական խնդիրներ՝ այն է, փոխել վեպի մթնոլորտը- ֆրանսիականից վերածելով հայկականի, հայացնել գործող անձանց, փողոցների, հրապարակների, պանդոկների անուններն ու անվանումները: Վեպն առավել հայկական ու արդիական դարձնելու նպատակով վեպի սյուժեն հարստացրել եմ մի քանի ամբողջական գլուխներով. Գևորիկի վերածված Գավրոշը ողջ-առողջ վերադառնում է ղարաբաղյան հերոսամարտից, դառնում է հաջողակ բիզնեսմեն և հարկերն ու մաքսերն ամբողջությամբ և ժամանակին մուծելու համար արժանանում է Շիրակացու անվան մեդալի… Զգալի տեղ եմ հատկացրել աղետի գոտու վերականգնման և հոկտեմբերի 27-ի հանցախմբի դատավարության թեմաներին… Այժմ աշխատում եմ մի չափազանց դժվար՝ Ժան Վալժանին՝ հայ հերոսով փոխարինելու խնդրի լուծման վրա, փորձում եմ բանակցություններ վարել  և եթե համաձայնի, ապա, ամենահարմարն Արշակ Սադոյանն է՝ իր նավթի ու մազութի մաֆիայի, Արմենթելի Պեռնո Ռիկարի դեմ անզիջում պայքարով, աննկուն անհատականություն, որին մի ժամանակ իշխանություններն էին հալածում, ստիպելով նրան թաքնվել նկուղներում, իսկ հիմա նրան տեսնելիս իշխանությունները փոխում են մայթը… Ավելացրել եմ ևս մի կերպար, որի անունն առայժմ, հասկանալի պատճառներով գաղտնի եմ պահում. իր նման մի խումբ ինքնազոհ պատգամավորների հետ սա վճռել է կյանքը նվիրել հայրենական բյուջեի առողջացման վեհ գաղափարին, անշուշտ, իմ մտահղացմամբ, նրանք մշակել են Բեն Լադենին որսալու և ամերիկյան իշխանություններին հանձնելու մի հրաշալի ծրագիր:  25 միլիոն դոլար պարգևավճարն ստանալուց հետո (որը, ինչ խոսք, չափազանց քիչ է մեր քրքրված բյուջեն կարկատելու առումով) ծրագիրը նախատեսում է ամերիկյան բանտից փախցնել Բեն Լադենին, որոշ ժամանակ պահելուց հետո վերստին հանձնել ամերիկյան իշխանություններին…Այս մաքոքային գործողությունները կարելի է դադարեցնել  տասներորդ անգամից հետո, երբ ստացված գումարը կհասնի 250 միլիոն դոլարի, ինչի շնորհիվ ոչ միայն բյուջեի ճեղքվածքը կփակվի, այլև օրինական կաշառք կնշանակվի մի շարք կարիքավոր իշխանավորների, դրանով իսկ ապահովելով կաշառակերության թափանցիկությունը, միաժամանակ ազատելով բնակչությանը վերոհիշյալ իշխանավորներին ապօրինի կաշառք տալու ծանր բեռից… Ինչպես տեսնում եք, մեր ժողովրդի հոգևոր մակարդակը բարձրացնելուց զատ, այս վեպը մեծավ կնպաստի մեր տնտեսության զարգացման ու, հետևաբար, մեր ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Եվ, ամենակարևորը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աննախադեպ մակարդակի կբարձրանա հայ գրականությունը: Վստահ եմ, որ իմ այս հայացված «Թշվառների» համար ես Նոբելյան մրցանակ կստանամ, իսկ հայ գրականությունը՝ համաշխարհային ճանաչում…

«Ի՞նչ ծրագրեր ունեք» հարցին Մաեստրոն պատասխանեց.

– Ձեռքիս տակ է և հայացման առաջին փուլում է Հ. Սենկևիչի «Հո՞ երթասը» նոր, պարզեցված՝ «Ո՞ւր ես գնում, ախպեր» վերնագրով: Այն նվիրվում է արտագաղթի թեմային: Նոբելյան մրցանակը կարծում եմ արդեն քիչ կլինի այս երկի համար, այնպես որ, մեծամտություն չհամարեք, ես Հայաստանի Պետական մրցանակի հույսեր եմ փայփայում…

Բազմության միջից հնչած՝ «Ախորժակիդ քացախ, սիրելի Մաեստրո» ռեպլիկը խլացավ բուռն ծափահարությունների և օվացիաների մեջ: