ԱՉՈՆԻԿՆ ՈՒ ԹԻԹԵՌԸ

Պոեզիա > ՖԵԼԻՍԱ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ «ԱՉՈՆԻԿՆ ՈՒ ԹԻԹԵՌԸ»

Երազի պես հայտնվում էր թիթեռը,

նստում աչոնիկի մատին,

դառնալով մի կաթիլ մեղր,

դառնալով ցողի կաթիլ:

Եվ չքանում էր մեկեն հանկարծ,

դառնալով քաղցր հուշ անդարձ,

հրճվանքից ծնված արցունք

և նորից երազ հանգած…

 

Եվ գալիս,

անընդհատ գալիս է թիթեռը,

թևում է մատների շուրջ աղջկա,

չգիտես՝ կա, թե չկա,

այնքան գեղեցիկ ու թեթև է,

այնքան թավշյա է հպումը

և քաղցր է հպումը այնքան…

Կարծես հնչում է սրինգը,

և թիթեռը պարում էր, պարում,

նստում էր փոքրիկի մատներին,

նստում էր մազերին, շոյում էր,

այտերն ու աչքերը համբուրում…

– Վերադարձիր, վերադարձիր, թիթեռ,- կանչում էր

փոքրիկը հուսահատ,

բայց թիթեռը հեռանում էր, վերանում:

Որտե՞ղ է՝ երկնքո՞ւմ, ամպերո՞ւմ…

Աչոնիկի աչքերը փնտրում են,

աչքերը՝ կկոցած լույսից,

աչքերը՝ ծաղկի թերթիկներ,

թերթիկներին՝ արցունքներ հույսի…

Եվ թիթեռը երևաց վերջապես…

– Մի լքիր,- խնդրում էր աչոնիկը:- Մի լքիր դու ինձ:

Թիթեռը պարում էր, չէր լսում կարծես,

և ծաղկի բույր էր գալիս նրանից,

քամու, տերևի,

երկնքի բույր կա նրա թևերին…

նստում էր աչոնիկի մատներին,

համբույր էր թողնում այտերին,

համբույր` կարոտով սպասման…

-Չգնաս այլևս,- խնդրում էր փոքրիկը,

արցունքը ծորում էր ծաղիկ-աչքերից,

թիթեռի հմայքով լճացած…

Աչոնիկն սպասում էր, անցնում էր օրը:

-Ո՞ւմ ես սպասում,- հարցնում էր մայրը:

-Ո՞ւմ ես սպասում,- հարցնում էին բոլորը:

Գնա, գնա խաղա…

Իսկ նրա շուրթերը կանչում էին կրկին,

Իսկ աչքերը փնտրում էին թիթեռին…

Ոչ ոք չէր հասկանում վիշտը փոքրիկի,

Արցունքների պատճառը` ցողի պես իջած ծաղկաթերթերին:

Պատուհանին կպած նայում էր իզուր,

լուսնի պես ճերմակ, լուսնի պես տխուր…

Լռություն ու լույս:

Երազանք ու հույս:

Եվ ահա թիթեռը վերջապես եկավ:

Աչոնիկը փակեց աչքերը,

դողում էր ժպիտը շուրթերի վրա,

դողում էին մարգարտաշար մատները…

Թիթեռը պարում էր, պարում էր,

աչոնիկի մատին էր նստում թիթեռը.

-Տար ինձ քեզ հետ,- խնդրում էր աչոնիկը,-

Թևեր եմ ուզում ես էլ,

ուզում եմ թռչել ու լուսնին հասնել,

բոլոր աստղերին համբուրել մեկ-մեկ…

Ուզում եմ լողալ արշալույսի մեջ,

մթնշաղի մեջ գիշերվա մթի…

Ուզում եմ ապրել ամպերի վրա,

ուզում եմ պարել,

ծաղիկների մեջ բռնոցի խաղալ…

Թիթեռը նստեց փոքրիկի մատին,

փարվեց մարմնին

և իր թևերը դարձան թևերը փոքրիկ աղջկա…

և տարավ իր հետ հեռու, շատ հեռու:

 

Բարձրանում էին վեր, քամիներից վեր:

Աչոնիկ-թիթեռը պարում էր, պարում,

Ամպերին էին քսվում թևերը

և ծաղիկներին էին շուրթերն համբուրում,

կակաչներին, հիրիկներին,

հասմիկներին նաև,

ծաղկեփոշով հարբած մի ծաղիկ էլ նա էր,

ավելի քան ծաղիկ… որ պարում ու թևում էր…

Իսկ նրա ճամփան լուսավորում էր

Ամենամեծ ծաղիկը գիշերվա,

երկնքի վարդը ճերմակ`

լուսինը…

 

Աստղ ու արևի շողերով ցողված

աչոնիկ-թիթեռն էր պարում, թռչկոտում,

և մի մեղեդի թևերը բացած

անուշ բույրի պես սահում էր օդում:

-Ինչ քաղցր երգ է,- աչոնիկն ասաց:

-Երկնային երգ է,- ասաց թիթեռը:

-Երբեք չեմ լսել,- ասաց փոքրիկը:

Ինչքան անուշ է: Կարծես տավիղ են նվագում, քնար, հոբոյ ու սրինգ,

և ինչքան նուրբ են ծնծղաներն հնչում:

Իմ պատուհանին, ափսոս, չի հասնում այս երաժշտությունը:

-Կլսես արդեն: -Թիթեռը ասաց:

-Բայց պատուհանս այնքան հեռու է այստեղից, այնքան…

-Բայց քո հոգին` ոչ,- ասաց թիթեռը:-

Քո հոգու մեջ է այս երգը արդեն:

-Իսկ ո՞ւր է հոգիս,- հարցրեց աչոնիկը:

-Փակիր աչքերդ,

և լսիր, լսիր,

քո ներսում արդեն ինչպես է հնչում

անուշ մեղեդին:

Եվ աչոնիկը փակեց աչքերը,

և մինչ թիթեռի թևերը զգույշ

քսվում էին ճերմակ ամպի փեշերին,

ինչպես երազում, աչոնիկն ասաց.

-Այո… լսում եմ…

 

-Այո… լսում եմ…

գունագեղ… քաղցր ու սքանչելի

քնքուշ մեղեդին…

Ճերմակ ամպերով պարուրված լրիվ, թիթեռը ասաց.

-Դե, բաց աչքերդ…

-Վայ…- բացականչեց աչոնիկն ուրախ:- Այն ամենը, ինչ տեսնում-լսում էի,

երբ քո թևերով թռչում էի օդում,

շարունակում եմ տեսնել ու լսել,

երբ ականջներս ու աչքերս եմ փակում…

-Ինչպե՞ս,- հարցրեց թիթեռը նրան: -Որտե՞ղ ես լսում:

 

Հոգուս մեջ… ներսում:

Բայց աչոնիկը հանկարծ վախեցավ,

իսկ եթե հանկարծ թիթեռն հեռանա՞ ու ինքը մնա առանց թևերի,

և վախը զսպած հարցրեց դողով.

-Իմ պատուհանից նո՞ւյնպես կլսեմ այս նուրբ մեղեդին:

-Իհարկե,- ասաց թիթեռը նրան: -Քո պատուհանից կլսես դարձյալ,

և որտեղից էլ ուզենաս հետո`

չէ որ քո հոգին միշտ էլ քեզ հետ է…

-Բայց թևեր չունեմ…

-Թև ունի հոգին` դրա փոխարեն:

Թեթև շունչ քաշեց աչոնիկն ուրախ.

միշտ լսելու եմ երգն այս, մեղեդին,

ինչ երջանկություն..

