15. ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Ինչպես գիտեք, դժվար ժամանակներ են: Դժվար, որովհետև մի հասարակարգից մյուսին անցնելիս այլ կերպ չի լինում: Սակայն հենց այնպես արձանագրել փաստն ու անցնել չի կարելի՝ պետք է օգնել իրար:  Ուժեղները պիտի օգնեն տկարներին, աշխույժները՝ ծույլերին, խելացիները՝ բթամիտներին, կուսակցականները՝ անկուսակցականներին և ընդհանրապես՝ ով ում պատահի, պիտի օգնել առանց դեմքին ու դիրքին նայելու… Եվ պիտի ուրախությամբ նշել, որ չնայած նոր հասարակարգը մանավանդ սկզբնական շրջանում որոշ շփոթություն առաջ բերեց մեր անգիտակից տարրերի շրջանում, , այնուհանդերձ, զմիմյանս օգնելու դարերով արմատացած ավանդույթն այսօր էլ շարունակում է առողջ ծիլեր տալ: Օրինակ, բոլորովին վերջերս մեր մայրաքաղաքի  բանուկ փողոցներից մեկում ականատես եղա մի հուզիչ տեսարանի՝ հորդահոս ավտոհոսանքի միջով մի երիտասարդ փողոցով անցկացնում էր մի պառավի… մեծագույն դժվարությամբ, որովհետև պառավը դիմադրում էր: Քիչ անց, երբ մերձակա ստորգետնուղիով  պառավը քրտնամխած վերադարձավ և նորից կանգնեց իր նախկին տեղում, ես կարճ հարցազրույց անցկացրի նրա հետ և պարզեցի, որ պառավին ամենևին պետք չի փողոցն անցնել՝ այս մայթին էր պայմանավորված հանդիպելու իր ուսանող թոռան հետ… Սակայն փաստը մնում է փաստ՝ օգնության փորձը կայացել էր, և դա է կարևորը…

Այո, նոր հասարակարգը հարցեր է ծնել, որոնց պատասխանները, ցավոք, առայժմ հնարավոր չէ գտնել ոչ մի տեղ: Օրինակ, մի այսպիսի հրատապ հարց՝ կանայք պիտի շարունակե՞ն առաջվա պես հավատարիմ մնալ իրենց ամուսիններն, թե՞ շուկայական հարաբերությունների պայմաններում դա այլևս պարտադիր պայման չէ… Կամ՝ հասարակական տրանսպորտում երիտասարդները դարձյալ պիտի զիջե՞ն իրենց տեղերը տարեցներին ու տկարներին, թե դա էլ պիտի անցնի անցյալի գիրկը սոցիալիզմի նման… Ինչպե՞ս վարվել «շնորհակալություն», «ներողություն» և նմանօրինակ արտահայտությունների հետ, մնալո՞ւ են դրանք մեր բառապաշարում, թե՞ դեն ենք նետելու որպես մեր նորանկախ հանրապետության առաջընթացն արգելակող խոչընդոտներ…

Նոր հասարակարգը դժվարին հարցեր է առաջադրել նաև մեր ստեղծագործական մտավորականությանը՝ ինչպես գիտեք, արդեն որերորդ տարին է, ինչ մեր ստեղծագործողները գրեթե գլխովին անգործության են մատնվել… նկարիչներին, օրինակ, կաթվածահար է արել ինչպե՞ս նկարելու հարցը՝ առաջվա նման աջ ձեռքո՞վ, եթե իհարկե, ձախլիկ չեն, թե՞ ձախով, եթե աջլիկ չեն… Էլի պիտի շարունակեն վրձինը թաթախել ներկի մե՞ջ և հետո քսեն կտավին, թե՞ ընդհակառակը… Պե՞տք է արդյոք անմահացնել կառավարության և կուսակցության առաջնորդներին, եթե այո՝ ապա ո՞ր կուսակցության, և ինչպես զարգացնել արվեստը, երբ ոչ հնգամյակ կա և ոչ էլ համայնական արտերը գիշեր-ցերեկ հնձող  հարվածային աշխատանքի առաջամարտիկ… Գրեթե նույնանման անլուծելի հարցեր են կանգնած կոմպոզիտորների, երգիչների, գրողների առաջ, հարցեր, որոնք մնալով անպատասխան, անգործության են դատապարտել մտավորականության այս եռանդուն խավին: Հատկապես ծանր իրադրություն է ստեղծվել մտավորականության ամենաստեղծագործ  ու ամենագիտակից հարվածայինների շրջանում, որոնց մենք նախկինում պարզապես «կլյաուզնիկ» էինք կոչում… Իրենց գործին ոտից գլուխ նվիրված գրչի այս համեստ նվիրյալները, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են հանուն արդարության և ճշմարտության հաղթանակի և չեն ընկել փառքի ետևից, մնալով անհայտ ու անանուն, հիմա պարզապես շլմորել մնացել են… Ստեղծվել է մի իրադրություն, երբ հնարավոր է, որ սոցիալիզմի շրջանում իրենց ծաղկումն ապրած այնպիսի գրական ժանրեր, ինչպիսիք էին «մատնագիրը», «կլյաուզան», «անստորագիր նամակը» կարող են իսպառ վերանալ մեր գրականությունից… Պատկերացրեք. այս նոր պայմաններում ինչպե՞ս  գրես, թե «Քաղաքացի այսինչը շեղվել է հարազատ կուսակցության նշած ուղուց»… Էհ, ասում են՝ շեղվել է մի հարազատ կուսակցությունից, ուրեմն ինքնաբերաբար մտել է մեկ այլ հարազատ կուսակցության ուղի… Ինչն է շատ՝ կուսակցությունը… բոլորն էլ՝ հարազատ: Կամ փորձում ես ահազանգել, թե «Այսինչը յուրացրել է ժողովրդական սեփականությունը…»: Պատասխանում են, որ դա կոչվում է սեփականաշնորհում, և դեռ մի բան էլ խորհուրդ են տալիս, որ ինքդ էլ միանասայդ «յուրացման»  գործընթացին…

