28. ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Ամենևին պատահական չէր, որ խմբագրության սրահում ասեղ գցելու տեղ չկար՝ եկել էին բոլորը, նշանավորներն ու աննշանները, չէ՞ որ քննարկվում էր բոլորին հուզող մամուլի մասին օրենքի նախագիծը և բոլորն էլ հուզված էին ու վրդովված, թեև նրանցից և ոչ մեկը ծանոթ չէր օրենքի նախագծին: Բայց ծանոթ էին մեր իշխանություններին և համոզված էին, որ մյուսների նման սա էլ է վատը լինելու: Շատերը պարզապես տագնապի մեջ էին, որովհետև ականջներին հասել էր, թե իբր ըստ նոր օրենքի՝ մամուլում խաչբառ տպելը խստիվ արգելված է… Ինչևէ, որպես օրենքների տեղյակ մարդու, ձայնը տրվեց ՄԱԵՍՏՐՈՅԻՆ, և ահա թե նա ինչ պատմեց.

«Անցյալ դարասկզբին,- իր խոսքն սկսեց Մաեստրոն,- իմ գործընկեր Հովհաննես Թումանյանը կարծես գտել էր «Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին» հարցի համոզիչ պատասխանը՝  «Կինն ու գինին»: Անցել է, սակայն, ավելի քան 100 տարի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընթացքում հերոսը բաց և թափանցիկ ընտրություններով վերածվել է իշխանավորի, հետևաբար վերոհիշյալ պատասխանը ճշտումներ է պահանջում: Իմ մշակմամբ այն ստացել է մոտավորապես այսպիսի ձևակերպում. «Այո, թերևս դարձյալ կինն ու գինին, բայց՝ ոչ առանց մամուլի օգնության»…

Իզուր են ոմանք նսեմացնում մամուլի դերը ներկա գործընթացներում, իբր ոչ ոք թերթ չի կարդում, հասարակ ընթերցողն էլ հազիվ առաջին անհրաժեշտության՝ «Ռուկի վերխ», «Տրուսի վնիզ» և էլի այսօրինակ մի քանի բարձրարվեստ խմբերի տոմսեր է առնում, տակն էլ ինչ մնում է՝ տալիս է լոտոներին, իշխանություններն էլ իբր շան տեղ չեն դնում և այլն, և այլն: Իսկ ես վկայում եմ՝ լավ էլ շան տեղ են դնում: Իմ ներկայությամբ երկու պաշտոնյա (չկասկածելով, որ ինքս էլ մամուլի ներկայացուցիչ եմ) որոշեցին ձեռք քաշել ինչ-որ մութ գործարքից, երկյուղելով, թե լուրը լրագրողների ականջը կընկնի. «Շուն չհաչեցնենք», համաձայնության եկան նրանք: Դժվար չէ գուշակել, թե շուն ասելով ում ի նկատի ունեին վերոհիշյալ պաշտոնյաները:

Ի դեպ, տպաքանակի մասին: «Մեր ժամանակներում, – ասում են ոմանք՝ աչքի առաջ ունենալով խորհրդային տարիները,- թերթերը լույս էին տեսնում հարյուր հազարավոր օրինակներով… իսկ հիմա 2000, շատ-շատ՝ 3000 … »: Սա, ինչ խոսք, ակնառու փաստ է, որը հնարավոր չէ վիճարկել: Սակայն չպետք է մոռանալ մեկ այլ ակնառու փաստ ևս. այն տարիներին զուգարանի թուղթը բավականին թանկ էր 2-3 կոպեկանոց թերթի համեմատությամբ, իսկ ծավալը՝ գրեթե նույնը, և մամուլը սոցիալիզմի առաջավոր գաղափարներ տարածելուց զատ ծառայում էր նաև կոմունալ կենցաղային, հիգիենիկ այլ նպատակների:

Ի տարբերություն շատ-շատերի, մեր ժողովուրդը շարունակում է առաջվա պես կարդալ և հավատալ թերթերին:  «Առաջ լավ էինք ապրում»,- պնդում են տարեցները և հատկապես նրանք, ովքեր վատ են ապրել: «Չե՞ք հավատում,- ասում են նրանք,- կարդացեք այն ժամանակվա թերթերը»: Եվ հիրավի, այն ժամանակվա թերթերը մեր ժողովրդի միայն լավ կյանքի մասին էին գրում: Իսկ հիմա ճիշտ հակառակը: Այս առումով անկեղծ զրույց ունեցա հարևաններիցս մեկի հետ, որը տոմսերը գրպանում պատրաստվում էր ընտանիքով լքել Հայաստանը: «Եղբայր, – ասացի,- այն ցուրտ ու խավար տարիներին դիմացաք, հիմա ի՞նչ պատահեց»: «Էն ցուրտ ու խավարին,- պատասխանեց հարևանս,- մթության մեջ կուչ եկած, անհեռուստացույց ու անթերթ, բանից անտեղյակ ապրում էինք, չէինք էլ մտածում հեռանալու մասին, բայց երբ լույսերը տվեցին, սկսեցիքն հեռուստացույց նայել, թերթ կարդալ… ջաններս դող ընկավ, սարսափահար եղանք՝ տեղեկանալով, թե ինչ անտանելի կյանք ենք ապրում, մտածեցինք օր առաջ գլխներիս ճարը տեսնել: Այ ախչի,- հանկարծ գոռաց հարևանս երեխայի վրա, հազար եմ ասել՝ էդ անտեր լուսամուտները փակ պահեք… »: «Էս ամառվա շոգին լուսամուտներն ինչո՞ւ ես փակել տալիս,- զարմացա ես»: «Այ մարդ,- հարևանս արդեն իմ վրա սկսեց գոռալ,- դու երևում է ոչ թերթ ես կարդում, ոչ էլ հեռուստացույց ես նայում, թե չէ կիմանայիր, որ փողոցները լցված են զինված հարամիներով՝ հենց բաց լուսամուտ են տեսնում, նռնակներն անմիջապես շպրտում են ներս ու՝ էսօր ես սաղ մնացել, թե… »:

-Հա, էսպիսի բաներ,- ավարտեց խոսքը Մաեստրոն և ապա ավելացրեց: -Չմոռանամ տեղեկացնել, որ էսօրվանից գարուն է սկսվում, էնպես որ, զգույշ և ուշադիր եղեք՝ մոտենում են լուսամուտները բացելու ժամանակները:

Վերջում քննարկման մասնակիցները ընդունեցին ՀԱՅՏԱՐԱՐՈՒՅԹՈԻՆ, որը խստիվ դատապարտում է Սոլթ Լեյկ Սիթիի Ձմեռային Օլիմպիադայի մթնոլորտը թունավորող անարդար վերաբերմունքը, որից, մասնավորապես, տուժեց նաև Հայաստանի հավաքականը: Մերոնք ռեալ հնարավորություն ունեին գրավելու պատվավոր   27-րդ տեղը, սակայն անարդար դատավարության հետևանքով հայտնվեցին …28-րդում: Պետք է խոստովանել սակայն, որ մեր թիմի այս խայտառակ ետընթացում իր մեղքի բաժինն ունի նաև հավաքականի ղեկավարությունը, որը թիմի անդամներին չէր ապահովել նույնիսկ ամենաանհրաժեշտ դոպինգային դեղամիջոցներով:

Օգտվելով առիթից Մաեստրոն մեզ տրամադրեց գարնանամուտին և մամուլի օրենքին առնչվող իր նոր անտիպոեզիայի նմուշը՝ 16 տող:

 

 

ՄԱԵՍՏՐՈ

 

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

(Մամուլի մասին օրենքի նախագծի առնչությամբ)

Գարուն է նորից, զարթոնք և լույս տաք,

ծփում է հոգիս, քունս չի տանում,

շներ, կատուներ պատուհանիս տակ

ամոթ է ասել, թե ինչ են անում…

 

Նույնն է վիճակը ծառերի վրա

ու տանիքներին՝ ծղրտոց ու վեճ…

Չկա էլ մեկը՝ հարցնի դրանց,

ո՞րն է իմաստը այդ շուխուռի մեջ:

 

Աշխատատե՞ղ են բացում գուցե նոր

կամ թե՝ բյուջե՞ն են լցնում ճաքճքած…

Տարվել են իրենց նեղ անձնականով,

մեր հոգս ու դարդի վրա էլ՝ թքած…

 

Չորսդին վայնասո՜ւն, կլանչո՜ց, ոռնո՜ց…

Ասում էինք, ախր, շուն՝ շան որդիներ,

հեռուստացույցով բա էսքան պոռնո

ցույց տալու վերջն էլ սա պիտի լիներ…

 

[sharify]