Եվ ոգևորված թափահարելով թևերը փխրուն,

նա ցնծության պար նվիրեց սահող ամպերին, հետո`

աստղերին, լուսնին և ծաղիկներին…

Դա սիրո պար էր:

Հանկարծ մի հասմիկ ծաղկեց աննման

Փոքրիկ աղջկա ճակատի վրա…

 

Բյուրեղյա թելեր են թիթեռի թևերը առավոտվա մեջ,

ոսկեգույն թելեր ու արծաթափայլ,

թելեր, որոնցով ասեղնագործել է կախարդուհին…

Աչոնիկ-թիթեռն առավոտվա մեջ

թևավոր արև է… պարուհի-արև:

-Լսո՞ւմ ես,- ասաց աչոնիկն հանկարծ:

-Այո, լսում եմ,- ասաց թիթեռը: -Փոքրիկ մանչուկ է,

փոքրիկ մանչուկ է լալիս ինչ-որ տեղ:

-Գնանք նրա մոտ:

-Գնանք… ներս թռչենք բաց պատուհանով:

Եվ թևին տալով, պատուհանից ներս

սահեց աչոնիկ-թիթեռն անարգել:

Լալիս էր մանչուկն օրորոցի մեջ

և պսպղում էին աչիկները թաց,

և տեսավ նրան մանչուկը հանկարծ`

պարող թիթեռին… և մեկից ժպտաց:

-Ես խաղալիք եմ…- աչոնիկն ասաց:-

Տես, ոնց եմ պարում:

Եվ պտտվելով, ճախրելով օդում,

թափահարելով թևիկները նուրբ,

աչոնիկ-թիթեռը զվարճացնում էր մանչուկին լալկան…

Եվ օդում բարձր թևերը պահած, հարցրեց նրան.

-Ուզո՞ւմ ես ինձ հետ խաղալ, պստիկս,-

և ապա կանգնեց մանչուկի մատին,

որ պսպղում էր ճենապակու պես…

Թռչկոտեց… ցատկոտեց… պարեց,

իսկ մանչուկը ծիծաղում էր, ծիծաղում.

-Ինչ հրաշալի է տեսնել ինչպես ես շուրթերդ բացում

կարմիր ծաղկի պես…

ծիծաղիր, սիրելիս, ծիծաղիր,

որովհետև քո ծիծաղը

թռչունի երգ է առավոտվա մեջ…

 

Տոնական օր էր: Աչոնիկ-թիթեռը

վիթխարի ծառի ճյուղին էր նստել,

չորսդին ծաղիկներ ու զեփյուռ էր մեղմ,

ծիծեռնակներն էին երգելով սուրում:

Եվ սքանչելի երաժշտության պես ծիծաղն էր զնգում,

տարածվում հեռու

ճիչ ու աղմուկը երեխաների,

որ վազվզում էին լայն շուրջպար բռնած…

Առվակի վրա թղթյա նավակներ անթիվ, անհամար,

բոլոր գույների փուչիկներ օդում`

կանաչ, սպիտակ, կարմիր ու դեղին,

փայլփլում էին լապտերի նման:

Աչոնիկ-թիթեռը թռավ իր ճյուղից

և պարեց պարը տոնական օրվա…

-Թիթեռը,- կանչեց իսկույն մի տղա:

-Թիթեռը,- կանչեց շուրջպարը ամբողջ:

-Թիթեռը, թիթեռ…- բացականչեցին երեխաները ջրի մոտ կանգնած

և բաց թողեցին առվի հոսանքով

նավակներն իրենց:

-Թիթեռը,- կանչեց մի պստիկ մանչուկ,

մի նարնջագույն մեծ փուչիկ բռնած:

-Եկեք, շուտ եկեք,- կանչեցին մեկից,-

հասնենք թիթեռին, վազենք ետևից:

Վազում են, կանչում, ցատկում, գլորվում,

աչոնիկ-թիթեռը ծիծաղում էր, սրտանց ծիծաղում,

պտույտ էր գործում, բարձրանում էր վեր,

հետո պարելով իջնում էր հանկարծ

և բռնոցի էր խաղում նրանց հետ`

ուրախությունից խելքը թռցրած…

-Այստեղ է, հասեք,- կանչում էր մեկը:-

Եվ վազում էր, որ հասներ թիթեռին,

իսկ թիթեռն արագ թևերը ծալում,

կակաչի մեջ էր նստում սուսուփուս…

-Վա~յ, այս ո՞ւր կորավ,- բացականչում էին բոլորը շշմած:

 

-Թիթեռ, այ թիթեռ, դուրս ել, երևա,-

մանչուկն էր կանչում, որ նարնջագույն փուչիկ էր բռնել:

Եվ աչոնիկ-թիթեռը ծիկրակում էր ու թռչում էր հանկարծ

կակաչի թերթից ու ճախրում էր վեր`

պարուհու նման թևերը բացած…

-Այստեղ է, հասեք…- զնգում են նորից

Երեխաների կանչերը մեկից:

Եվ թիթեռը բարձրանում-հասնում է ամպերին

և բարձրանում է վեր ու ավելի վեր:

Մանչուկը բաց է թողնում փուչիկը, ձեռքով է անում.

