ԻՍԿ ԵՐԲ ՀԱՅՐՍ ԻՋԱՎ ԳԵՐԵԶՄԱՆ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ
  1. 2. Իսկ երբ հայրս իջավ գերեզման,

Ես հանկարծ զգացի, որ այլևս չեմ կարող շարժվել,

Որովհետև ինքս կիսով չափ հողի մեջ էի:

Դա տեղի ունեցավ ցերեկը, պայծառ արևի տակ,

Բոլորի աչքի առաջ.

դուդուկները տխուր նվագում էին,

մայրս ու քույրերս լաց էին լինում,

իսկ ես դանդաղ խրվում էի հողի մեջ…

Իսկ երբ իրենց թաց ու ջղաձիգ մատներով

անհնարին ուժով արցունքները սեղմեցին կոկորդս,

ես հանկարծ պարզորոշ տեսա,

թե ինչպես անաղմուկ բացվեցին դռները հորս առաջ,

և նա վերջին անգամ շրջվեց,

նայեց բոլորիս,

նա շատ մոտ էր ինձ կանգնած,

բայց երբ տվեց իմ անունը,

նրա ձայնը լսվեց չափազանց հեռվից,

և հետո շուռ եկավ և իր սովորական

արագ քայլվածքով հեռացավ:

Եվ դռները նորից փակվեցին անաղմուկ:

Ես հիմա կիսով չափ հողի մեջ եմ,

սովորական մի ծառ, որ խոսել գիտի,

բայց շատ ավելի գերադասում է լռել:

[sharify]