ԹԵ ԻՆՉՊԵՍ «ԱՆՀԵՏԱՑԱՎ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ հայ ժողովրդի մշակույթի վիճակը, եթե մենք մյուս ազգերից փոխ չառնեինք ջութակը: Եվ երբ այժմ ջութակը կատարում է կոմիտասյան «Կռունկը», մենք ասում ենք` չկա ավելի ազգային բան, քան սա: Եվ բոլորովին չենք հիշում, որ ջութակը հայկական, ուրեմն նաև ազգային գործիք չէ:

Ոչ ոք չի կարող պնդել, որ հայերն են գրել առաջին բանաստեղծությունը: Ուրեմն սխալ կլիներ նաև կարծել, որ բանաստեղծություն գրելը ազգային երևույթ է: Վերցրե՞լ ենք ուրիշից. ճիշտ ենք արել:

Գազել հորինելու մասին չի մտածել և ոչ մի հայ: Հայ քերթության համար սա բավականին օտար կառուցվածք է: Ուրեմն, ինչպե՞ս վարվենք Եղիշե Չարենցի և Վահան Տերյանի գազելների հետ:

Արժե՞ հիշատակել սոնետը, տրիոլետը և այլն, և այլն: Չարժե: Ուրեմն, հայկական կամ ոչ հայկական ձևի մասին խոսելը բոլորովին ավելորդ է, թեև առաջին հարվածը, որ հասցվեց նոր սերնդին, այդ առումով էր: Իսկ նրանք` միամիտները, կարծում էին, թե Նարեկացու անհանգ «Մատյանից» հետո ոչ ոքի չեն զարմացնի և առավել ևս չեն զայրացնի` ընտրելով բանաստեղծելու այդ ձևը:

Բայց, ցավոք, երբ ցիտատներն ու մշուշապատ նախադասությունները մի կողմ դնելով` քննում ենք երիտասարդ սերնդին վերաբերող հոդվածները, տեսնում ենք, որ դարձյալ նույնն է մնացել ամեն ինչ. բոլոր նետերն ուղղված են դարձյալ դեպի ձևը` երիտասարդ բանաստեղծի կատարած ընտրության վրա, քննադատները եռանդով ջարդուփշուր են անում բանաստեղծությունների մնացած բաղադրիչները: Եվ սկսվում է` սա ի՞նչ պրոզայիզմ է, ի՞նչ «անուրախ արթնացում» է, սա ի՞նչ տխրություն է, ո՞ւմ դեմ եք բողոքում, սա ի՞նչ մոդայիկ ուխտագնացություն է և այլն, և այլն:

Ես բոլորովին չեմ ուզում սահմանափակվել նոր սերնդի ընտրած ձևի պաշտպանությամբ, որովհետև իմ նպատակը նրանց դեմ գրված հոդվածներին պատասխանելը չէ միայն: Կուզեի բացատրել այն շարժառիթները, որոնք ստիպում են նրանց գրել այսպես և ոչ թե այնպես, ընտրել այս ձևը և ոչ թե մեկ ուրիշը: Անշուշտ, այդ ամենը մեկ հոդվածի սահմաններում ընդգրկելն իմ ուժերից վեր գործ է:

Ապոլիները, որը նույնպես մեղադրվում էր դասական ոճի դեմ մեղանչելու համար, այսպես է պատասխանում իրեն մեղադրողներին. «Ինչ վերաբերում է այն հանդիմանություններին, որ ես քանդարար եմ, ժխտում եմ կտրականապես, որովհետև ես երբեք չեմ քանդել, այլ, ընդհակառակը, ձգտել եմ կառուցել: Դասական բանաստեղծությունը խորտակիչ հարձակման է ենթարկվել ինձանից առաջ: Իսկ եթե փորձեր եմ արել օգնել նոր ուղղություններին, ապա դա արել եմ ոչ ի վնաս անցած ուղղությունների»:

    Նոր սերնդին շատ են նախատում ավանդներից հեռանալու համար: Ի՞նչ է հասկանում այս սերունդը ավանդական ասելով. այն ամենը` լավը (միայն լավը), ինչ ստեղծել են մեր նախնիները: Բանավեճն առավել լուրջ տեսք կընդուներ, եթե քննարկման նյութ դառնար այն հարցը, թե նորերն ինչպես են շարունակում ավանդները, այսինքն` մեր նախնիների ստեղծածի մեջ ինչն են համարում գնահատելի: Նկատի պետք է ունենալ, որ գնահատելիս նրանք ելնում են մեր ժամանակաշրջանի պահանջներից, զարգացածության մակարդակից, գիտելիքների սահմաններից, աշխարհայացքից. այդ ամենը նրանց մոտ դարձել է դասագրքային կանոն, համոզմունք: Դա նրանց օգնում է 20-րդ դարը տարբերել մնացած դարերից:

