ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ…

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Դեմքով շրջված դեպի կյանք և պարզ է, թե ինչով` դեպի գրականություն… Խորհրդային իշխանության թելադրանքով ուղիղ յոթ տասնամյակ ահա այս անբնական դիրքն էր պարտադրված խորհրդային գրողներին և ինչո՞ւ միայն նրանց, արվեստի բոլոր ճյուղերի «սպասավորներին»… 70-ականներին գրականություն մտած իմ և սերնդակիցներիս մարմնի այս ոչ այնքան բեղմնավոր ու հեռանկարային դիրքը փոխելու առաջին իսկ փորձերը ծնունդ տվեցին թեժ մարտերի, որոնք, մերթ մարելով և մերթ բորբոքվելով, տևեցին շուրջ 30 տարի, և անհայտ է, թե ինչով կավարտվեին, եթե 90-ականներին ամբողջ խորհրդային երկիրը դեմքով չշրջվեր դեպի կապիտալիզմ, և ենթադրելի է, թե թիկունքից ներքև ո՞ր մասը դարձնելով դեպի սոցիալիզմ:

   Սակայն նշածս տարիներն իրենց հակասականությամբ ու խառնափնթորությամբ չափազանց հետաքրքիր անդրադարձ ունեցան իմ սերնդի ձևավորման ընթացքի վրա, ինչը ետին թվով մանրամասնելիս` մատնանշվում են կարևոր օրինաչափություններ:

   Անցյալ հարյուրամյակի խորհրդային սառնաշունչ թագավորության մեջ 60-70-ականների խրուշչովյան փոքրիշատե ժողովրդավարությունն իր ուժեղացող-թուլացող ջերմությամբ համեմատության շոշափելի եզրեր ուներ այն թակարդների և որոգայթների հետ, որոնք ձմեռը սովորաբար լարում է փետրվարի սկզբներին` տաք, արևաշող, գրեթե գարնանային օազիսներ «պարգևելով» ցրտերից ու գորշությունից հոգնած-զզված բնությանը: Հին և փորձառու մարդկանց նման, որոնք, անցյալի դառը փորձություններից իմաստնացած, չեն շտապում հանել տաք շորերն ու վերարկուները, տարեց ծառերը ևս շարունակում են համբերությամբ սպասել… Եվ միայն մատղաշ տնկիներն են, որ ուրախությունից գլուխները կորցրած` ագահությամբ «ջուր են խմում»` հեշտությամբ տրվելով խաբկանքին: Եվ պատկերացնել է պետք, թե իր թաքստոցից անակնկալ դուրս ոստնած ձմեռն ինչ հաճույքով է այդ ջուրը մահաբեր սառույցի վերածելով սպանում նրանց ինչ-որ անհասկանալի վրեժխնդրությամբ:

   Եվ ահա այդ «որոգայթային» իրադրության մեջ, ազատ խոսքի նկատմամբ թշնամական վերաբերմունքին և սառնամանիքին անհարիր «թեթև հագնված» մի խումբ երիտասարդներ են հայտնվում… և թե ինչեր կորցնելով և ինչեր գտնելով նրանք դարձան սերունդ, հիմա արդեն հնարավոր է ասել: Ահռելի էին աշխարհայացքային տարբերությունները, խիստ որոշակի էին սկզբունքները, անհամատեղելի էին համակրանքներն ու հակակրանքները թե՛ ձևի և թե՛ բովանդակային առումով և չափազանց շոշափելի էր «բեռլինյան պատը», որին բախվում էին իրենց աշխարհայացքով, սկզբունքներով, համակրանքներով ու հակակրանքներով…

   Ամենայն ուշադրությամբ հետևելով ծաղկաձորյան խորհրդակցությանը հավաքված երիտասարդ ստեղծագործողներին և մինչ այդ էլ ու հենց հավաքի ընթացքում էլ ծանոթանալով նրանց հին ու նոր գործերին` միանգամից նշեմ իմ տպավորությամբ նրանց կարևոր առավելություններից մեկը. ոչ ոք չի խանգարի նրանց, որպեսզի ծնվեն դեմքով դեպի գրականությունը շրջված: Սակայն վատն այն է, որ այս անգամ արդեն հանրապետությունն ամբողջությամբ վերցրած` իշխանական օղակներից մինչև հասարակ ժողովուրդ` ընթերցողներ, դեմքերն անդառնալիորեն շրջել են դեպի քաղաքականություն, և ցավալի է ասել, թե ինչը դարձրել ոչ միայն գրականության, այլև, ստեղծողների, գրողների կողմը: Եվ սա փոքր ողբերգություն չէ, եթե հանկարծ այս դիրքորոշումը երկարատև բնույթ կրի: Դժվար չեղավ ըմբռնել նաև, որ երիտասարդները ճնշող մեծամասնությամբ օժտված մարդիկ են, ինչը ամենակարևորն է գնահատականների մեջ, և հետո, ընդգծվեցին նրանց համակրանքներն ու հակակրանքները:

   Սակայն, աշխարհայացքների և սկզբունքների մասին երևի թե հնարավոր կլինի խոսել, երբ նրանք երկրորդ և երրորդ գրքերի հեղինակ դառնան: Այս սպասման պատճառն այն է, որ նրանք առայժմ դեռևս իրենց «բեռլինյան պատի» որոնումների մեջ են, իսկ ինչպես ցույց տվեց վերջին օրը, այդ պատը չի կարելի փոխարինել արհեստական խոչընդոտով` հետագայում հերոսաբար հաղթահարելու նպատակով… Անուններից նշեմ միայն Քրիստինե Հովհաննիսյանին, որը, իմ համոզմամբ, ի վիճակի է իր սերնդակիցների որոնումները միասնականացնել և տանել ճշգրիտ ուղղությամբ:

   Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հավատում եմ, որ ուշ թե շուտ այդ որոնումները կհասնեն իրենց նպատակին, այդ ընթացքում կձևավորվեն թե՛ աշխարհայացք և թե՛ սկզբունքներ, կընդգծվեն անհատականություններ: Հակառակ դեպքում կընդհատվի գրականության բնական զարգացումը, կխախտվի գրականության գոյության հիմնական պայմանը` նոր և թարմ հոսանքների ներհոսքը, և թող չափազանցություն չթվա, անիմաստ կդառնա ավագների և այդ թվում հենց իմ` որպես բանաստեղծի, գոյությունը, և ես գրիչս ցած կդնեմ… Ես, որի համար, ինչպես Կաֆկան է ասել, գրականությունից դուրս ամեն ինչ ատելի է և անհետաքրքիր:

                                                                      «Գրական թերթ», 2003, 11 ապրիլի

[sharify]