11. ՏԱՐԵՄՈՒՏԻ ԱՌԹԻՎ ՄԵՐ ՍԵՓ. ԹՂԹԱԿՑԻՆ ԻՐ ՀՈՒՇԵՐՆ Է ՊԱՏՄՈՒՄ ՄԱԵՍՏՐՈՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Նոր տարվա այդ անմոռաց օրը Ձմեռ Պապ էի պատվիրել՝ հատուկ կազմակերպություն կա, փողը մուծում ես, դերասանը գալիս, երեխային ուրախացնում ու գնում է: Մեծ ուշացումով դուռը զանգեց, աղջկաս հետ վազքով գնացինք դուռը բացելու… Մի կերպ, ճոճվելով, ոտքի վրա Ձմեռ Պապը շնորհավորեց բոլորիս Նոր տարին և հենց բերանը բացեց՝ արաղի հոտը խփեց երեսներիս… Եվ այն է՝ ջղայնացած ուզում էի դուռը շրխկացնել վրան, մեկ էլ հանկարծ «Վա՜յ, Մաեստրո ջան, իմ հանճարեղ ախպեր»,- կանչեց ու փաթաթվեց ինձ: Սիրտս հուզմունքից կծկվեց՝ «Չէ՛, ժողովուրդը ճանաչում է իր մեծ զավակին»,- մտածեցի ես և Ձմեռ Պապին ներս հրավիրեցի: Սա անմիջապես սեղանից չանթեց օղու բաժակն ու իմ կենացն առաջարկեց՝ որպես ժողովրդի հանճարեղ զավակի: Խմելն ու հատակին տապալվելը մեկ եղավ, կնոջս հետ մի կերպ բարձրացրինք, պառկեցրինք բազմոցին. ամբողջ օրը խեղճ մարդը ոտքով քարշ է եկել, մտածեցինք մի քիչ թող պառկի՝ հանգստանա: Ու, որպեսզի լավ հանգստանա, կոշիկները հանեցի ու հենց այդ պահին էլ քիչ էր մնում մենք տապալվեինք… Մի այնպիսի զարհուրելի, մահացու հոտ տարածվեց, որ կինս հազիվ հասցրեց երեխային գրկել ու նետվել միջանցք, ես քիթս բռնած արագորեն բացեցի պատուհանները:

– Ա՜յ, Ձմեռ Պապ,- շնչակտուր ասացի ես,- բա դու գուլպաներդ չե՞ս փոխում:

– Տո բա չե՞մ փոխում, Մաեստրո ջան,- անմիջապես աշխուժացավ Ձմեռ Պապը,- ցավդ տանեմ, խաթրիդ համար հենց հիմա էլ կփոխեմ մի շիշ արաղի հետ…

Երկարատև ու մանրամասն ծիծաղելուց հետո, Մաեստրոն լրջացավ և ապա շարունակեց.

– Ձմեռ Պապին մի կերպ ճամփելուց և տունը օդափոխելուց հետո, ես հանկարծ գլխի ընկա, որ կանգնած եմ մեծ գյուտի շեմին. արագորեն նստեցի համակարգչի առաջ և որոշ հաշվարկներից հետո պարզեցի, որ Ձմեռ Պապի ունեցածին հավասարազոր մահացու ուժգնության հարյուր հիսուն զույգ գուլպան բավական է, որ մենք լիովին չեզոքացնենք մեր հավանական հակառակորդին: Գուլպաները հերմետիկ փակում ենք արկղերի մեջ, ինքնաթիռները գիշերով հասցնում են թշնամու բնակատեղիներ և արկղերը բացելով շաղ տալիս նրանց վրա… Մեր հավանական հակառակորդը առավոտյան սոսկումով պարզում է, որ մնացել է առանց բանակի:

Ինչևէ, այս ամենը հաշվարկներով, ամեն ինչով շտապ ուղարկեցի մեր Պաշտպանության նախարարություն: Կարճ ժամանակ անց ստացա պատասխանը,- նկատելիորեն տխրած շարունակեց Մաեստրոն,- գրել էին, որ այդ զենքով հնարավոր է ոչնչացնել միայն քաղաքակիրթ, մաքրակենցաղ հակառակորդների… Իսկ մեր թշնամու պարագային, այդ զենքը ոչ մի ներգործություն չի ունենա, որովհետև նրանք բազմադարյան իմունիտետ ունեն: Եթե մեր ժողովրդի մեջ հազարից մեկն ունի այդպիսի մահասփյուռ գուլպա, ապա նրանց մոտ հազարից մեկի գուլպան է քիչ թե շատ անվտանգ… Եվ մեր ժողովրդի ապահովության տեսակետից ինձ խստիվ արգելեցին հրապարակել գյուտս… Պատկերացնո՞ւմ եք, զգուշացրել էին ինձ, թե ինչ կկատարվի, եթե մեր հավանական հակառակորդը հանկարծ գլխի ընկնի, թե ինչ զորավոր զենք է թաքցված իր ժողովրդի կոշիկների մեջ:

[sharify]