Սխալ կլիներ մտածել, թե հանգերով գրելը ավանդական է:

Սխալ կլիներ մտածել, թե առվակներն անպայման պետք է կարկաչեն: Նրանք կարող են նաև լուռ գնալ: Կարող են ցամաքել:

Սխալ կլիներ մտածել, թե սոխակներն անպայման պետք է դայլայլեն, երգեն վարդերի և սիրո թեմաներով: Նրանց երգերն ու երազները կարող են և քաղաքական բնույթ ունենալ:

Հնում, երբ ձին տղամարդ հասկացության անբաժանելի մասն էր, նիզակը` նրա ձեռքի շարունակությունը, լացող ուռիների տակ ջիգիթների տառապելու գոյությունն արդարացվում էր: Մարդ սպանելու արվեստի կատարելագործման ընթացքին զուգահեռ ճշմարտանում, «ապարվեստանում» է արվեստը, ուրեմն և` «ապաբանաստեղծանում» է բանաստեղծությունը և իր առաջընթացի մեջ դառնում ավելի մարդկային ու մարդամոտ:

Դարձյալ դիմենք անցյալի օգնությանը: Ուրեմն այսպես, հնում մահացածներին սգալու համար վարձում էին եղերամայրեր, սրանք իրենց ողբ ու կականը գունազարդում էին ամենաշքեղ բառերով, ամենաընտիր «համեմունքներով», անխնա օգտագործում էին ածականների հեղեղը, չանգռում էին երեսները, ծեծում էին դեմքերը և այլն… իսկ նրանք, ովքեր իսկապես ապրում էին վիշտը` հարազատները, լուռ արտասվում էին և մեկ-մեկ արտասանում հատ ու կենտ անկապ բառեր: Այսինքն` ինչքան ուժեղ է զգացմունքը (ուրախության կամ տխրության), այնքան պակաս է գեղեցկախոսությունը, և շատ է ճշմարտությունը: Ուրեմն, ճշմարիտ արվեստը պիտի հետզհետե ազատվի զարդարանքներից: Բանաստեղծության մեջ դա կատարվում է ածականների պակաս գործածությամբ: Այս երևույթը միանգամից աչքի է խփում, եթե համեմատելու լինենք Հ. Էդոյանի, Ա. Մարտիրոսյանի, Ա. Հարությունյանի, Դ. Հովհաննեսի, Ս. Կոսյանի բամաստեղծությունները մյուս սերունդների ներկայացուցիչների ստեղծագործությունների հետ: Նկարագրական գործողությունը փոխարինվել է գործող պատկերով, համեմատվող վիճակը` զարգացող իմաստով և զգացումով: Այդպես է բնութագրվում, օրինակ, Հ. Էդոյանի պոեզիան:

Գունազարդվելուց խուսափելու միտումն ինչ-որ տեղ այս սերնդի ներկայացուցիչներին նմանեցնում է իրար: Ընթացքի մեջ դիտվելով որպես բնական ու դրական երևույթ` այդ ընդհանրությունը երբեք չպետք է ստիպի շփոթելու նրանցից մեկին մյուսի հետ: Դա տեղի կունենա միայն միտումնավոր մոտեցման դեպքում, երբ մենք կկորցնենք նույնիսկ Չարենցին Մայակովսկուց, իսկ վերջինիս Ուիտմենից տարբերելու ունակությունը:

Իսկ այս սերնդի ներկայացուցիչներն իրարից շատ ու շատ բաներով են տարբերվում: Օրինակ, ի տարբերություն մյուսների, միայն Ա. Մարտիրոսյանին կարելի է վերագրել տրամադրող զգացմունքայնությունը: Զերծ մնալով զեղումներից` նա կարողանում է թախծի հազիվ նկատելի նրբերանգներով ասեղնագործել իր յուրօրինակ հյուսվածքը` բանաստեղծությունը գրելով մեկ շնչով, ուրախություն ու տխրություն կաթեցնելով ամեն բառի ու տողի վրա:

Այսօր, երբ առավել քան երբևէ մարդկանց բոլոր զգայարանները չափից ավելի լարված են, և զգացմունքները` կոնկրետացած, անհնարին է հանգավորված խոսելը: Իսկ հիմա պոեզիան խոսել է նշանակում (առաջ` երգել), ճիշտ խոսել: Այս դեպքում յուրաքանչյուր բառ անփոխարինելի է իր արժեքի տեսանկյունից, իսկ քանի որ հանգավորելու դեպքում վտանգ կա հանուն կոկիկ հանգի գնալ բազմաթիվ բառափոխությունների, ուրեմն, այժմ ավելի ճիշտ կլինի ընտրել սպիտակ բանաստեղծության կառուցման ձևը: Իսկ երբ բանաստեղծական տողը շատ է ցայտուն լիցքավորման տեսակետից և հիմնական ասելիքը շփոթեցնող տողատակի իմաստներ չկան (իսկ սա վերաբերում է ոչ միայն բառին և տողին, այլև ամբողջ բանաստեղծությանը) ապա կետադրությունը նույնպես դառնում է ավելորդ: Այս երևույթը չի դնում թեմաների խտրականություն: Այսինքն, եթե սիրո մասին է խոսքը, էլի ամեն ինչ նույնն է մնում, նույն պարզ նախադասությունները, անպաճույճ բացատրությունները և անկեղծ խոստովանությունները, որովհետև էլի նույն մարդն է խոսում, մարդ, որը գիտե Վիետնամի, ատոմային ռումբի, ինֆարկտի և այլ պրոզայիկ թվացող դաժան ու ողբերգական փաստերի գոյության մասին: Այսինքն` զսպվեց զգացմունքը: Բայց զգացմունքային դարձան միտքը, իմաստը: Այսպես է մտածում և ստեղծագործում Դ. Հովհաննեսը, չնայած վերն ասվածներն ինչ-որ չափով վերաբերում են նոր սերնդին ընդհանրապես: Բոլորովին այլ է Ա. Հարությունյանի ստեղծագործական բնութագիրը: Ասել, թե նա պատկերավոր է մտածում, և՛ սխալ կլինի, և՛ ճիշտ: Տող տողի ետևից նա քեզ տանում է իր «պատկերների» աշխարհը, և երբ դու հասնում ես վերջակետին, միանգամից զգում ես, որ այն ամենը, ինչ սկզբում պատկերներ (դեկորներ) էին թվում, շնչում և ապրում են` թերևս մի քիչ տարօրինակ ռիթմով:

Ս. Կոսյանը գրում և հենց նույն բանաստեղծության մեջ բացատրում է ասելիքը: Դա էլ խոսելու ուրույն ձև է: Ոչ անհետաքրքիր: Դա չհասկացվելու վախ չէ և ոչ էլ խոսելու մարմաջ: Դա յուրօրինակ երկխոսություն է, երբ հեղինակի զրուցակիցը հենց ինքն է:

Վերադառնանք կետադրությանը: 1912 թվականի վերջերին Գիյոմ Ապոլիները հրաժարվում է բանաստեղծություններում կետադրական նշաններ օգտագործելուց` դա բացատրելով այսպես. «Կետադրության նշաններն անօգուտ են, որովհետև բանաստեղծություններում իսկական կետադրությունը ռիթմն ու պաուզաներն են»: Այդպիսով նա ցանկացավ անխզելիորեն իրար կապել բանաստեղծության ռիթմն ու բովանդակությունը: Այդ ձգտումն ինչ-որ տեղ հարազատ է նաև ինձ, և ես չկետադրելու պրակտիկան երբեմն օգտագործում եմ իմ որոշ բանաստեղծություններում` ռիթմի և բովանդակության համաձուլվածք ստանալու համար: Բայց և գտնում եմ, որ բոլորովին անմտություն է կետադրության նշանները հանել այնպիսի բանաստեղծություններից, որտեղ հուզականը չի ձուլվում բառին ու տողին: Այդ իսկ պատճառով կետադրությունը պիտի գար լրացնելու այդ բացը, որովհետև այստեղ կետադրական նշանը փոխարինում է բառին, և մի ստորակետ բաց թողնելը գրեթե նույնն է, ինչ որ մի շատ կարևոր բառ բաց թողնելը: Այդ առումով սխալ են թույլ տվել Վ. Գարակյոզյանը «Գրական թերթի» այս տարվա № 47-ում և Ալ. Գրիգորյանը «Գարունի» № 7-ում տպագրած իրենց հնաոճ ոտանավորները չկետադրելով:

