ՍԻՐԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԳՐՎԱԾ ԱՆՊԱՏԵՀ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Poetry > NEVER DIE -THIS IS WHAT I HAVE TO SAY

Դու արդեն վաղուց չկաս

– ի՜նչ տարօրինակ զուգադիպություն,

չէ՞ որ ինքս էլ վաղուց չկամ: Ներիր, սիրելիս,

որ նորից դառնացնում եմ քո հոգին, բայց արդեն

չեմ հիշում, թե դու երբ, իսկ ես

վերջին անգամ զոհվեցի երկրաշարժի ժամանակ,

հենց առաջին ցնցումից հետո: Եվ երբ

գնդակը խոցեց ինձ ինչ-որ

ցեխակոլոլ խրամատում –

դու արդեն շատ վաղուց չկայիր:

Ու թեև դեռևս տասնամյակներ առաջ

թուրքական յաթաղանը երկու կես էր արել իմ սիրտը,

որի մի կեսը ժողովրդի ցավով էր

տառապում, իսկ մյուսը լցված էր քո սիրով,

բայց ամենադաժանը

երևի 37 թիվն էր, երբ ես հրաժեշտ տվեցի քեզ`

չկարողանալով նայել քո աչքերին,

որովհետև հաջորդ օրն ինձ գնդակահարելու էին,

որպես ժողովրդի թշնամու: Բայց, սեր իմ, հավատա,

ամենածանրը քաղցից մեռնելն է,

պատերազմից հետո, հիշո՞ւմ ես, վազում էինք

սայլերի ետևից, որոնք քուսպ էին տանում,

և սայլապանի մտրակից

ուշակորույս մարմինս ճզմվեց

ետևից եկող սայլի ծանր… թրթուրների տակ

գերմանական տանկի… բայց ոչ, դա ավելի շուտ էր,

երբ մենք հանդիպեցինք երկրորդ անգամ,

գետափին, երբ գետը դեռևս հոսում էր դեպի

ծով, ճիշտ այնպես,

ինչպես քարտեզին է նկարված` կապույտ,

քո շրջազգեստից ավելի կապույտ, թե՞ քո

շրջազգեստն էր ավելի…

Ներիր, սեր իմ, ես արդեն խառնում եմ ամեն ինչ,

ծերացել եմ սարսափելի, ու եթե, Աստված տա,

մի քիչ էլ շարունակվի այսպես, երևի այս անգամ,

առաջին անգամ, պատկերացնո՞ւմ ես,

ինձ հաջողվի մեռնել բնական մահով, թեև, չգիտեմ,

էլ ի՞նչ իմաստ ունի ապրելը հիմա,

երբ դու արդեն վաղուց չկաս,

չգիտեմ, էլ ի՞նչ իմաստ ունի մեռնելը մանավանդ,

երբ ես ինքս էլ չկամ վաղուց:

[sharify]