70. ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Հայ ժողովուրդն այս օրերին սարսափով երկու բանի է սպասում՝ մոտալուտ ձմռան անխուսափելի ցրտերին և գների նույնքան անխուսափելի թանկացմանը: Շատ ավելի դառնահամ է այն ուսուցիչների (այժմ՝ նախկին ուսուցիչների) սպասումը, որոնք հարազատ կառավարության երկարամյա տքնաջան աշխատանքի արդյունքում մտահղացած և իրականացրած օպտիմալացման խիստ առաջադիմական ծրագրի հետևանքով համալրեցին հայ գործազուրկների կուռ և համերաշխ շարքերը: Ժողովրդի առջև ծառացած վերոհիշյալ մտահոգությունները մաեստրոյի հետ կիսելու նպատակով շտապեցի Սարյանի պուրակ, ուր մեծ ուրախությամբ տեսա գրական-հասարակական-քաղաքական ականավոր գործչին, որը կողքին դրված մատնաքաշից պատառներ էր պոկում և մանրելով նետում էր դեսուդեն…

ԹՂԹԱԿԻՑ.- Այս ինչո՞վ եք զբաղված, Մաեստրո,- զարմանքով հարցրեցի, նստելով Մաեստրոյի կողքին:

ՄԱԵՍՏՐՈ.- Աղավնիներ եմ կերակրում… կարճ ասած, աստվածահաճո գործ եմ անում:

ԹՂԹԱԿԻՑ.- Բայց այստեղ աղավնիներ չկան,- ավելի զարմացա ես, չորս կողմս ուշադիր զննելով:

ՄԱԵՍՏՐՈ.- Զգո՞ւմ ես մեր տարբերությունը, զավակս. դու տեսնում ես այն, ինչ կա, իսկ ես տեսնում եմ այն, ինչ չկա: Երկրորդ դեպքը բնորոշ է մեծ ու եզակի անհատականություններին: Ցավոք սրտի, մեր իշխանություններն այդպիսի անհատականությունների դեմ փակեցին կառավարության դուռը (հիշեք անցյալ ընտրությունները, երբ իմ նման մեծությունը չկարողացավ ձայների մեծամասնություն ստանալ Արագածի համայնքի ընտրություններում): Եվ այն, որ մեր կառավարությունում չկան այդօրինակ անհատականություններ, վկայում են վերջին զարգացումները: Ինչի՞ մասին է խոսքս. կառավարությունը փակում է դպրոցները, որպես հետևություն այն փաստի, որ չկան երեխաներ: Ո՞րն է այստեղ խնդիրը, կհարցնեք դուք, չէ՞ որ իսկապես չկան երեխաներ: Խնդիրը վերաբերմունքի մեջ է, զավակս, կառավարությունը հաշվիչ մեքենայի սառն անտարբերությամբ արձանագրում է ցավալի փաստը՝ չկան երեխաներ… Այս վերաբերմունքի մեջ բացակայում է մտահոգությունը, հակառակ դեպքում հարցը կտրվեր այսպես՝ ինչո՞ւ չկան երեխաներ… Այ, դու ինձ հարցնում ես՝ ինչո՞ւ եմ հացի փշրանքներ շաղ տալիս գետնին, չէ՞ որ աղավնիներ չկան: Աղավնիներ չկան հիմա, բայց անպայման կլինեն վաղը, որովհետև  կա ամենակարևորը՝ հացի փշրանքը… Եվ եթե կառավարությունը հետևեր իմ իմաստուն օրինակին, և «հաց», այսինքն՝ ապրուստ բաժաներ ժողովրդին և կամ էլ բարեկեցիկ կյանքի հնարավորություն, ապա, հավատացեք, շատ կարճ ժամանակամիջոցում Հայաստանը կլցվեր երեխաներով… Հավատում եմ, որ կգա այդ օրը, և ի՞նչ կստացվի – կստացվի, որ կլինեն երեխաներ, և չեն լինի դպրոցներ…

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, այսօր Դուք խոհափիլիսոփայական խորը մտածումների մեջ եք, ես Ձեր մեջ նոր շերտեր եմ հայտնաբերում, որոնք այնքան տարբեր են ու մի տեսակ թախիծով պարուրված:

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, զավակս, այսօր ես… ինչպես ասացի՞ր, մի տեսակ թախիծով եմ պարուրված, որովհետև գրական, հասարակական-քաղաքական ականավոր գործչի համար չկա ավելի տխուր երևույթ, քան տեսնելը, թե ինչպես են դպրոցները փակվում, իսկ դեսպանատների առաջ ստվարացած հերթերում, եթե ուշադիր նայեք, կնկատեք, որ զգալիորեն շատացել են նախկին ուսուցիչները: Ես ցավով պիտի արձանագրեմ, որ փակվել է նաև իմ հարազատ Նազարաշենի դպրոցը, որը վաղուց ժամանակն էր, որպեսզի կոչվեր իմ անունով: Ի դեպ, ես խիստ պատահաբար վերջերս հանդիպեցի հայոց լեզվի և գրականության իմ ուսուցչուհուն, որը շատ ուրախացավ ինձ տեսնելով… Զրուցեցինք դեսից-դենից, և նա հետաքրքրվեց իմ դպրոցական առաջադիմությամբ… Նա շատ զարմացավ, երբ ես նրան հայտնեցի, որ վերջերս, կլինի մի երկու տարի, ինչ ավարտել եմ դպրոցը…

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, բայցդատելով Ձեր արդեն չափազանց խորացած տարիքից, պիտի ենթադրել, որ Դուք շատ ավելի վաղ պիտի դպրոցն ավարտած լինեիք…

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, զավակս, ինչպես իմ կյանքն ամբողջությամբ, իմ դպրոցական ուսումնառությունը ևս եղել է բուռն ու երկարատև, ինչը խիստ բնորոշ է ինքնատիպ և խոշոր անհատականություններին… Դեռևս վաղ դպրոցական տարիներից ես կրքոտ, բայց հույժ գիտական կոնֆլիկտների մեջ եմ մտել ուսուցիչներիս հետ՝ հատկապես մայրենի լեզվի և անատոմիայի ուսուցիչների… Եթե երբևէ այցելելու լինես Նորքի ծերանոց, դու այդ շենքի երրորդ հարկի սենյակներից մեկում կգտնես արդեն վաղուց հիշողությունը կորցրած իմ վաղ դպրոցական շրջանի ընկերներից մեկին՝ Վաղոյին, որի հետ միասին մենք երկար տարիներ սովորել ենք երրորդ դասարանում… Հարցրու նրան, թե ո՞վ էր Մաեստրոն և ինչո՞վ էր զբաղված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

ԹՂԹԱԿԻՑ.- Ինչո՞վ էր զբաղված:

ՄԱԵՍՏՐՈ.- Նա խիստ գիտական բանավեճի մեջ էր իր ուսուցիչների հետ և դրանիցից ամենաթեժը պտտվում էր կապիկից մարդու առաջացման խնդրի շուրջ… Իմ այն հարցին, թե ինչո՞վ եք հիմնավորում այդ թեզը, ուսուցիչս բերեց մեր դասարանի օրինակը՝ ցուցադրելով, թե ինչպես է ուսուցիչների տքնաջան աշխատանքի շնորհիվ հաջողվել կապիկից էլ ցածր կարգավիճակ ունեցող մեր դասարանի աշակերտներին օժտել խոսելու, քայլելու, ինքնուրույն մտքեր հայտնելու, մի խոսքով՝ մարդկանց բնորոշ ինչ-ինչ հատկանիշներով: Թեև, պնդում էր ուսուցիչս, հայացքն այդ պահին կենտրոնացնելով մշտապես կողքիս նստած ընկերոջս՝ մշտապես լուռ և մշտապես ամեն ինչի հետ համաձայնվող Վաղոյի վրա – թեև, կրկնում էր ուսուցիչս, փաստերը վկայում են, որ ձերոնցից ոմանք, ի տարբերություն մեծամասնության, առաջացել են բացառապես ոչխարից… Իմ վեճերի հաջորդ թեման սերտորեն առնչվում էր ուղղագրությանը, և դա գալիս էր ոչ մի կանոն չընդունող իմ ազատատենչ ոգուց: Ես ամբողջ կյանքում ընդվզել եմ կանոնների դեմ, այդ թվում նաև ուղղագրական, վերջինս, սակայն, ճիշտ չէր ընկալվում ուսուցիչների կողմից, և այդ հակասությունը պատճառ դարձավ, որ ես վերածվեմ մնայուն արժեքի՝ երկար տասնամյակներ չկարողանալով բաժանվել իմ հարազատ դպրոցից, որի պատերի մեջ էին անցել իմ կյանքի ջահել, ինչպես նաև հետագա տարիները: Եվ եթե չլիներ օպտիմալացումը, այս գործընթացը կարող էր երկար շարունակվել…

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, ի՞նչ կապ ունի օպտիմալացումը:

ՄԱԵՍՏՐՈ.- Ինչպե՞ս չունի: Իմ դպրոցը, ինչպես վերևում նշեցի, դարձավ օպտիմալացման առաջին զոհը: Կարճ ասած, փակվեց: Եվ ես մնացի փողոցում՝ հասունության ատեստատը ձեռքիս, որը հասցրի թռցնել տնօրենի սեղանից: Ճիշտ է, վրան ուրիշ անուն է գրված, բայց դե ո՞վ է հիմա դրան ուշադրություն դարձնողը:

[sharify]