Ծանր խնդիրների առաջ է կանգնած մանկական գրականությունը, որին մենք հետագայում առաջիններից մեկն ենք անդրադառնալու մանրազնին պարզաբանումներով, հաշվի առնելով, որ մատաղ սերնդի դաստիարակությունը չափազանց կարևոր է մեր կապիտալիստական լուսավոր ապագայի կառուցման գործում, սակայն հիմա մենք պարզապես կնշենք այդ խնդիրներից մի քանիսի խրթինությունը… Թեև, ինչպես արդեն հասկացաք, չկա մի խնդիր, որը լուծում չունենա… Այսպես, ուրեմն, վերջերս հանդիպեցի մեր վաստակաշատ մանկագիրներից մեկին, որի բոլոր մանկական ստեղծագործությունները նվիրված էին ծառերի ճյուղերին ծլվլացող ծտերի աշխատանքային ուսանելի առօրյային… Պարզվեց, որ մեր վաստակաշատ մանկագիրը դադարել է գրելուց, որովհետև շրջել է ամբողջ հանրապետությունով մեկ և չի գտել գոնե մի ծառ, որի ճյուղին կարողանար ծլվլացնել իր ծտերին… Մեկ այլ մանկագիր, որը տասնամյակներ շարունակ հեքիաթներ էր հորինում մանուկների համար, հայտնվել է փակուղու առաջ, պարզապես չի կարողանում ավարտին հասցնել իր հերթական հեքիաթը, որը սովորականի պես պիտի եզրափակեր երկնքից ընկնող երեք խնձորների պատկերով. մեկը՝ Այսինչին, մյուսը՝ Այնինչին, իսկ երրորդը, պարզ բան է՝ հեքիաթասացին… Պարզվում է՝ խնձորների հետ կապված այդօրինակ գործողությունը հիմա մեծ բարդությունների է առնչվում. հեքիաթասացին շատ որոշակի հասկացրել են, որ նախքան Այսինչին ու Այնինչին հանձնելը, վերոհիշյալ խնձորները նախ և առաջ անհրաժեշտ է անցկացնել համապատասխան մաքսատնով, ձեռքին ունենալով փաստաթղթեր, ուր պիտի կոնկրետ նշված լինեն երկնքի այն հատվածները, որտեղից առաքվել են սույն խնձորները, հարկ է անպայման ներկայացնել բժշկի տեղեկանք, որը հավաստում է, որ ստացված ապրանքը չի հարուցված որևէ հիվանդությամբ և վարակով և անվտանգ է սպառողների համար և, վերջապես, ամենակարևորը՝ հեքիաթասացը պարտավոր է շահութահարկ մուծել խնձորների վաճառքից ստացված եկամտից, կամ առնվազն ձևակերպել որպես նվիրատվություն…

Այսօրինակ դժվարին խնդիրներ են կանգնած մեր գրեթե բոլոր ժանրերի, բոլոր ասպարեզների ստեղծագործողների առաջ, և դժվար թե նրանք կարողանան իրենց սեփական ուժերով ելք գտնել ստեղծված իրոք ծանր կացությունից…

Եվ ահա, նրանց օգնելու է կոչված Մաեստրոյի «Շտապ օգնությունը»: Չկան այնպիսի հարցեր, որոնց պատասխանը նա չիմանա: Ուրեմն՝ հարցրեք, և նա  կպատասխանի, թեև չհարցնեք էլ, միևնույն է, կպատասխանի: Այդպիսին է նրա բնավորությունը:

Ձեզ մնում է միայն ուշադրությամբ հետևել նրան՝ առևտրից ազատ ժամերին:

 

[sharify]