5. ՔԱՋ ՆԱԶԱՐԸ ԳՆՈՒՄ Է ԱՐՑԱԽ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

ՔԱՋ ՆԱԶԱՐԸ ԳՆՈՒՄ Է ԱՐՑԱԽ՝ ՆՇԵԼՈՒ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՔԱՋ ՆԱԶԱՐԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԿԼԱՐԱ ՑԵՏԿԻՆԻՆ, ՌՈԶԱ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻՆ, ՈՒՍՏԻԱՆԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐ ՆԱԽԿԻՆ, ՆԵՐԿԱ ԵՎ ԱՊԱԳԱ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՄԱՂԹՈՒՄ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻՆ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔԻ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ

Բանտադեմի միտինգը եզրափակվեց իշխան Սաքոյի ելույթով: Նա հանդիսավորությամբ կանգնեց Քաջ Նազարի կողքին, ձեռքը դրեց նրա ուսին և հուզմունքից խզված ձայնով գոռաց.

– Հարգելի՜ սեղանակիցներ…- ամբոխի միջից փռթկոցներ ու զսպված ծիծաղի ձայներ լսվեցին: Առանց գլուխը բարձրացնելու և միայն իշխան Սաքոյին լսելի ձայնով Քաջ Նազարը բռբռթաց. «Այ տղա, վետերոկում չես, սեղանակի՞ցս որն է»:

– Մալադե՜ց, քյոփօղլի,- հիացմունքով բացականչեց Խունկիանոսը:

– Այդ ի՞նչ էր՝ ասացիք,- խեթեց նրան մի մորուքավոր լրագրող:

– Հեչ, հուզված ժամանակ գրաբար եմ խոսում,- ասաց Խունկիանոսը:

– Իյա՜, «մալադեցը» գրաբա՞ր է,- զարմացավ մորուքավորը:

– Բա ի՞նչ զարհումար է,- ջղայնացավ Խունկիանոսը,- «մալադեցն» էլ է գրաբար, «քյոփօղլին» էլ: Թող լսենք մարդն ի՞նչ է ասում:

Իշխան Սաքոն շարունակեց:

– Ուրեմն, հարգելի սեղանակիցներ, մեր ազիզ ախպերն այսօրվանից մեր թիկունքին կանգնած է, իմացած եղեք, որ մեզ էլ խանգարող չի լինի, գիտեք չէ՞- որ մին զարկի, ջարդի հազար, այսինքն հիմիկվա ինֆլյացիայի պայմաններում հազարն ի՞նչ է, որ… Հիմի որ զարկի, վայ թե միլիոնից անցնի… Ասելս ի՞նչ է, որ մեր հերոսն այսօրվանից ժողովրդի պաշտպանությունն իր ձեռքն է վերցնում ու հենց այստեղից ու հենց այս պահին թուրը քաշելու է ու էշը քշելու է դեպի Արցախ…

Նազարն այս խոսքի վրա խիստ գունատվեց, դեմքը քաթանի գույն ստացավ, ու քիչ մնաց էշի վրայից անզգայացած տապալվեր գետնին: Իշխան Սաքոն ճիշտ պահին գրկեց նրան ու ականջին շշնջաց. «Նազար ջան, ձայն չհանես, ես գիտեմ ինչ եմ անում, դու քեզ պինդ պահիր, մեզ խայտառակ չանես»…

– Դեպի Արցա՜խ, դեպի հերոսամա՜րտ, կորչի թշնամին…- վանկարկեց ամբոխը:

Մորուքավոր լրագրողը մոտեցավ Նազարին, հանդիսավորությամբ ծունկի իջավ նրա առաջ, համբուրեց էշի ճակատն ու ոտքի ցատկելով, շրջվեց դեպի ամբոխն ու գոռաց.

– Ճամփա տվեք Նազարին, ջարդի հազար-հազարին:

Ամբոխը միաբերան որոտաց. «Ճամփա՜, ճամփա՜»:

Սակայն իշխան Սաքոն ձեռքը վեր պարզեց ու լռություն պահանջեց.

– Սիրելի սեղանակիցներ, մեր հերոսն, իհարկե, կգնա թշնամուն կկոտորի ու հետ կգա: Բայց մենք ի՞նչ է, նրան պիտի էսպես դատարկ ձեռքո՞վ ուղարկենք: Հիմա էլ էն առաջվա կռիվը չի, այ մարդ, տանկի ու թնդանոթի դեմ էշով ու թրով չես կռվի, զենք է հարկավոր, փամփուշտ, իսկ էդ անտերները ճարելու համար փող է հարկավոր, շատ մեծ փող… Մեզանից ի՞նչ է անցնում, բա մենք հենց հիմա չե՞նք կարող մի քանի միլիոն  հավաքել, տանկից-բանից առնել, տալ էս մարդու ձեռքն ու ասել՝ փողը մեզանից, կռվելը քեզանից…

– Մալադեց քյոփօղլի,- ցնծագին բացականչեց մորուքավոր լրագրողը: -Ինչպիսի սքանչելի վերնագիր. «Մեր հազարը Նազարին, գնա ջարդի հազարին…»:

Իշխան Սաքոն մոտ կանչեց Ղոռոբուղային և ասաց.