Այսպես, ուրեմն, եղան բացատրելի հանգամանքներ, որոնք ստիպեցին նոր սերնդին իջնել Պեգասից և ոտքով ման գալ: Վերջ ի վերջո, փողոցն ավելի հետաքրքիր է: Քո կողքով մարդիկ են անցնում, իսկ մարդկանց հետ դու քեզ ապահով ես զգում: Նրանք քեզ ստիպում են ապրել: Եվ ահա, նրանց խոսքերը թափանցում են քո մեջ, այնուհետև` բանաստեղծություններիդ մեջ, որովհետև դու հարգում ես մարդկանց և հավատում նրանց խոսքերին: Իսկ այդ խոսքերը փողոցային չեն, սովորական չեն, որովհետև բոլոր մարդիկ էլ բանաստեղծության արժանի տողեր ունեն պահած իրենց մեջ, պարզապես դրանք պետք է մի քիչ փոխել, մի քիչ մշակել, մի քիչ կրճատել, իսկ դա անելու համար պետք է լինել գոնե մի քիչ բանաստեղծ: Իսկ քննադատն ասում է` սա վտանգավոր է, չքանում է բանաստեղծությունը, ոճը դառնում է փողոցային: Իսկ ինչ կասեք, եթե նրանք պնդեն, որ այդպես էլ հենց ուզում են: Եթե ճշմարիտ չէ, թող անհետանա նաև բանաստեղծությունը, իսկ այս սերունդն իր գրածների համար մեկ ուրիշ անվանում կգտնի: Երիտասարդների սերունդը ճշմարտության կողմնակից է, և քանի որ ճշմարտությունն ինքնին բանաստեղծական է, նշանակում է` նրանք պետքական մարդիկ են այդ ամենն ասելու համար: «Պոեզիան օգտակար ճշմարտություն է»,- ասել է Պոլ Էլյուարը:

Հետո, ինչո՞ւ մտածել, որ այն, ինչ հաստատվել է ի սկզբանե, նույնությամբ կրկնվելու է անընդհատ: Եղել է ժամանակ, երբ բանաստեղծություն գրել նշանակում էր գրել սոնետ: Ճապոնացիները բանաստեղծությունն ընկալում էին հոքուի կամ թանկայի, իսպանացիները` սոլեյաների և պետեներների, հայերը` հայրենների ձևով (ի միջի այլոց, չնայած իր ճկուն կառուցվածքին, այս ձևը բավականին քիչ է օգտագործվել մեր դասականների կողմից, և ինձ թվում է, որ կարելի էր այն կենդանացնել), Արևելքում գազելն է բանաստեղծության խորհրդանիշը: Հիմա քարացած ձևերը ջարդուփշուր են եղել և առաջին հայացքից ստեղծվել է շփոթ վիճակ: Իսկ այն, ինչ կար առաջ, կամ այն, ինչ կոչվում էր բանաստեղծություն, կա՛մ դարձավ մաքուր բանահյուսություն, կա՛մ էլ դառնալու ընթացքի մեջ է: Կրկնե՞լ այդ ամենը: Կարելի է, եթե մոտեցումն ու արդյունքը նոր որակ են ակնկալում և չեն դառնում վարպետ կրկնօրինակողի «ստեղծագործություն», որը թեև դժվար է տարբերել բնագրից, բայց և արժեք չի ներկայացնում, թեկուզ հենց միայն այն պատճառով, որ կա բնագիր հասկացությունը, և կա կրկնօրինակություն հասկացությունը:

Ամենադժվարը առաջին քայլն է: Այն միշտ չէ, որ սահուն է, և գուցե նաև չպետք է սահուն լինի: Քննելով, վերլուծելով կարելի է կրկնել այդ քայլը առանց սխալների, առանց խաթարումների և առանց… արվեստի:

Համաձայն ենք, որ նոր սերունդը սահուն չի քայլում: Համաձայն ենք և ուրախ: Իհարկե, թող կարծիք չկազմվի, թե նրանք այդ անում են պարզապես ինչ-որ բան անելու համար: Սա զբաղմունք չէ, սա կյանք է, որի անկեղծ վերարտադրությունը համարում ենք հաջողված ստեղծագործություն: Անկեղծությունն արվեստի արյունն է: Նրանք դա պարզ գիտակցում են, և ինքնախաբեություն կլիներ գիտակցելով հնարել, տողեր սարքել:

Այսպես, ուրեմն, այս սերնդի ներկայացուցիչները չեն հրաժարվում, որ փոխ են առել ջութակը, բայց նա, ով ուշադիր կլսի նրանց (նա, ով բարի է տրամադրված) կզգա, որ, թեև անվարժ, թեև մի քիչ տարբեր, բայց համոզված և առանց շփոթվելու, նրանք «Կռունկ» են նվագում:

«Գրական թերթ», 1970, 6 նոյեմբերի

[sharify]