ԴԵՂԻՆ ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Սովորական հեքիաթների ավարտին երկնքից երեք խնձոր է ընկնում: Չմանրամասնելով, թե որ խնձորն ում է բաժին հասնում` միանգամից նշենք, որ մեր հեքիաթի ավարտին երկնքից դեղին անձրև տեղաց: Ավելի ճիշտ` ժանգագույն, լպրծուն մի հեղուկ, որը ոչ միայն այդ ասպարեզի մասնագետներին, այլև հանրապետության ամբողջ բնակչությանը գցեց խորը մտածումների մեջ:

   Մտածում 1-ին – Վերջին շրջանի առատ անձրևները պիտի դիտարկել որպես մեր ջրմուղ-կոյուղու աշխատակիցների եռանդուն գործունեության արդյունք, որոնք, շենքերում և հիմնարկներում իրենց գործն ավարտելով, ջրաչափեր են տեղադրել նաև ամպերի վրա, ինչի շնորհիվ շուրջօրյա` 24-ժամյա տեղումներ են ապահովել ամբողջ հանրապետության տարածքում: Մնում է պարզել, թե ովքեր, ինչպես և ումից են գանձում, և արդյոք գանձո՞ւմ են վարձավճարները տեղացած անձրևաջրերի համար:

   Մտածում 2-րդ – Պիտի ենթադրել, որ անցյալ շաբաթ օրվա դեղին անձրևը թյուրիմացաբար վերցվել էր աշնանային անձրևների պահուստային ֆոնդից: Ըստ ջրմուղ-կոյուղու վարչության հեղինակավոր մասնագետների` կանաչ ֆլորան աշնանը դեղինի է փոխվում համապատասխան գույնի անձրևների միջոցով, և շատ հնարավոր է, որ այս տարվա աշնանային դեղնությունը փոքր-ինչ կանաչավուն ստացվի` անտեղի, անիմաստ և ոչ ժամանակին մսխված վերոհիշյալ դեղին անձրևի պատճառով:

   Մտածում 3-րդ – Նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններից անմիջապես հետո, հենվելով երկու` շուրջ վեց ամիս տևած նախընտրական քարոզարշավի արդյունքների վրա, մայիսի 29-ին տեղի ունեցավ ՀԳՄ մանկական գրականության պլենում, որն ամփոփեց ու գնահատեց կատարված աշխատանքը: Պլենումը նշեց, որ քարոզարշավների ընթացքում թռիչքային զարգացում են ապրել հատկապես հեքիաթի, ֆանտաստիկայի և արկածային գրականության ժանրերը, որոնք, ինչպես հայտնի է, մտնում են մանկական գրականության հետաքրքրությունների շրջանակի մեջ:

   Գովեստի բարձր գնահատականների արժանացան մեր այն հեքիաթասաց-պատգամավորության թեկնածուները, որոնք ամիսներ շարունակ անխոնջ հետևողականությամբ շրջում էին գյուղից  գյուղ, շենից շեն, թաղից թաղ, իրենց շուրջն էին հավաքում հանրապետության բնակչության  հատկապես մանկահասակ  զանգվածին, և հյութեղ ու գունագեղ լեզվով կարողանում էին երեխաներին պոկել չոր ու ցամաք իրականությունից և տանել շողշողուն լույսերի մեջ ողողված մի աշխարհ, ուր հայ երեխայի համար ամենաֆանտաստիկ երազանքն անգամ հնարավոր էր դարձնել իրականություն. ձրի կրթություն ու բուժում, ձրի պաղպաղակ, տանձ ու չիր, մի խոսքով` ամեն-ամեն ինչ, եթե միայն նրանց ծնողները թղթի վրա նշեն հեքիաթասաց քեռու անունն ու գցեն արդար ու թափանցիկ տուփի մեջ… Մանկական գրականության այս հրաշալի բազմամսյակն ավարտվեց կրկեսային մի անկրկնելի և անմոռաց ներկայացմամբ, որը մեծ հաճույք պատճառեց  ոչ միայն փոքրերին, այլև մեծահասակներին. կրկեսային ներկայացման հանդիսատեսներին խնդրվում էր բաժանված թղթերի վրա նշել նրանց համակրանքը շահած հեքիաթասացի անունը, ապա, վստահության համար, այդ թղթերն անցնում էին ձեռքից ձեռք և հետո միայն նետվում արկղի նեղլիկ անցքով ներս: Եվ պետք էր տեսնել, թե հիացմունքի, զարմանքի ինչ ճիչ ու կանչեր, արտիստի վարպետությունը գնահատող ի՜նչ բուռն ծափահարություններ էին հնչում, երբ արկղից դուրս էր գալիս մի բոլորովին ուրիշ թեկնածու, որին մինչ այդ ո՛չ տեսել էին, ո՛չ էլ լսել…

   Սակայն, ինչպես ասում են, հեքիաթն իր օրենքներն ունի, իսկ կյանքն ընթանում է բոլորովին այլ հունով, որի կանոններից մեկն էլ այն է, որ անձրևներից և նույնիսկ դեղին անձրևներից հետո փարթամորեն աճում են խոտերը, իսկ ընտրություններից հետո` գները: Եվ դա հասկանալի է. ինչպես բոլորս համոզվեցինք, ընտրությունները մեծ ծախսերի հետ են կապված, և դրանք հատուցելու միակ ելքը, թերևս, գների թանկացումն է: Սակայն ինձ թվում է, որ այդ ծախսերից և հետևաբար գների թանկացումից ազատվելու հնար կա, և այս ուղղությամբ իմ երկարատև ու տքնաջան ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ընտրարշավի սցենարը կարելի է պարզեցնել, մաքրել մի շարք անկարևոր օղակներից, ինչպես օրինակ` ժողովրդի մասնակցությունից, որը և՛ ամենածախսատարն է և՛, ինչպես այս ընտրությունների փորձը վկայեց, ամենաավելորդը:

   Չգիտեմ, իմ այս առաջարկը գուցե ոմանք վիճելի համարեն, բայց ինչպես մեծ փիլիսոփա Հերակլիտն է ասել այս ընտրություններից դեռևս շատ առաջ. «Omnia secundum litem fiunt», որը եթե թարգմանելու լինենք, կստացվի մոտավորապես այսպիսի հայերեն տեքստ. «Ամեն ինչ արարվում է վեճերի և հակամարտությունների միջոցով»: Ինչպես տեսնում եք, խոսքն այստեղ ճշմարտությանն ու արդարությանը վեճերի ու հակամարտությունների միջոցով հասնելու մասին է և ոչ թե մանկական գրականության և հատկապես հեքիաթների, որոնք ինչքան էլ գեղեցիկ, այնուամենայնիվ, գրեթե անխուսափելիորեն, ինչպես արդեն համոզվեցինք, ավարտվում են ոչ թե երկնքից ընկնող երեք խնձորով, այլ դեղին անձրևներով և գների թանկացումով… Այդ թվում` նաև խնձորի գների:

«Գրական թերթ», 2003, 6 հունիսի

[sharify]