ՎԱՃԱՌՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԳՈՐԾԱԾՎԱԾ

Պոեզիա > ԵՐԿՈՒ ՋՐՀԵՂԵՂԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ԳԻՆԸ` ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ

– Բանաստեղծություն պե՞տք է քեզ,- հարցրեցի հարևանիս, որը միջանցքում կտրատում էր դեռևս կենդանի ծառի բունը, և ճյուղերը մատների պես ջղաձգվում էին անտանելի ցավից,-

– Բանաստեղծությու՞ն,- հարցրեց ամբողջովին արյան մեջ կորած հարևանս,- պետք է և շատ: Միայն թե գրված լինեն չոր թղթերի վրա, թե չէ, մի քիչ խոնավ եղան, ծուխը կլցվի սենյակս և շնչելը կդառնա անհնար…

– Բանաստեղծություն պե՞տք է քեզ,- հարցրեցի ավտոբուսի վարորդին, երբ երկար ժամեր սպասելուց հետո ճռնչալով հայտնվեց մի բազմաչարչար մեքենա և ես մի կերպ խցկվեցի առջևի դռնից` մի խումբ հղի կանանց, փախստականների և մի սփյուռքահայ բարեգործի հետ, որը, ինչպես ինքը պատմեց, այս էլ քանի տարի է, ոչ մի կերպ չի կարողանում օդակայան հասնել` հայրենի Ամերիկա վերադառնալու համար, որից բաժանվել էր մի կարճ ժամանակով…

– Բանաստեղծությու՞ն,- մտքերի մեջ ընկավ վարորդը` մի ձեռքով ղեկը բռնած, մյուսով գլուխը քորելով,- պետք է, եթե իհարկե փողի վրա է գրված…

-Բանաստեղծություն պե՞տք է ձեզ,- գոռացի ապրանքահումքային բորսայում, ուր հաճելի աղմուկ էր և գործարար մթնոլորտում խռնված էին բիզնեսմենները մեր նորօրյա, իսկ նրանցից մեկը, անկյունում նստած, կոմպյուտերի ցուցմունքներն էր վերստուգում` փայտե հնամենի հաշվիչի վրա մատների հմուտ ու վարժ շարժումներով ետուառաջ շրխկացնելով կլոր հատիկները համրիչի…

– Բանաստեղծությու՞ն,- հարցրեց հենց նա` մի պահ դադարեցնելով աշխատանքը,- նայած թե ինչ ռուլոններով և նայած թե տեղափոխման ծախքերն ում վրա, և եթե դոլարի կուրսը դրամով արտահայտված հաստատուն մնա ռուսական ռուբլու համեմատությամբ…

– Բանաստեղծություն պե՞տք է ձեզ,- կանչեցի պառլամենտում` ինչ-որ մի հնարքով հայտնվելով ամբիոնի վրա:

– Պետք է,- անմիջապես արձագանքեց նախագահողը,- հայտնի է բոլորին և նույնիսկ կուսակցական ֆրակցիաներին, որ պոեզիան ջեռուցում է մարդկանց հոգիները, հետևաբար այն կմտցնենք «Ձմեռ-95»-ի և հետագա բոլոր ձմեռների ծրագրերի մեջ և կանիստրներով ձրի կբաժանենք արվարձանային թաղամասերի, ինչպես նաև աղետի գոտու բնակչությանը:

– Բանաստեղծություն պե՞տք է ձեզ,- հարցրեցի զինվորականին, որն անցնում էր Լա Չին-Լա Մանշ մարդասիրական միջանցքով` կրակելով աջ ու ձախ…

– Պետք է և շտապ… Գերադասելի է թութունի հետ միասին և բարակ թղթի վրա, և այն պայմանով, որ հակառակորդ կողմն հասկանա, որ այս հարցը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով…

– Բանաստեղծություն պե՞տք է ձեզ,- ի վերջո հարցրեցի կույր մուրացկանին, որը, մետրոյի ստվերոտ մուտքի առջև նստած, ճպճպացող աչքերը հառել էր լուսավոր ապագային, իսկ թմբլիկ ձեռքը, որ մեկնել էր ինձ, անմիջապես ետ քաշեց «բանաստեղծություն» բառը լսելուն պես և ժպտաց, ինչպես միայն հարազատն է ժպտում հարազատին…