ԿԻՐԱԿԻ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Ու թեև կիրակի է, բայց ինձ դժվար թե հաջողվի երկար

մնալ անկողնում, որովհետև ուղիղ ութն անց երեսունին

ճնճղուկները կտցահարում են պատուհանիս ապակին,

հասկացնելով, որ իրենց ամենևին չի հետաքրքրում

աշխատանքային օր է, թե՞ հանգստյան –

ժամանակն է և պետք է հացի փշրանքներ լցնել

պատուհանի գոգին ամեն Աստծու օրվա պես…

Ճիշտ ժամը իննին ինձ ոտի է հանում շենքերում

շրջայց կատարող պառավ մուրացկանը`

դուռս զգուշորեն թակելով.

– Որդյակս, դուք ուզո՞ւմ եք հայտնվել դժոխքում

և ողջ-ողջ այրվել կպրե կարասներից որևէ մեկում,

առանց ներման իրավունքի,- հարգալիր տոնով

հարցնում է նա, վստահ, որ ես ուշի-ուշով

լսում եմ նրան դռան ետևից:

Ես կիսաբաց եմ անում դուռը և թղթադրամը

խոթելով պառավի պատրաստակամ գրպանը,

արագորեն վերադառնում եմ անկողին և փակում եմ

աչքերս, թեթևացած, որ այս անգամ էլ խուսափեցի

կպրե կարասում ողջ-ողջ այրվելու հեռանկարից…

Ժամը տասն անց երեսունին դռանս առաջ են հայտնվում

ճշտապահ եհովայականները` գրքերով ծանրաբեռնված.

– Եղբայր, մի՞թե դու չես ուզում առնչվել մեր Աստծո

ճշմարիտ խոսքին,- քաղցրաձայն դայլայլում է անհայտ

տարիքի մի տղամարդ, պատրաստվելով ներս սողոսկել

կիսաբաց դռանս արանքից, բայց ես արագորեն խլում եմ

գիրքը նրա ձեռքից, փակում եմ դուռը, հայտնելով, որ

գերադասում եմ Աստծո խոսքին առնչվել մենության մեջ,

վերմակով ամուր փաթաթված:

Ժամը տասնմեկն անց երեսունին ինձ զանգում է ՀԳՄ

նախագահը, հայտնելով, որ վերջապես վախճանվել է

վաստակաշատ այսինչ-այնինչյանը և վերջին շնչում

պահանջել է, որ Հովհ. Գրիգորյանը անպայման

ներկա լինի թաղմանը` սև կոստյումով, վշտահար դեմքով

և ճոխ ծաղկեպսակով, հակառակ դեպքում կշարունակի

ապրել ևս մի քանի տարի, անընդհատ փող կուզի

թաղման ծախսերի համար, Ծաղկաձորի ուղեգիր

և հաստափոր գրքեր պետպատվերով իրար ետևից

տպելու իրավունք…

Ժամը տասներկուսին առանց դուռը թակելու ներս է

խուժում թաղի լիազորը, որ շենքի բոլոր

բնակիչներից հազարական դրամ է հավաքում`

Մոզամբիկում ծառատունկ անցկացնելու համար,

ևս հազար դրամ, որովհետև հեռավոր բարեկամն է

եկել Գլենդելից, պե՞տք է մի բան դնել սեղանին թե՞ ոչ…

Տասներկուսն անց երեսունին բջջայինիս վրա մեսիջ է

ուղարկում Իսրայելի պրեզիդենտը, սպառնալով,

որ եթե չվերադառնամ հին ուղղագրությանը, ապա,

նորից կհարձակվի Լիբանանի, և եթե եղանակները

չփչանան, էլի մի քանի այլ երկրների վրա,

որոնց անուններն այս պահին դժվարանում է հիշել; –

Երևի ինչ-որ մեկը կատակ է անում ինձ հետ,

մտածեցի ես, վերմակը քաշելով գլխիս:

Սակայն տագնապս գնալով խորանում էր,

որովհետև մեկ առ մեկ վերհիշելով հեռու և մոտիկ

ծանոթներիս, ես այդպես էլ չկարողացա հավանական

համարել որևէ մեկի թեկնածությունը, որն ի վիճակի լիներ

կատակ անել, թեկուզ և անհաջող…

Կես ժամ անց դուռս թակում է մածնավաճառը

զգուշացնելով, որ եթե այս անգամ էլ

չվերադարձնեմ նախորդ օրերին նրանից գնած

մածունի դատարկ բանկաները, ջարդուխուրդ կանի

պատուհաններիս բոլոր ապակիները և կծակծկի

անվադողերը ավտոմեքենայիս:

Հետո սկսվում է կուսակցականների հանդիսավոր

շքերթը` հոգեցունց երաժշտության ուղեկցությամբ –

նրանք հերթով գրկում ու սեղմում են ինձ իրենց

լայնահուն կրծքին, համոզված, որ ես իմ ձայնը

տալու եմ նրանց, և ես երդվում եմ բոլոր

կուսակցական և անկուսակցական սրբություններով,

որ իմ ձայնն անպայման տալու եմ նրանց – անվերադարձ,

որովհետև իմ ինչի՞ն է պետք ձայնը,

և որ վերջնականապես որոշել եմ կյանքիս մնացած

մի քանի հարյուրամյակն անցկացնել առանց ձայնի,

առանց ծպտուն հանելու, մի խոսքով սուս & փուս…

Հետո գալիս է կիրակի օրվա ամենահրաշալի պահը

ես մաքուր սափրվում եմ, հագնում եմ տոնական

կոստյումս և օղակն անցկացնելով վիզս, հրում եմ

աթոռը ոտքերիս տակից և սկսում եմ խաղաղ ճոճվել

առաստաղի կեռիկին ամրացված պարանից, մինչև որ

կինս վերադառնում է խանութից, զգուշորեն իջեցնում է

ինձ, հարմար նստեցնում է աթոռին ու միասին

անշտապ վայելում ենք

մեր հրաշալի իրիկնային սուրճը,

նայելով, թե ինչպես է մութը խտանում

պատուհանից այն կողմ:

[sharify]