50. ՈՐՈՆԵՆՔ ՆՈՅԻ ՏԱՊԱՆԸ ԱՐԱԳԱԾԻ ԳԱԳԱԹԻՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  Արագածի գագաթից վերադառնալուց հետո տարածված լուրերն ինձ ստիպեցին նորից որոնել մեծավաստակ գործչին և շուտով նրան գտա Ներքին Զեյթունի  նորաբաց բարեգործական ճաշարանում, ուր նա արդեն իր դեղձի կոմպոտն էր վայելում՝ խորաթափանց և իմաստուն հայացքը հառած գեղիրան մատուցողուհու ոտքերին:

 

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո՞…

ՄԱԵՍՏՐՈ.- Հա ջա՞ն,- պատասխանեց Մաեստրոն մեծ դժվարությամբ շեղելով հայացքի ուղղությունը:

ԹՂԹԱԿԻՑ.- Չար լեզուները տարածել են, որ իբր դուք վերջերս բարձրացել եք Արագածի գագաթ՝ Նոյի տապանը որոնելու նպատակով:

ՄԱԵՍՏՐՈ.- Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա դրա մեջ:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, բայց հանրահայտ փաստ է, որ Նոյի տապանը Արարատ լեռան վրա է իջել, և չեմ կասկածում, որ դուք դա չիմանայիք:

ՄԱԵՍՏՐՈ.- Իհարկե, գիտեմ:

ԹՂԹԱԿԻՑ.- Այդ դեպքում, Մաեստրո, ինչո՞վ բացատրել, որ տապանի որոնման համար դուք բարձրանում եք Արագած:

ՄԱԵՍՏՐՈ.- Երիտասարդ, իսկ ես էլ ուրիշ որտե՞ղ կարող էի որոնել Նոյի տապանը, եթե ինձ թույլ չեն տալիս բարձրանալ Արարատ… Քանի՜ անգամ եմ դիմել, մերժում ստացել… Ի վերջո, ի՞նչ պակաս լեռ է Արագածը, փորձե՞լ եք բարձրանալ:

ԹՂԹԱԿԻՑ.- Դեռևս ոչ:

ՄԱԵՍՏՐՈ.- Այ, տեսնում եք, եթե բարձրանաք, անմիջապես կհասկանաք, որ եթե Նոյը խելքը գլխին մարդ լիներ, ապա ոչ թե Արարատի, այլ Արագածի գագաթին կիջներ և մեզ էլ չէր դնի այսպիսի անհարմար վիճակի մեջ…

ԹՂԹԱԿԻՑ.- Լավ, Մաեստրո, թողնենք տապանի որոնումները: Ի՞նչ տպավորություններով վերադարձաք Արագածից:

ՄԱԵՍՏՐՈ.- Չափազանց դառնացած: Ո՞ւր են նայում իշխանությունները: Մեր հանրապետության ուղիղ կենտրոնում գտնվող լեռը դեռևս գտնվում է քարե դարի մակարդակին՝  ամենուրեք քար, քար, քար… Եվ ամենակարևորը՝  արդեն մտել ենք 21-րդ դար, իսկ այնտեղ, նորից եմ կրկնում, չկան տարրական հարմարություններ և պայմաններ տեղի բնակչության համար, հասարակ լիֆտն ի՞նչ է, այդ էլ չկա, մարդիկ ստիպված ոտքով են բարձրանում լեռան գագաթ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում 4,5կմ ոտքով վեր ելնելը, ի՞նչ ելնել, մագլցելը: Իսկ եթե շուկայի՞ց ես գալիս և ձեռքերդ ծանրաբեռնված են… Գոնե աստիճաններ սարքեին: Չգիտեմ՝ խոսեմ, թե չխոսեմ զուգարանների մասին: Մինչև գագաթ հասնելը 3-4 ժամ է տևում, քրտնամխած ելնում ես վեր, մարդ ես, հասկանալի է, այդքան ժամ չարչարվելուց հետո բնական պահանջներ են առաջանում, նայում ես չորս կողմդ՝ ոչ մի համապատասխան շինություն, ի՞նչ անել. ստիպված բնական մեծ և փոքր պահանջմունքներդ բավարարում ես բաց օդին, սառնամանիքին և քամուն, հարազատ գագաթի վրա… Այս երևույթն ընդամենը մի առավելություն ունի՝  մարդկային այդ պարզ գործողությունների  հետևանքով (խոսքս հատկապես մեծ բնական պահանջմունքի բավարարման մասին է)  լեռան գագաթը հետզհետե բարձրանում է: Եվ եթե առաջիկա տասնամյակում այնտեղ զուգարան կառուցվի, ապա խիստ հավանական է, որ Արագածն առաջիկայում դառնա աշխարհի ամենաբարձր լեռը…