– Սրտանց շնորհավորում եմ, այսօրվանից դու միաձայն ընտրվում ես ՆՕՖ-ի նախագահ:

– ՆՕՖ-ն ի՞նչ մեղքս էր…

– Նազարի օգնության ֆոնդ…Վերցրու այս պարկն ու անցիր փող հավաքելուն:

Կարճ ժամանակ անց Ղոռուբուղան վերադարձավ մի պարկ լիքը թղթադրամով:

– Դե, Քաջ Նազար, առաջնորդիր ժողովրդին ի մարտ՝ դեպի Արցախ…Առա՜ջ, ժողովուրդ իմ քաջ:

Քաջ Նազարն էշով առջևից, ետևից իշխան Սաքոն, Ուստիանը, Ղոռուբուղան, Խունկիանոսը, ապա ամբոխը շարժվեցին քաղաքի փողոցներով: Երկար գնացին թե կարճ, Աստված գիտե, բայց մի խուլ փողոցում իշխան Սաքոն շրջվեց դեպի ամբոխն ու հանդիսավորությամբ ասաց.

– Դե, սիրելի սեղանակիցներ, դուք այստեղից արդեն կարող եք հանգիստ խղճով, խաղաղ սրտով վերադառնալ ձեր տները: Իսկ մենք, Նազարի երկարամյա մտերիմներս, կառաջնորդենք մեր հերոսին…Իսկ առավոտյան հետևեցեք վերջին լուրերին և կիմանաք, թե թշնամին ինչ ջարդ է կերել: Դե, մնացեք բարյավ:

Երբ ամբոխը մնաց ետևում, Քաջ Նազարը ջղայնացած շրջվեց  իշխան Սաքոյի կողմն ու գոռաց.

– Տո, հարամզադա, մյուսները չէ, դու հո գիտե՞ս, որ երբ թագավոր դարձա, հրովարտակ արձակեցի, որ Նազարն էլ պատերազմ գնացողը չի, որ ես խաղաղության կողմնակից եմ… Հիմա իմ խոսքը ո՞նց գետնով տամ, ես, ախր, սկզբունքային իգիթ եմ:

– Այ մարդ, դու էշդ քշիր, – բարեհոգի ժպտաց Սաքոն: Հիմա, այ էս փողոցն էլ անցնենք, կիմանաս թե ինչ Արցախ եմ քեզ տանում…

– Համենայն դեպս, հսկաներին ասա՝ թող առաջ ընկնեն, էդ անտեր թշնամիները մունդառ բնավորություն ունեն՝ չեն հարցնում՝ իգիթ ես, իգիթ չես, հարձակվում են:

Երբ փողոցը թեքվեցին, համարյա քաղաքի ծայրին էին հասել, մի վիթխարի շինություն դուրս եկավ նրանց դեմ՝ լույսերով ու երաժշտությամբ, համադամ կերակուրների բույրերով ողողված:

– Հասանք,- համդիսավորությամբ ասաց իշխան Սաքոն: Եվ տեսնելով ընկերների տարակուսած հայացքները, ջղայնացած ավելացրեց,- ասացի՝ հասանք, հիմա կմտնենք էստեղ ու…

– Այ տղա,- ասաց շվարած Ուստիանը,- էս հո ռեստորան է:

– Հա, բա էս ազիզ օրով ուզում էիր քեզ ու մեր տանջված ընկերոջն ուսանողական բուֆե՞տ տանեինք:

– Իսկ էդ ի՞նչ ազիզ օր է:

– Այ մարդ, բա դա բացատրելու բա՞ն է: Էսօր ամսի քանի՞սն է,- սուտ բարկացավ իշխան Սաքոն,- Խունկիանոս, դու էլ հո գրագետ մարդ ես, բացատրիր սրանց, թող հասկանան, թե էսօր ի՞նչ օր է:

– Էսօր մարտի ութն է: Ուստիան ջան, քո տոնը, իսկ սա էլ ռեստորան է: Տեսեք, ռեստորանի ճակատին մեծ-մեծ տառերով ի՞նչ է գրված: Ա-Ր-Ց-Ա-Խ,- հեգելով կարդաց Խունկիանոսը,- այ սավսեմ մալադեց, քյոփօղլի Սաքո:

– Բա ի՞նչ էիք ուզում, կանանց միջազգային տոնը ռազմաճակատո՞ւմ անցկացնեինք: Բա Կլարա Ցետկինը որ իմանա ի՞նչ կասի:

– Լավ,- ասաց Քաջ Նազարը, իբր թե նեղանալով,- ես ձեզ հետ ռեստորան կմտնեմ մենակ մի պայմանով, որ առաջին բաժակով մենք խմենք Կլարա Ցետկինի ազիզ կենացը:

– Հրաշալի է,- ինքնագոհ ժպտաց իշխան Սաքոն,- Ղոռուբուղա, փողի պարկը դեսը տուր… Դե, հարգելի սեղանակիցներ, մտեք ներս, հիմա կրակոց-տրաքոցով մի այնպիսի քեֆ անենք, որ Կլարա Ցետկինը մեռած տեղը շուռումուռ գա, Ռոզա Լյուքսեմբուրգն էլ հետը:

 

ՔԱՋ ՆԱԶԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

Հաշվի առնելով իրավահավասարության ասպարեզում Ուստիանի ձեռք բերած նվաճումներն առ այն, որ նա տղամարդկանց հետ հավասար խաշ է ուտում,  խմում-հարբում է և տեղի-անտեղի տուրուդմփոցներ է սարքում՝ ուղեկցելով դրանք այլանդակ հայհոյանքներով և ի նշանավորումն կանանց միջազգային օրվա, հրամայում եմ. ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ՈՒՍՏԻԱՆԻՆ ՌՈԶԱ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ԿՈՉԵԼ ԿԼԱՐԱ ՑԵՏԿԻՆԻ ԱՆՎԱՆ: ԵՎ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՆՐԱՆ ՀՈՐՋՈՐՋԵԼ՝ ԿԼԱՐԱ ՑԵՏԿԻՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՏԻԱՆ:

[sharify]