ՓԱԽԵ՜Ք, ԳԼՈԲԱԼԱՑՆՈՒՄ ԵՆ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

Շատ ու շատ ժողովուրդներ` քաղաքակիրթ և ոչ այնքան, վաղուց ի վեր ձևավորել են մարդուն բնութագրող կարևորագույն հատկանիշները: Ըստ նրանց` դրանք երեքն են. մարդն իր կյանքում պիտի գոնե մի երեխա ունենա, գոնե մի տուն պիտի կառուցի և պիտի գոնե մի ծառ տնկի:

Հաշվետու ժամանակահատվածը` վերջին ամիս-ամիսուկեսը ուսումնասիրելիս  հանկարծ գլխի ընկա, որ վերը թվարկածս հատկանիշներն ամենևին չեն տարածվում հայ մարդու վրա: Թերևս բացառությամբ առաջին կետի, որի առումով մենք նույնիսկ գերակատարում ենք գրանցել` մեկի փոխարեն վաստակելով երկու, երեք և դեռ ավելի զավակներ: Ցավոք, այսպես էր ոչ այնքան վաղ անցյալում: Վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում եվրանորոգում ձեռնարկելով մեր ազատ ու անկախ, հինավուրց բնակավայրում` հընթացս, ժամանակի սղության հիմնավոր պատճառաբանությամբ (ժամանակը ոսկի է կտրվածքով)  շեշտակիորեն կրճատեցինք  նորածինների գլխաքանակը` ընդհուպ մոտենալով միջին եվրոպական ցուցանիշներին:

Ինչ վերաբերում է մյուս հատկանիշներին, ապա հարկ է դառն ինքնաքննադատությամբ արձանագրել, որ տուն կառուցելու ասպարեզում առանձնապես մեծ հաջողությունների չենք հասել, իսկ 88-ի երկրաշարժը հավաստեց ճիշտ հակառակը` հասել ենք մեծ ձախողությունների… Տարերային աղետի հենց առաջին իսկ հարվածով մեկ մարդու նման գետնին տապալվեցին տնաշինության ասպարեզի մեր գրեթե բոլոր «նվաճումները»… Իսկ այն ակնառու փաստը, որ հանրապետության անտառածածկույթը կարճ ժամանակամիջոցում 30-ից հասցրել ենք  8 տոկոսի, պերճախոս վկայում է, որ հայ մարդը ծառ տնկելու հետ գլուխ չունի, բայց դրա փոխարեն խելքն իրենը չէ ուրիշի տնկած ծառերը կտրելու համար: Այս տեսակետից հետաքրքրական է այն իրողությունը, որ վերջին 10-15 տարում Հայաստանում ծառ են տնկել միայն օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները` հիմնականում պրեզիդենտները, և նորատունկերի քանակով անսխալ կարող ենք ասել, թե հաշվետու ժամանակամիջոցում քանի մեծարգո հյուր է այցելել մեր երկիր:

Սակայն ժամանակն է անդրադառնալու այն հարցին, թե իր կյանքի ընթացքում ինչեր է պարտավոր անել հայ մարդն իր «հայ մարդ» կոչմանը հավատարիմ մնալու համար: Նախ և առաջ նա պետք է գոնե շաբաթ-կիրակի օրերի ետնախաճաշյա  հանգստի ժամ-ժամուկեսը տրամադրի հարազատ ժողովրդի ճակատագրով մտահոգվելուն: Եվ դա հասկանալի է. այդ ժամերն ուրիշ ոչ մի բանի պետք չեն – նարդի խաղալ չի կարելի, որովհետև այդ պահերին, որպես կանոն, վատ զառեր են գալիս, իսկ հեռուստաալիքները լցված են լինում նախորդ օրվա հաղորդումների կրկնություններով, լավագույն դեպքում` քունը գլխներին, կիսատ-պռատ սափրված, փողկապները ծուռտիկ կապած տղամարդկանցով, որոնց հետ, անհասկանալի է, թե ինչի մասին, ցրված դեմքերով զրուցում են հաղորդավարուհիները, որոնք վայրկյաններն են հաշվում, թե երբ պիտի հաղորդումն ավարտվի` վազեն տուն, ուր հարևանուհու հույսին են թողել մեկուկես-երկու տարեկան երեխային:

Հաջորդ կարևոր գործը, որով պետք է զբաղվի հայ մարդը, անզիջում պայքարն է գլոբալացման դեմ, այդ թվում` սոցիալական քարտերի, ընդ որում, նրան բացարձակապես չի հետաքրքրում` այդ երևույթը լա՞վ է, թե՞ վատ հարազատ ժողովրդի համար…

Մյուս կարևոր գործը, որն անպայման պետք է անի հայ մարդն իր կյանքում, փառահեղ տուն կառուցելն է օտարության մեջ, ինչից հետևում է հաջորդ պայմանը` հայ մարդը պետք է կյանքում գոնե մի անգամ արտագաղթի, գոնե Ռուսաստան` հետագայում փոր-փոշման վերադառնալու, բազմանդամ ընտանիքը մի սենյականոցում վարձով խցկելու և մոտիկ-հեռուներին օրնիբուն պատմելու, թե ինչ լավ էին այնտեղ գնում գործերն ու թե ինչ հրաշալի տունուտեղ է թողել ու եկել…

Սակայն ամենակարևորը, ինչը պարտադիր է հայ մարդու համար, ունեցած-չունեցածը ծախելով, պարտքերի մեջ խրվելով, հարսանիք-ծնունդ-կնունք-թաղում կազմակերպելն է, հատկապես թաղում, որից հետո ողջ մնացածների կամ մնացած ողջերի հետագա գոյատևումը դառնում է անիմաստ ու անհնարին:

Այնուհանդերձ, այս չափազանց կարևոր գործերով հայ մարդը զբաղվում է միայն իր ազատ ժամերին, որովհետև նրա հիմնական ժամանակը նվիրված է ընդունելության քննություններին… Այո, իսկական հայ մարդու կյանքի լավագույն ու մեծագույն ժամանակը պիտի անցնի համալսարանների և ինստիտուտների պատերի տակ… Իսկ քննությունից երեխայի կտրվելու, բուհ չընդունվելու դեպքում իսկական հայ մարդու երազանքը պիտի լինի մեռնել ու թաղվել հենց այդ պատերի տակ, եթե, իհարկե, քաղաքապետարանը թույլատրի…

«Սատիրիկոն», 2004, 20 հուլիսի

[sharify]