ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Եվ Աստված ցանկացել է գրել

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

քո տարածքի վրա ծայրեծայր,

բայց, ափսոս, բառն այդ շատ էր երկար

ու չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա…

Եվ Աստված ցանկացել է գրել

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

բայց, ավաղ, այդ բառն էլ դարձյալ շատ երկար էր

ու կեսն անգամ չտեղավորվեց

քո փոքրիկ հողակտորի վրա…

Եվ ի՞նչ աներ Աստված,

որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,

որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,

որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար

քո փոքրիկ հողակտորի համար…