51. ՄԱԵՍՏՐՈՆ՝ ԱՐԱԳԱԾԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Վերջերս հրապարակված հարցազրույցում Արագածի կատարին ստեղծված իրադրության շուրջ Մաեստրոյի հայտնած մտահոգություններից խիստ հուզված մի խումբ ընթերցողներ դիմել են կարկառուն գրողին և հասարակական գործչին՝  նրան Արագածի կատարի համայնքապետ ընտրելու խնդրանքով: Ուրախությամբ տեղեկանալով, որ Մաեստրոն անմիջապես համաձայնել է, շտապ մեկնեցի դեպքի վայր՝ Մաեստրոյի նախընտրական ծրագրերին ծանոթանալու նպատակով: Երկար որոնումներից հետո գտա մի քարի տակ կուչ եկած քաղցից ու ցրտից կիսամեռ գրողին և հասարակական գործչին և խնդրեցի պատասխանել ընթերցողներին հուզող հարցերին:

ԹՂԹԱԿԻՑ.- Մաեստրո, ինչո՞ւ համաձայնեցիք ղեկավարել մի համայնք, որտեղ ոչ ոք չի բնակվում:

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, տեղանքն անմարդաբնակ է դարձել նախորդ համայնքապետի վատ աշխատանքի հետևանքով: Մինչդեռ կարճ ժամանակում այն կարելի է դարձնել մարդկանցով լեփ-լեցուն աշխույժ բնակատեղի:

ԹՂԹԱԿԻՑ.- Այդ ի՞նչ հրաշքով, Մաեստրո:

ՄԱԵՍՏՐՈ.- Ոչ մի հրաշք էլ չկա: Տեսեք, թե ինչ մեծ առավելություններ է ստանում մարդը՝  գտնվելով այս վիթխարի բարձունքի վրա՝ ամբողջ  Հայաստանն աչքիդ առաջ է… Այստեղից հետևություն. ի՞նչ գործ ունի, օրինակ, բնության պահպանության նախարարությունը Երևանում, այդ ի՞նչ բնություն է նա պահպանում մայրաքաղաքի ասֆալտների վրա, բնությունից կտրված… Նրա տեղն այստեղ է՝ Արագածի կատարին, որովհետև միայն այստեղից է հնարավոր տեսնել, թե որտեղ են ծառ կտրում, որտեղ են եղնիկ որսում, պարզ երևում են Սևանի ձկնագողերն ու ջրագողերը:  Անմիջապես կարձանագրես և կզանգահարես ոստիկանություն՝ գնալ այսինչ տեղը, բռնել այսինչի ձեռքը… Այս տեսակետից վատ չեր լինի, եթե ոստիկանությունն էլ այստեղ բարձրանար՝ տես, է, մի քիչ ուշադիր թե նայես, էլ չեմ ասում՝  հեռադիտակով, ոչ մի հանցագործ աչքիցդ չի վրիպի… Կամ վերցնենք տարածքային կառավարման նախարարությունը, որը, չգիտես ինչու, դարձյալ Երևանում է նստած, փակված շենքերի կաղապարի մեջ, մի փողոց այն կողմ ոչ մի տարածք չի երևում: Մինչդեռ այստեղ բարձրանալու դեպքում Հայաստանի բոլոր տարածքները կբացվեն քո դեմ՝ կառավարիր ինչքան ուզում ես… Բայց ոչ մեկին այնքան անհրաժեշտ չէ այս բարձունքի վրա գտնվելը, ինչքան վարչապետին, որը պիտի տեսնի, չէ՞, թե ինչ տնտեսություն է ղեկավարում:  Որտեղի՞ց  է առավել պարզորոշ երևում մեր բյուջեի ահռելի ճեղքվածքն ամբողջությամբ, եթե ոչ Արագածի բարձունքից… Եվ հետո, մարդ զարմանում է, թե մեր ընդդիմադիր կուսակցություններն ինչպե՞ս գլխի չեն ընկել, որ Արագածի կատարն աննման տեղ է միտինգներ ու հանրահավաքներ անցկացնելու համար… Չէ՞ որ այս բարձունքից կարելի է դիմել ամբողջ հայ ժողովրդին, իսկ եթե օգտվես բարձրախոսից՝  նաև սփյուռքահայությանը՝ կառավարությանը տապալելու կոչերով, և ոչ թե մի քանի տասնյակ թոշակառուի՝ Ազատության քարուքանդ հրապարակում: Իսկ եթե ապահովությունն ու անվտանգությունն աչքի առաջ ունենալով, ԱԺ-ն իր բոլոր պատգամավորներով բարձրացնենք այստեղ, ապա ինքնաբերաբար՝  կազինոներ, բինգոներ, ռեստորաններ բացելու անհրաժեշտություն կառաջանա… Կարճ ասած, եթե իմ այս ծրագրերն ընդունվեն, և ես ընտրվեմ համայնքապետ, ապա մի այնպիսի եռուզեռ կսկսեմ այստեղ, մի այնպիսի աշխուժություն, որի համեմատությամբ Կենտրոն համայնքը գլուխը քարն է տվել…

[sharify]