-Ցտե´սություն, թիթեռ:

Եվ նարնջագույն հսկա փուչիկը ելնում է երկինք,

աչոնիկ-թիթեռի թևերին հասնում,

իսկ երեխաները` աչքերը երկինք հառած

սքանչացած ասում էին.

-Ինչ գեղեցիկ թիթեռ է…

-Իսկ ո՞ւր ենք գնում հիմա,-հարցրեց թիթեռին

աչոնիկը, երբ բարձրացել էին վեր:

-Իշխան կտցարի ամրոցը հեռու

գնում ենք գարնան տոնը նշելու:

-Կտցարը` իշխա՞ն,

և ո՞վ է նրան ամրոց նվիրել:

-Չգիտեմ,- ասաց թիթեռը,- ես էլ:

Նրան իշխան են ասում բոլորը:

Եվ մի գահ ունի լրիվ ոսկենախշ:

-Ոսկենա՞խշ: Եվ միշտ նստած է գահի՞ն:

-Այո: Ամրոցից դուրս գալ չի կարող:

-Ինչո՞ւ:

-Դռները փակված են ամուր:

-Չի կարող թռչել…- և աչոնիկի սիրտը սեղմվեց:

-Թռչել չի կարող: Երգել կարող է:

-Տխուր կտցար է: Խղճում եմ նրան:

-Ես էլ եմ խղճում… բայց, դե իշխան է:

-Եվ միշտ երգում է… երևի վշտից:

-Երևի,- ասաց թիթեռը նրան:

-Իհարկե, փակված իր ամրոցի մեջ…

Թևեր ունի և… չի կարող թռչել…

-Դրա համար էլ գնում ենք նրան

ուրախացնելու` պարով ու երգով:

-Ուրեմն` համերգ ու պարահանդես:

-Այո, թռչուններ կգան երգելու,

իսկ մենք կպարենք…

 

-Վայ, ինչքան լավ է: Պար ենք բռնելու բոլորս մեկտեղ:

Ի՞նչ ենք պարելու:

-Թիթեռների պար:

-Իսկ հրավիրվածներ շա՞տ են լինելու:

-Այնտեղ կտեսնես` անթիվ, անհամար.

վարդ ու մանուշակ, կակաչ ու հասմիկ,

մարգարտածաղիկ, անմոռուկ, խոլորձ…

Հնարավոր չէ բոլորին թվել:

-Հուզիչ է անչափ,- աչոնիկն ասաց:

-Ա~հ, իսկ գիշերը լուսինն է գալիս, հետո աստղերը,

լուսատտիկներ, ծղրիդ, կայծոռիկ…

-Շա՞տ կա հասնելու,- աչոնիկն հարցրեց անհամբերությամբ:

-Ոչ… Այ, տեսնո՞ւմ ես լճակը զուլալ` ամրոցի մուտքն է:

Ջրաշուշանները սպասում են մեզ:

Դե, իջնենք արդեն:

 

Աչոնիկ-թիթեռը հանգիստ էր առնում

ջրաշուշանի թերթերին ճերմակ,

որ նավի նման հանդարտ ճոճվում էր լճակի վրա:

Հետո թևերը բացեց ու թռավ`

ողջույնը տալու բոլոր-բոլորին:

-Գեղեցիկ թիթեռ,- մի ջրաշուշան ճոճվեց-շշնջաց:-

Նստիր թերթերիս մի քիչ զրուցենք:

-Իհարկե, սիրով… Հրաշալի է հանգստանալ թերթերիդ վրա:

[sharify]