25. ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԼՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

(Հարցազրույց Մաեստրոյի հետ րոպեավճարի կապակցությամբ)

  Մաեստրոյի հետ հեռախոսով կապվելու բոլոր փորձերս անհաջողության մատնվեցին՝ մեխանիկական ձայնն անվերջ կրկնում էր. «Համարն անջատված է անորոշ ժամանակով»: Հասկանալի դարձավ միանշանակ , որ Մաեստրոն դարձյալ որպես բողոքի նշան հեռախոսավարձը չի մուծել:

  – Նորից ցեղասպանության խնդի՞րն եք առաջ քաշել,- հարցրեցի Մաեստրոյին, երբ, ի վերջո, ստիպված եղա երկար ճանապարհ կտրելով հարցազրույցը վարել մեծ Մտավորականի վարձով տուն-թանգարանում:

– Դուք մամուլին չեք հետևում, երտասարդ,- ներողամտորեն շպտաց Մաեստրոն,- արդեն հայտարարել եմ, որ հեռախոսավարձը կմուծեմ միայն այն դեպքում, եթե վերջ տրվի համաշխարհային ահաբեկչությանը…:- Կարճ, բայց իմաստալից լռությունից հետո Մաեստրոն շարունակեց,- ինչպես գիտեք, սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը բաժանվեց երկու մասի՝ նրանց, ովքեր մուծում են հեռախոսավարձը և նրանց, ովքեր չեն մուծում… Իմ համակրանքը, անշուշտ, վերջիններիս կողմն է…

– Մաեստրո, փետրվարի 1-ից րոպեավճարը մեր հանրապետությունում իրավական ուժ ստացավ. դա ծանր հարված էր մեր բնակչությանը…

  – Ծանր էր, որովհետև բնակչությունը լիովին անպատրաստ էր այդ անխուսափելի նորամուծությանը… Եվ այստեղ մեղքի իր մեծ բաժինն ունի մեր գրաքննադատությունը…

– Ի՞նչ կապ ունի գրաքննադատությունը հեռախոսի և հեռախոսավարձի հետ,- հասկանալի պատճառներով զարմացա:

  – Նախ, որովհետև բոլորից շատ նրանք են խոսում հեռախոսով և երկրորդ՝  բա մեր բանաստեղծնե՞րը… Հեռախոսով իրար պոեմներ են կարդում՝ 4-5 հազար տող… Րոպեավճարի շնորհիվ նրանք կսկսեն կարճ գրել և ինչ իմանաս, աղոթենք առ Աստված, գրելը գուցե լրիվ թարգեն… Վերադառնալով հեռախոսազրույցին, հարցնեմ՝ ի՞նչ է այն – խոսք, երկխոսություն, սյուժե՝ այսինքն դրամատուրգիա, այսինքն՝ գրականություն… Նոր եմ վերադարձել գրողների միությունից, ուր երկար ու ծանր վեճ եմ ունեցել դրամատուրգիայի սեկցիայի ղեկավարության հետ: Ի վերջո, նրանք էլ ընդունեցին, որ հեռախոսազրույցը որպես դրամատուրգիայի չափազանց  ակտիվ գործառվող ժանր լիովին դուրս է մնացել թե՛ գրաքննադատության և թե՛ մեր գրական մամուլի ուշադրությունից: Խոստացան մոտ օրերս վարչության պլանում հրավիրել և հարցը դնել ամբողջ սրությամբ, պլանավորվեց անցկացնել սիմպոզիում՝  «Հեռախոսազրույցը գողթան երգերից մինչ այսօր» թեմայով: Պատմաբան-իրավագետ Ան. Դադարյանի դիսերացիան դիտարկելու է այն խնդիրը, թե արդյո՞ք Ավարայրի դաշտում լոկ բարոյական կլիներ մեր հաղթանակը, եթե Վարդան Մամիկոնյանը բջջային հեռախոս ունենար: Եվս մի թեմա՝ ո՞րն է արդյունավետ՝ հին ուղղագրությա՞մբ վարել հեռախոսազրույցը, թե՞ նոր…

– Այդ ամենն ապագայում, իսկ այսօր, հենց այս տագնապալի պահին ի՞նչ արժեքավոր խորհուրդներով, ի՞նչ իմաստուն դիտողություններով կօգնեիք մեր խուճապահար բնակչությանը:

– Տարիներ շարունակ ակամա հետևելով մեր բնակչության հեռախոսսազրույցներին՝ դժվար չէր գալ այն եզրակացության, որ մեր բանավոր գրականության այդ հրաշալի ճյուղը մնացել է նույն խոպան վիճակում՝  իշխողը թեմատիկ միապաղաղությունն է,  աղքատիկ բառապաշարը, սյուժետային գծի կցկտուրությունը, ձգձգվածությունը, անիմաստ կրկնությունները: Օրինակ, լսում ես երկու կնոջ զուտ խոհարարական թեմայով մի հեռախոսազրույց, ուր, ասենք քննարկվում է խաշ դնելու մի բոլորովին նոր մեթոդ, որն ամենահետաքրքիր տեղում անսպասելիորեն ընդմիջվում է՝ «Այ, թաղեմ այսինչ նախարարիբոյը» արտահայտությամբ: Նախ , ի՞նչ իմաստ ուներ ավելորդ րոպե վատնել և հրաշալի, օգտակար զրույցը խաթարել, մթագնել վերոհիշյալ նախարարի թաղման տխուր արարողությամբ, և հետո, ե՞րբ է մեր ժողովուրդը հասկանալու, որ մեկ, առանձին վերցրած նախարար թաղելով հարցը չի լուծվի, հարկավոր է թաղել բոլորին միասին, մի եղբայրական-նախարարական գերեզմանում, պահպանելով մեր հայկական, ավանդական  ծեսերը…: Տեսեք, թե ինչքան ավելորդ րոպեներ են ծախսվում զրույցների անտեղի, երկար ու դատարկ նախաբանների վրա… Ահա, գրեթե պարտադիր դարձած մի նախաբան. «Ալլո, բարի օր, ո՞նց ես, ոնց չես, ձերոնք ո՞նց են, ոնց չեն, ախպերդ ո՞նց է, ոնց չէ, քույրդ, հերդ, մերդ, հորողբերներդ, մորողբերներդ, քեռիներդ, մորքուրներդ, հարս ու փեսաներդ, հեռավոր-մոտիկներդ ո՞նց են, ոնց չեն…»: Արժե՞ թանկարժեք րոպեներ ծախսելով տալ երկարաշունչ հարցեր, որոնց պատասխանը շատ լավ գիտես՝ պարզ չէ՞, որ բոլորն էլ վատ են, ոմանք շատ վատ, մի կեսն արդեն գնացել է արտասահման, մյուսը՝ գնալու վրա է… Այս ժամավաճառությունն հատկապես անիմաստ է դառնում, երբ թեժ զրույցի ինչ-որ մի պահի պարզվում է, որ սխալ համար ես հավաքել և զրուցակիցդ ոչ թե խնամի Մանիշակն է, այլ՝ զուգարանային խիստ հրատապ գործընթացը կիսատ թողած և այդ իսկ պատճառով խիստ մոլեգնած ոմն Վարդիշաղ, և բնականաբար, խաղաղ-ստեղծագործ զրույցի տոնայնությունը շեշտակիորեն փոխվում է և ընթանում՝ «Այ, կուբին դնեմ քեզ էլ, քո խնամի Մաիշակին էլ…» հունով, ուր, սկսելով քեզնից, սույն մոլեգին Վարդիշաղը ամենայն բարեխղճությամբ «կուբին է դնում» քո թվարկած բոլոր ազգ-բարեկամներին, հեռավոր-մոտիկներին՝ խստիվ հետևելով նշված հաջորդականությանը…

Ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում շռայլություն եմ համարում, ևայդ իսկ պատճառով բացառում եմ բնության մանրամասն նկարագրությունները, մանավանդ, եթե զանգիդ նպատակը պարտք ուզելն է և մանավանդ, որ զրուցակիցդ էլ ոչ միայն քեզ հետ միասին նույն եղանակային գոտում, այլև, շատ հաճախ նույն շենքում է ապրում և քո պատկերած անձրևն ու կարկուտը շատ  պարզորոշ տեսնում է իր լուսամուտից, ինչի հետևանքով քեզ պարտք տալու ոչ մի ցանկություն չունի: Րոպեավճարի տեսանկյունից, բնության այս նկարագրությունները ֆինանսական ծանր հետևանքներով են հղի, որովհետև շատ հեշտությամբ կապվում են «Էս անտեր ռևմատիզմին, ճնշումին ու շաքարին»… սկիզբ տալով մի չափազանց գայթակղիչ ու բեղմնավոր թեմայի, որն արդեն ոչ թե րոպեներով,այլ՝ ժամերով է չափվում… Առանձին նյութ է, միգուցե՝ գիտական աշխատության, հեռախոսազրույցների անդրադարձը սփյուռք-հայրենիք կապերին: Ժամանակը պարտադրում է այս հարցում նոր կարգախոս՝ «Մի հայրենիք, մի շատախոսություն, մի րոպեավճար…»…

Ինչևէ: Ինչպես տեսնում եք ասելիք շատ կա, հնարավոր չէ սահմանափակվել մի զրույցով, մի բան պարզ է արդեն՝ որ մեր գրականության մեջ սա խոպան տարածություն է, որն սպասում է իր նվիրյալ խոպանչիներին… Վերջում, ինչպես արդեն խոստացել էի, ձեզ եմ ներկայացնում իմ անտիպոեզիայի պտուղը, որը նվիրված է այս հրատապ թեմային:

 

ՄԱԵՍՏՐՈ

ԱԽ, ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ

(Անտիպոեզիա՝ րոպեավճարի թեմայով)

 

Իմ բազմաչարչար, դու իմ սրբատաշ,                                                                                        դու իմ ամրակուռ, նաև՝ աննկուն,                                                                                       դու, որ հաղթել ես Ապարանում Բաշ,                                                              Սյունիքում, ապա Լոռի-Փամբակում,

դու, որ ընկճել ես թուրքին արյունռուշտ,                                                                         ջադել ես նրա յաթաղանը պիղծ,                                                                                             ինչո՞ւ ես թթվել, կախել քիթ-մռութ                                                                                   ու այնպես տխուր- տրտում նայում ինձ:

Մահաբեր սամո՞ւմ, երկրաշա՞րժ  նորից,                                                                    էլի՞ ջրհեղեղ աշխարհակործան,                                                                                     թո՞ւրքն է գրոհել սարից ու ձորից,                                                                                       թե՞ Բեն Լադենն է մտել Հայաստան…                                                                    Րոպեավճա՜ր – ահա պատճառը                                                                                          սուգ ու շիվանի երկրում նաիրյան…                                                                                        -Հե՜չ դարդ մի արեք, գտել եմ  ճարը՝                                                                              ԽՈՍԵԼԱԴՈՒԼ ու ԼՌՈՒԹՅՈՒՆ –միայն: